Լրահոս
Օրվա լրահոսը

Վախենում է թուրքերի առաջարկներից

Հոկտեմբեր 01,2009 00:00

Այսօր հայ-թուրքական հարաբերությունների, նախաստորագրված Արձանագրությունների մասին խորհրդարանական լսումներ են լինելու: Երեկ «Դուպլեքս» ակումբում այդ առնչությամբ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Արձանագրությունները կոմպրոմիսային են ու պետք է հասկանալ, որ Թուրքիան էլ իր հերթին կարող է առաջարկություններ անել. «Այս կոմպրոմիսը ձեռք է բերվել տարիներ շարունակ ընթացող բանակցությունների արդյունքում, ինչպես նաեւ նախորդ տարվա ռուս-վրացական հակամարտությունից հետո: Ես մեծ վախ ունեմ, որ եթե մեր կողմից պետական մակարդակով լրացումներ առաջարկվեն, ապա, անխուսափելիորեն, նման առաջարկներ կառաջանան նաեւ թուրքական կողմից, որը մեզ կբերի ապրիլի 22-ից առաջ եղած շրջանին: Մեզ էլի կհեռացնի այդ խնդրի լուծումից: Չգիտեմ, թե դրանից որքան կշահեն Հայաստանը, Թուրքիան, բայց որ Ադրբեջանը մեծապես կշահի, դա փաստ է»: Գ. Մինասյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական լսումներին փորձագետներ են լինելու նաեւ արտերկրից. «Մեզ համար շատ հետաքրքիր է նաեւ նրանց կարծիքը, որովհետեւ մի բան է խոսել մարդկանց հետ, որոնք ապրում եւ գործում են Հայաստանում, այլ բան է խոսել մարդկանց հետ, որոնք շփվում են ոչ միայն հայկական, այլեւ միջազգային քաղաքական շրջանակների հետ»:

Խոսելով պետբյուջեի եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին, Գ. Մինասյանը վստահեցրեց, որ ճգնաժամը մոտենում է իր տրամաբանական ավարտին. «Շատ կանխատեսողներ կան, որոնք պնդում են, որ 4-րդ եռամսյակում համաշխարհային տնտեսական ճգնաժամն այլեւս չի խորանա: Ինչպես միջազգային շուկաներում եկող տարի կլինի շատ ավելի հաջող, քան այս տարի, այդ առումով նաեւ Հայաստանում մենք կունենանք տնտեսական աճ՝ այս տարվա իրական ցուցանիշների նկատմամբ»:

Բյուջեն էլ, ըստ պարոն Մինասյանի, լինելու է իրատեսական: Խոսելով դոլարի արժեւորման շուրջ պտտվող լուրերի մասին՝ Գագիկ Մինասյանն ասաց. «Չեմ բացառում, որ առաջիկայում, ինչպես աշխարհի մյուս բոլոր երկրներում, կլինեն դոլարի նկատմամբ ազգային վալյուտաների փոփոխություններ, սակայն դա կլինի կանխատեսելի սահմաններում: Այդպիսի խնդիրներ կլինեն նաեւ Հայաստանում՝ կապված վարկային միջոցների ներհոսքի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել