Սեփական տարածքից օտարված
1999թ. Նոր Նորքի համայնքում, 1-ին զանգվածի 61/62 շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքի 50 քմ-ն տրվում է ռուսալեզու թերթերի («ՀԸ», «թԸ», «Լրաբեր» հեռուստահաղորդում) լրագրող, հրապարակախոս Բորիկ Ղազարյանին: Նա նախկինում նաեւ բռնցքամարտի ԽՍՀՄ չեմպիոն էր, բայց ավտովթարից հետո ընդհատեց մարզական իր թռիչքը եւ Ռուսաստանից վերջնականապես հաստատվեց Հայաստանում: Երկար տարիներ նա բնակվում էր «Գոլոս Արմենիի» խմբագրության իր աշխատասենյակում:
Նոր Նորքի վերոհիշալ տարածքը Բ. Ղազարյանին հատկացվել էր Նոր Նորքի նախկին թաղապետ Մկրտիչ Մինասյանի 302 որոշմամբ: Բ. Ղազարյանը չկարողացավ տնօրինել այդ տարածքը, քանի որ այն ինքնակամ տնօրինում էր Անահիտ Էլոյանը: Թաղապետարանը մի քանի անգամ դիմեց դատարան՝ Ա. Էլոյանին տարածքից վտարելու պահանջով, հաղթեց դատարանում, սակայն Էլոյանը շարունակեց զբաղեցնել տարածքը: Չնայած Էլոյանը զբաղեցնում էր նշված տարածքը, սակայն այն համարվում էր Նոր Նորք համայնքի սեփականությունը: Բ. Ղազարյանը դիմեց ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով՝ այն ժամանակ, երբ տեղեկացավ, որ նշված տարածքը ավագանին «ուղղակի վաճառքի եղանակով» տվել է Ա. Էլոյանին՝ որպես անձնական սեփականություն: Ի դեպ, համաձայնությունը ավագանին ձեւակերպել էր այսպես. «Նոր Նորք համայնքին սեփականության իրավունքով պատկանող Նոր Նորքի 1-ին զանգվածի 61/62 շենքի առաջին հարկի արվեստանոց հանդիսացող ոչ բնակելի տարածքի օտարման մասին»: Ա. Էլոյանն իր հերթին տարածքը վաճառում է Ռուբիկ Հովհաննիսյանին: Վաղամեռիկ թաղապետ Դավիթ Պետրոսյանը վիճելի հարցի մասին նույնպես տեղեկացվել էր եւ ակնարկել էր, որ վիճելի տարածքի վերաբերյալ Բորիկ Ղազարյանը փաստաթուղթ, պայմանագիր չի կնքել: Մեր տրամադրության տակ գտնվող 28.10.99թ. թիվ 302 որոշման համաձայն, Նոր Նորքի թաղապետը տարածքը հատկացրել է լրագրող Բորիս Ղազարյանին՝ գրասենյակ հիմնելու համար: Ըստ այդ որոշման, թույլատրվել է, օրենսդրության սահմանված կարգով, Բ. Ղազարյանի հետ կնքել տարածքի վարձակալության պայմանագիր, իսկ առանց Բ. Ղազարյանի չէր թույլատրվում տարածքում վերակառուցման աշխատանքներ կատարել: 40 տարվա լրագրող Բ. Ղազարյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ հավելեց նաեւ, որ, բացի այդ որոշումից, նույն համայնքի ավագանին «հարգելով վաստակս՝ տվյալ տարածքը նվիրատվության կարգով հատկացրեց ինձ»: Սակայն այս թաղապետարանում կորել է այս նվիրատվության փաստաթուղթը եւս: Ի դեպ, հարկ է նշել, որ թաղապետարանի մի քանի աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործեր կան:
67-ամյա լրագրողին հանգուցյալ թաղապետը մահվանից առաջ առաջարկել էր ուսանողական հանրակացարանի 22 քմ զուգարանը վերանորոգել եւ բնակվել: Լրագրողը դիմել է հանրապետության նախագահին, հիշեցնելով, որ պաշտպանության նախարար եղած ժամանակ Ստեփանակերտում եւ Հորադիզում նրա հետ «հարցազրույցներ վարած լրագրողն» է: Իր խնդրանքն է կամ իր տարածքը տալ իրեն, կամ մեկ այլ տարածք՝ բնակվելու համար, քանի որ մինչ օրս Բ. Ղազարյանը բնակվում է վարձով: