Ասիական զարգացման բանկը հաստատել է Հայաստանին 500 մլն դոլարի տրամադրման վարկային համաձայնագիրը: Գումարը նախատեսված է Հայաստանի հարավային եւ հյուսիսային սահմանները կապող՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ֆինանսավորման համար:
Վարկի առաջին մասնաբաժինը կլինի 60 միլիոն դոլարի չափով, որը կուղղվի Երեւան-Աշտարակ մայրուղու 18 կիլոմետրանոց հատվածի վերանորոգմանը: Այս ճանապարհահատվածի վերանորոգման համար Հայաստանի կառավարության կողմից կներդրվի $10 միլիոն:
Վարկը Հայաստանին տրամադրվում է 32 տարի ժամկետով, որից 8-ը՝ արտոնյալ ժամանակահատվածով: Այսինքն, այդ տարիների համար վարկի տոկոսադրույքը կկազմի 1%, իսկ հետագա տարիներին ավելի բարձր՝ 1,5%:
Նշենք, որ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ֆինանսավորման ընդհանուր արժեքը 962 մլն դոլար է: Ծրագրի մյուս մասի ֆինանսավորմանը կմասնակցեն նաեւ Հայաստանի կառավարությունն ու այլ ներդրողներ: