Այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 3,4% ընդհանուր գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով, սեպտեմբերին հաջորդել է 0,7% գնաճ:
Պարենային ապրանքների գները 2009-ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատությամբ, աճել են 0,2%-ով, ինչն էլ կապված է ձվի եւ շաքարավազի 3,6-7,7% թանկացման հետ: 2009-ի սեպտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 26,4% գնանկում, իսկ 2009-ի օգոստոսի համեմատությամբ՝ 0,2% գնաճ:
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատությամբ, շուկայում գրանցվել է 1,2% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2,8% եւ 3,7% գնաճը:
Աղբյուրի փոխանցմամբ, բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրված սակագների 1,2% հավելաճը հիմնականում պայմանավորվել է կրթության համակարգի 6,9% (կապված բուհերի եւ մանկապարտեզների վարձավճարների՝ համապատասխանաբար 8,1% եւ 8,4% թանկացման հետ) եւ հանգստի կազմակերպման 2,2% ծառայությունների սակագների հավելաճով: Բուժսպասարկման, կենցաղային բնույթի եւ տրանսպորտի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են, համապատասխանաբար, 0,2-0,8%-ով: