Ըստ ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանի, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում տեղական արտադրանքի սպառման հույսը պետք է դնել միայն Թուրքիայի հայկական գաղթօջախի վրա:
Սեպտեմբերի 1-ին հրապարակված հայ-թուրքական Արձանագրություններն ու ժամանակացույցը դարձան ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ հասարակությանը մտահոգող կարեւոր խնդիրներից մեկը: Տասնյակ այլ հարցերի թվում քննարկման թեմա դարձավ նաեւ հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը:
Բնականաբար, սահմանի բացմանը առնչվող հարցերը խիստ մտահոգում են նաեւ, առաջին հերթին, գործարարներին, որոնցից ոմանց կարծիքով՝ սահմանի բացման դեպքում տեղական արտադրողը կտուժի, ոմանք էլ վստահ են, որ հակառակը՝ կուժեղանա մրցակցությունը, ինչն էլ կնպաստի տնտեսության զարգացմանը: «Առավոտը» պարբերաբար անդրադառնում է այս առնչությամբ տեղական արտադրողների կարծիքներին: Թեմայի վերաբերյալ իր տեսակետը մեր թերթին ներկայացրեց նաեւ ԱԺ պատգամավոր, «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը:
– Պարոն Ղազարյան, Ձեր կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումը ի՞նչ դրական կամ բացասական հետեւանքներ կունենա մեր երկրի տնտեսության համար:
– Միանշանակ ոչ մեկը չի կարող ասել՝ կշահի՞ դրանից մեր երկիրը, թե՝ կտուժի, բայց մենք որպես պետություն, որպես ժողովուրդ եւ որպես տնտեսություն՝ փակ սահմաններ ունենալով տուժում ենք:
– Շատերի կարծիքով, թուրքական էժանագին ապրանքները կողողեն մեր շուկան, որի հետեւանքով էլ հայկական արտադրանքը չի սպառվի:
– Ինձ թվում է, մեզ մոտ հետխորհրդային շրջանում թուրքական ապրանքների պակաս չի զգացվել:Իսկ ինչո՞ւ չեն վախենում պարսկական ապրանքներից:Բերեք այդ սահմանն էլ փակենք կամ էլ վրացականը փակենք:Եկեք մեկուսանանք ու մեզ համար ապրենք:
– Ձեր կարծիքով, հայկական ապրանքները Թուրքիայում կգտնե՞ն իրենց սպառողին:
– Դրա համար աշխատել է պետք:Ընդհանրապես, ցանկացած շուկայում աշխատել է պետք, որպեսզի մեր արտադրանքն այդտեղ իր տեղն ունենա:
– Օրինակ, Դուք Ձեր արտադրանքը կկարողանա՞ք արտահանել Թուրքիա:
– Որ ասեմ՝ ես մեծ հույսեր ունեմ, չէ:Բայց էլի ինչ-որ չափով կկարողանանք:Ես նախկինում էլ ասել եմ եւ հիմա էլ մնում եմ այդ մտքին. որպեսզի մենք կարողանանք մեր ոգելից խմիչքները եւ մյուս գյուղատնտեսական մթերքները վերջնական տեսքով կամ ուղղակի որպես մթերք իրացնել դրսում, հիմնականում դրանց լոկոմոտիվը պետք է լինեն մեր գաղթօջախները:Եթե մենք այսօր Ֆրանսիայում վաճառում ենք գինի, ապա մեր հիմնական գնորդը հայ գնորդն է:Ռուսաստանում կրկին մեր գնորդները հայեր են:Իսկ քանի որ մի փոքր գաղթօջախ էլ պահպանվել է Թուրքիայում, ինձ թվում է, փոքր քանակությամբ իրացում կունենանք նաեւ այնտեղ:Բայց մեծ ակնկալիքներ չունեմ:Արտահանման խնդիրը, անշուշտ, կհեշտանա, որովհետեւ մենք ունենք անցյալ տարվա օգոստոսյան փորձը, երբ մեր հարեւան երկիր Վրաստանը պատերազմում էր, եւ մենք ունեցանք փակ սահման ու կանգնեցինք փաստի առաջ:Մեր ընկերության մեքենաներն էլ էին այդ ճանապարհին, բավականին ժամանակ կանգնեցին:Ունենք ընդամենը 2 բաց սահման, մեկը՝ Իրանի հետ, մեկն էլ՝ Վրաստանի, Իրանն էլ, որպես մուսուլմանական երկիր, մեր ոլորտի համար փակ է, նրանց մոտ արգելված է թեկուզ տարանցիկ ոգելից խմիչքի տեղափոխումը, ուստի մեզ համար մնում է մեկ ճանապարհ՝ Վրաստանը:Պատմությունը մնում է պատմություն, նշեմ, որ ես ինքս էլ արեւմտահայի ժառանգ եմ եւ երբեք չեմ մոռանա այդ դժբախտությունը, որ մեր ազգի հետ է կատարվել, բայց…Եթե նայենք եվրոպական երկրներին, ապա կարելի է ասել, որ մեկը մյուսի հետ խնդիրներ ունեն՝ որպես պետություններ, բայց այսօր բոլորը հավաքվել են մեկ ընդհանուր միության մեջ, եւ ես կարծում եմ, որ վատ էլ չի ստացվում նրանց մոտ:
Հարցազրույցում պարոն Ղազարյանին խնդրեցինք նաեւ անդրադառնալ մեր պետության կողմից տարվող տնտեսական, մասնավորապես՝ հակաճգնաժամային քաղաքականությանը:
– Ճիշտն ասած, ես այդպես մանրամասնորեն ծանոթ չեմ կառավարության հակաճգնաժամային ծրագրին:Եթե խոսքը վերաբերում է այն միջոցներին, որոնք մենք դրսից ներգրավեցինք մեր տնտեսության պահպանության համար, ապա ասեմ, որ տարին դեռ չի ավարտվել, այդ գումարները չեն բաժանվել կամ ծախսվել:Ինձ չի թվում, որ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը իսկապես ձախողվել է:
Մինչեւ տարեվերջ ունենք 3,5 ամիս ժամանակ եւ այդ ամանակը ցույց կտա:
– Բայց չէ՞ որ մեր ՀՆԱ-ի անկումը կազմել է 18,4 %, ինչը ԱՊՀ երկրների համեմատությամբ՝ բավական բարձր ցուցանիշ է:
– Դե, տնտեսական անկում չէր կարող չլինել:Եթե ամբողջ աշխարհում տնտեսական անկում է, դեռեւս անցյալ տարվանից, մենք չէինք կարող դրանից դուրս մնալ:Օրինակ, մեր ընկերությունը խիստ տուժել է տնտեսական ճգնաժամից:Մոտավորապես 90%-ով նվազել են մեր արտահանման ծավալները:Այստեղի շուկայում 25-30%-ով նվազում ունենք:
– Այսինքն՝ հիմա վնասո՞վ եք աշխատում:
– Դա տարին ցույց կտա, երբ մենք կամփոփենք ամեն ինչը: Մենք մայիսին բավականին մեծ կրճատումների ենք գնացել՝ ստիպված մոտ 30% աշխատատեղեր ենք կրճատել, որպեսզի կարողանանք դիմանալ: