Ոստիկանները խոչընդոտեցին «Միացում» նախաձեռնության ակցիան
Երեկ «Միացում» հասարակական շարժման բողոքի ակցիան, որը պետք է տեղի ունենար Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, խոչընդոտվեց ոստիկանների կողմից, որոնք ակցիայի կազմակերպիչներից կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին եւ բողոքի գործողության մասնակիցներին քաշքշեցին՝ արգելելով մոտենալ ակադեմիայի շենքին:Ըստ news.am-ի՝ ակցիայի մասնակիցները համառորեն դիմադրում էին, բայց, այնուամենայնիվ, ստիպված էին ցույցը շարունակել ԱԺ-ի դիմաց, որտեղ ոստիկանները նրանց կրկին շրջափակեցին:Ակցիայի ներկայացուցիչների պաստառների վրա գրված էին՝ «Ոչ թուրքական արձանագրություններին», «Հող հանձնելը դավաճանություն է»: «Միացում»ի ներկայացուցիչները բողոքում էին ակադեմիկոսների դիրքորոշման դեմ, որոնք իշխանություններին հաճոյանալու համար նախօրեին կողմ էին արտահայտվել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին: Հասարակական շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ «մեր մտավորականները շեղվել են իրենց առաքելությունից եւ իշխանությունների ձեռքում դարձել են սպասարկու աշխատողներ, որոնք նույնիսկ չունեն իրենց կարծիքը»:Սեֆիլյանը հավաստիացրեց, որ ակցիաները դեռ կշարունակվեն, իսկ արձանագրությունները ակցիաներից մեկի ժամանակ սիմվոլիկ ձեւով կայրվեն, քանի որ այս գործընթացը պետք է դադարեցվի, ոչ թե վերափոխվի:«Մենք հիմա գտնվում ենք ինֆորմացիոն շրջափակման մեջ:Մեր ակցիաները չեն լուսաբանվում, այդ պատճառով էլ մենք հիմա կանգնած ենք այստեղ՝ մարդկանց մատնացույց անելու իրենց սպառնացող վտանգը»,- ասաց Սեֆիլյանը:Ցուցարարները, չնայած ոստիկանության շրջափակմանը, շարունակում էին մտավորականներին ուղղված իրենց վանկարկումները՝ «Ապազգային գիտնականներ», «Վաճառված գիտնականներ», «Չարչիներ»: Շարժման ներկայացուցիչները դիմեցին նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ «Ամոթ, դավաճան, վախկոտ» որակումներով: «Մտավորականների երեսը պարզ չէ:Նրանք հիմա պետք է ժողովրդի կողքին լինեն, ոչ թե պաշտպանվեն ոստիկանների կողմից», «Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք Հայաստանի վերջին էջը»,- հայտարարում էին ակցիայի մասնակիցները: