«Քաղաքապետարանից պրծա, հիմա էլ ընկել եմ կադաստրի դռները: Պարզվում է՝ տարիներով տնօրինած տունը սեփականաշնորհելը բավականին բարդ գործընթաց է: Կադաստրի աշխատակիցները չափումներ են կատարել եւ իրենց ուզած թիվն են գրել»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էր դիմել Արամ Ենոքյանը: Երբ Երեւանի քաղաքապետարանը վերջապես թույլ է տվել տունը սեփականաշնորհել եւ մնում էր ընդամենը Կադաստրի պետական կոմիտեի չափագրումները կատարել ու վկայականը ստանալ, Արամ Ենոքյանը կրկին խնդրի առջեւ է կանգնել: Բանն այն է, որ կադաստրի կատարած չափագրումները չեն համապատասխանում իր ձեռքի տակ եղած հատակագծին: Ըստ Ա. Ենոքյանի, Սեւանի փողոցի 1-ին նրբանցքի 1/1 տան հատակագծով սահմանված է 90.7 քմ, որը նաեւ քաղաքապետարանի փաստաթղթերում է նշված, սակայն վերջերս Անշարժ գույքի կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանումից տեղեկացրել են, որ չափագրումներից պարզվել է, որ ընդամենը 70.5 քմ է: «Երբ Էրեբունու կադաստրից փորձեցի պարզել, թե ինչու մոտ 20 քմ-ն չեն ներառել, ինձ պատասխանեցին, որ 2003-ին կատարած չափումների ժամանակ այդ հատվածը սահմանազատված չի եղել, ուստի դա չեն ներառել սեփականաշնորհման ենթակա տարածքի մեջ: Բայց ես այդ հատվածում մի քանի մետրանոց սյուներ էի տեղադրել՝ որպես սահմանազատում, բացի այդ, չափագրումների ընթացքում ոչ ոք ինձ չի տեղեկացրել, որ պետք է սահմանազատեի, ասենք, մետաղյա ցանցով»,- դժգոհեց Ա. Ենոքյանը: Նրա՝ մի շարք բողոքներից հետո կադաստրի կենտրոնական գրասենյակի աշխատակիցները հավելյալ ստուգումներ են կատարել, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ չսահմանազատված տարածքը ոչ թե 20 քմ է, այլ՝ 27. «Այսինքն, 2003-ին Էրեբունու աշխատակիցները, որ չափել են, այդ 7 քմ-ն էլ սահմանազատված չի եղել, բայց դա անտեսել են ու իբր բարի կամք՝ 20 քմ են նշել: Այսինքն, ոնց ուզել, այնպես էլ գրել են: Իսկ եթե օրենքով էին շարժվում, թող հենց 27 քմ գրեին: Այսինքն, ի սկզբանե չափագրումները խախտումներով են եղել, ու գլխիս սարքել են»:
Ա. Ենոքյանն այս առնչությամբ դիմել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: Այսօր նրան պատասխանելու ժամկետը լրանում է: