Ավելորդ քաշից ազատվելու համար երիտասարդ աղջիկներն ինչի ասես որ չեն դիմում
«Ես միշտ թմբլիկ երե խա եմ եղել, բայց երբ 15-16 տարեկան էի, քաշս սկսեց ինձ անհանգստացնել: Կոմպլեքսավորվում էի իմ տեսքից, չէի կարողանում ինձ դուր եկած հագուստը կրել: Սկսեցի տարբեր սննդակարգերի միջոցով նիհարել: Երկու ամսում 65 կիլոգրամից դարձա 43: Այնուհետեւ սկսեցի հետեւել սննդիս, որպեսզի հանկարծ նորից չգիրանամ: Այնքան սկսեցի չուտել, որ օրգանիզմս դրան կարծես թե սկսեց սովորել: Եվ եթե հանկարծ մի փոքր ուտում էի՝ անմիջապես սրտխառնուք էր առաջանում եւ ողջ կերածս փսխում էի: Ծնողներս սկսեցին անհանգստանալ, հետեւում էին, որ նորմալ սնվեմ, բայց ոչինչ չէր ստացվում: Այնքան էի նիհարել, որ կաշիս ու ոսկորս էր մնացել: Նույնիսկ այն կերակուրները, որ մի ժամանակ շատ էի սիրում, արդեն միայն զզվանք էին առաջացնում: Ինձ թվում էր, որ եթե անգամ մի չնչին բան ուտեմ, նորից կգիրանամ: Ի վերջո, ինձ հիվանդանոց պառկեցրին: Հիմա արդեն մի քանի ամիս է՝ բուժվում եմ եւ փորձում եմ քիչ-քիչ ուտել, վերականգնվել»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 21-ամյա Սաթենիկը:
Մասնագետների մեկնաբանմամբ, դա ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական խնդիր է: Այդ երեւույթը կոչվում է անորեքսիա-բուլեմիա. այսինքն՝ բժիշկների խոսքերով, անորեքսիկները ինքնաընկալման խանգարումներ ունեն եւ ակնհայտ փաստը՝ կապված իրենց մարմնի չափսերի հետ՝ այլ կերպ են ընկալում: Մեզ հետ զրույցում հոգեբան Նարե Գրիգորյանը պարզաբանեց. «Իրականում նրանք նիհար են, բայց նրանց թվում է, թե շատ գեր են: Ուտելուց հետո առաջացող սրտխառնուքը եւ փսխելու պահանջն արդեն բուլեմիայի դրսեւորումն է: Ընդ որում, սրտխառնուքը կարող է ինչպես ինքնաբերաբար առաջանալ, այնպես էլ նրանք կարող են արհեստականորեն այն առաջացնել: Սակայն նույնիսկ բնականորեն առաջացող սրտխառնուքը ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան երեւույթ է»: Ն. Գրիգորյանի խոսքերով, սրանք ստանդարտ խանգարումներ են, որոնց դրսեւորման ձեւերը բոլորի մոտ նույնն են, սակայն խիստ անհատական են դրանց առաջացման պատճառները. «Այս հիվանդությունները հիմնականում ի հայտ են գալիս հոգեկան տրավմաների արդյունքում եւ դրանով հիվանդները հաճախ նաեւ հիստերոիդ նոպաներ են ունենում: Եվ թեպետ դրա բուժման համար մեզանում դեղորայքային միջոցներ են կիրառվում, սակայն խիստ անհրաժեշտ է անցկացնել նաեւ հոգեթերապիա՝ այդ տրավմաների պատճառները գտնելու եւ դրանք հաղթահարելու համար»:
Մեզ հետ զրույցում 30-ամյա Լուսինեն պատմեց. «Ես 5 տարեկանից զբաղվում եմ բալետով: Դեռ մանկության տարիներից բալետի պարուհիները ստիպված են լինում իրենց զրկել շատ եւ շատ կերակուրներից՝ քաշը պահպանելու համար: Նույնիսկ 1 ավելի կիլոգրամը մեր պարագայում կարող է որոշիչ լինել: Մենք շատ քիչ ենք ուտում, իսկ երբ մեզ թվում է, որ չափից շատ ենք կերել, արհեստական սրտխառնուք ենք առաջացնում եւ մեր ողջ կերածը փսխում ենք: Տարիներ շարունակ ես այդպես եմ ապրել: Երբ նույնիսկ մի խնձոր էի ուտում, ինձ հայելու մեջ նայելիս թվում էր, թե փորս մեծացավ, գիրացա: Այդ ամենի արդյունքում ես շատ նյարդային էի, նույնիսկ խնջույքների էի խուսափում մասնակցել, քանի որ սեղանի շուրջ բոլորի ուշադրության առարկան իմ չուտելն էր: Արդեն 1,5 տարի է, ինչ թողել եմ բալետը, բայց այդ հիվանդությունն ինձ դեռ տանջում է: Ես այլեւս խնդիր չունեմ քաշս պահպանելու, բայց մինչեւ հիմա, երբ ուտում եմ, անկախ իմ կամքից սիրտս խառնում է եւ հաճախ ստիպված եմ լինում կերածս փսխել»: