Լրահոս
Օրվա լրահոսը

ՐԱՖՖԻՆ ՄԱՆԴԱՏԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ Է

Հոկտեմբեր 01,2009 00:00

Երեկ, երբ լրանում էր այն ժամկետը, որի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր հետ վերցնել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը՝ «Ժառանգության» հիմնադիրը տարածեց հետեւյալ հայտարարությունը. «Համեստորեն ու տեւապես աշխատած լինելով ի շահ Հայոց ցեղասպանության միջազգային վերահաստատման, Արցախյան հանրապետության ճանաչման եւ առանց որեւէ նախապայմանի մեր հարեւանների հետ հարաբերությունների բնականոնեցման՝ սույն տարրական սկզբունքներն անտեսող ներկա վարչակարգի գործողությունների պատճառով ես ինձ դավաճանված զգացի, ուստիեւ որոշեցի որպես բողոքի արտահայտություն վայր դնել պատգամավորական իմ մանդատը: Սակայն այդ պահից ի վեր թե՛ Հայաստանի իմ համաքաղաքացիները, թե՛ բովանդակ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ինձ հորդորել են ստանձնել մարտակոչը եւ՝ ի հեճուկս ուժերի անհավասարության, օգտագործել Ազգային ժողովի ընձեռած սահմանափակ ասպարեզը՝ գործելու համար հանուն ճշմարտության ու արդարության: Հետեւաբար՝ ի հարգանս զորակցության ու հրատապության այս օրերի ուժգին դրսեւորմանը, ես հետ եմ վերցնում հրաժարականի իմ դիմումը՝ կենսակոչելու համար օրախնդիր այն հանձնառությունը, որով վերջին 2 տարիների ընթացքում «Ժառանգություն» խմբակցությունն անշեղորեն ապացուցել է իր հավատարմությունը մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին, քաղաքական շարունակվող հալածանքների ու բանտարկությունների իսպառ բացառմանը, ինչպեսեւ Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության արժանապատվության, ամբողջականության ու անվտանգության հրամայականին»:

Ի դեպ, հիշեցնենք, որ մանդատը վայր դնելու նրա որոշումը «Ժառանգությունից» հեռացված անդամները պայմանավորել էին զուտ ներկուսակցական խնդիրներով, նշելով, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իր հրաժարականից առաջ կուսակցականներին միայն մի բան է ասել, որ «Ժառանգության» ցուցակի 9-րդ համարի՝ Մովսես Արիստակեսյանի հանդեպ անարդարություն է տեղի ունեցել, եւ այն պետք է շտկվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել