«Հայէլցանցերը» որոշել է բնակիչների հետ անօրինական գործարքների մեջ մտնող տեսուչներին «մաղել»
Այս օրերին մայրաքաղաքի շատ թաղամասերում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր նախաձեռնությամբ բաժանորդների նախկին հաշվիչներն ապամոնտաժում է եւ փոխարենը երկսակագնային հաշվիչներ է տեղադրում: Սա բնակչության շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել, որովհետեւ, վերջիններիս համոզմամբ, այդ հաշվիչներն աշխատում են հօգուտ «Հայէլցանցերի» եւ սխալ ցուցմունք են արձանագրում: Հակառակ դեպքում, ըստ բնակիչների, ընկերությունը դրանք անվճար չէր բաժանի: Ընդամենը մի քանի տարի առաջ այդ հաշվիչները վաճառվում էին բաժանորդներին 5900 դրամով, իսկ հիմա դրանց համատարած տեղադրումը եւ բնակչությանը պարտադրումը՝ մի շարք կասկածների տեղիք է տալիս:
Նախ, ի տարբերություն նախկին՝ ինդուկցիոն հաշվիչների, էլեկտրոնային հաշվիչները ֆիքսում են անգամ ամենաթույլ լամպի ծախսած էլեկտրաէներգիան: Շատ հայ ընտանիքներ, օրինակ, սովորություն չունեն քնելուց առաջ հեռուստացույցն անջատել լարից, այդ դեպքում, թեեւ հեռուստացույցն անջատած է, բայց էլեկտրոնային հաշվիչները արձանագրում են նույնիսկ հեռուստացույցի վրա վառվող կարմիր լույսի ծախսած էներգիան, որը ամսական կտրվածքով միջին եկամուտով ապրով ընտանիքի գրպանի համար զգալի գումար է կազմում: Բացի այդ, երկսակագնային հաշվիչների տեղադրումը ձեռնտու չէ հատկապես այն բաժանորդներին, ովքեր մշտապես համագործակցում են տեսուչների հետ ու որոշակի «մաղարիչի» դիմաց հաշվիչները հետ-առաջ են տալիս: Նոր հաշվիչները հնարավոր չէ կանգնեցնել ու հետ տալ: Չի բացառվում, որ «Հայէլցանցերը» էլեկտրոնային հաշվիչներ տեղադրելով՝ պարզապես ուզում է ազատվել «մախինացիաներ անող» եւ բնակիչների հետ անօրեն գործարքների մեջ մտնող տեսուչներից եւ ողջ վերահսկողությունն իր ձեռքը վերցնել:
Այս առնչությամբ, «Հայէլցանցեր» ընկերությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ երկսակագնային հաշվիչների տեղադրումն իսկապես էներգիայի ծախսի առավել ճշգրիտ հաշվառման հնարավորություն է տալիս, քանի որ ինդուկցիոն հաշվիչների թույլատրելի շեղումը կազմում է 2.5%, իսկ էլեկտրոնային հաշվիչներինը՝ մինչեւ 1%: Ընկերությունն ուզում է էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգ ներդնել՝ առավել պրոբլեմային տարածքներում վերահսկողություն իրականացնելու համար:
«Հայէլցանցերի» տրամադրած տվյալներով, ներկայումս 214 հազարից ավելի բնակիչ-բաժանորդներ արդեն ունեն բազմասակագնային հաշվիչներ: Ընկերության ներկայացմամբ՝ այդ հաշվիչների տեղադրումն իրականացվում է պիլոտային ծրագրերով, եւ միայն այդ է պատճառը, որ բնակիչներն այդ հաշվիչների համար գումար չեն վճարում. «Մնացած բոլոր դեպքերում բնակչի ցանկությամբ հաշվիչի փոխարինումը երկսակագնային հաշվիչով՝ կատարվում է համապատասխան բանկային վճարումից հետո, որի գումարը փոխհատուցվում է 1 տարի անց՝ գիշերային սակագնի հաշվին»:
Լուրեր են շրջանառվում, որ երկսակագնային հաշվիչներից շատերը «դեֆեկտ» ունեն ու տեղադրելուց հետո շատ դեպքեր են լինում, երբ սխալ ցուցմունք են ցույց տալիս: Դրա համար էլ հաշվիչների վերականգնման լաբորատորիայում կուտակումներ են առաջանում: Երբ «Հայէլցանցերից» հետաքրքրվեցինք՝ դրանք ո՞ր երկրի արտադրանքն են, որակի հետ կապված խնդիրներ կա՞ն, ընկերությունից վստահեցրին, որ՝ ոչ. «Հաշվիչների խափանումների հաճախականությունը թույլատրելի տոկոսի մեջ է: Իսկ հաշվիչների վերանորոգման գործընթացը շարունակական պրոցես է: Այս պահին այն նորմալ աշխատանքային ընթացքում է, եւ լաբորատորիաներում հաշվիչների կուտակումներ չունենք»:
Շատ բնակիչներ դժգոհում են, որ տեսուչը չի արձագանքում հաշվիչի սխալ ցուցմունքի հետ կապված իրենց բողոքներին եւ այն չի փոխարինում նորով: Մինչդեռ «Հայէլցանցերից» վստահեցրին, որ բնակիչը կարող է պահանջել ու տեսուչի հետ իր հաշվիչը տանել՝ լաբորատոր եզրակացություն ստանալու. «Լաբորատոր եզրակացությունները կատարվում են բոլոր շահագրգիռ կողմերի պարտադիր ներկայությամբ, եթե հաշվիչը համապատասխանում է իր տեխնիկական պայմաններին, ապա միայն այդ դեպքում է, որ այն նույնությամբ տեղադրվում է համապատասխան հասցեում եւ հաշվիչի փոխարինում չի իրականացվում»:
Հաշվի առնելով, որ երկսակագնային հաշվիչները ձեռնտու չեն նաեւ տեսուչներին, որոնք բնակիչների հետ անօրինական գործարքների մեջ մտնելով՝ զրկվում են իրենց ստվերային եկամտից, չի բացառվում, որ երկսակագնային հաշվիչների դեմ բնակչության բարձրացրած բողոքի ալիքը հրահրում են հենց նրանք:
Այս տարվա ընթացքում «Հայէլցանցերը» բնակիչներից 117 դիմում-բողոք է ստացել, որ այս կամ այն տեսուչը փոխել է իր հաշվիչի ցուցմունքը: Ընկերությունը բողոքներից թվով 4-ի նկատմամբ դեբիտորական պարտքի վերահաշվարկ է կատարել՝ հօգուտ բաժանորդների: Բացի այդ, 13 անբարեխիղճ աշխատողների ընկերությունն է հեռացրել աշխատանքից, 104 տեսուչի նկատմամբ էլ կիրառել է վարչական տույժեր: