Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է. «Գերագույն Հոգեւոր Խորհուրդը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական կապերի հաստատման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ի խնդիր տարածաշրջանում անվտանգության ապահովման, խաղաղության պահպանման եւ համագործակցության զարգացման: Գերագույն Հոգեւոր Խորհուրդը դրական է գնահատում գործընթացի շրջանակներում ծավալված համահայկական քննարկումները: Թուրքիայի հետ մեր ժողովրդի պատմական դառը փորձառության, Հայոց Ցեղասպանության հարցում Թուրքիայի մերժողական քաղաքականության, Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրսեւորած անհանդուրժող կեցվածքի, ինչպես եւ՝ հայ-թուրքական հարաբերությունների նախաստորագրված արձանագրություններում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող բանաձեւումների եւ գործընթացի հետ կապված թուրքական կողմի հնչեցրած անընդունելի հայտարարությունների համատեքստում Գերագույն Հոգեւոր Խորհուրդը բնական եւ հասկանալի է համարում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում բնակվող հայորդիների մտահոգությունները:
Այս համատեքստում Գերագույն Հոգեւոր Խորհուրդը վերահաստատում է, որ Հայոց ցեղասպանությունը անվիճարկելի իրողություն է, ինչպես եւ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ արցախահայության ինքնորոշման իրավունքը: Մեր ժողովուրդը եւ հայրենի իշխանությունները երբեք չեն հրաժարվի հետապնդելու եւ պաշտպանելու մեր ազգային արդար իրավունքները: Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հորդորում է ազգի բոլոր զավակներին դրսեւորել առավելագույն իրատեսություն եւ շրջահայացություն, որպեսզի խուսափենք ազգավնաս բեւեռացումներից եւ միաբանության մեջ դիմագրավենք մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները: Գերագույն Հոգեւոր Խորհուրդը Տիրոջ զորակցությունն ու Սուրբ Հոգու առաջնորդությունն է հայցում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որպեսզի բարեհաջող հանգրվանի առաջնորդեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հանուն մեր ժողովրդի նվիրական ու կենսական շահերի»: