Երեկ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Հանրային խորհրդի ընդլայնված կազմի հետ եւ լրատվամիջոցների ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ քննարկեց հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Սերժ Սարգսյանը կոնկրետ տվեց այն հարցերի պատասխանները, որոնք այս օրերին հնչում են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Մեջբերենք մի քանի առանցքային հայտարարություններ:
Ցեղասպանության ուրացում չկա. «Թուրքերի հետ հարաբերություններ հաստատելը բնավ չի նշանակում ցեղասպանությունը կասկածի տակ առնել, առավել եւս՝ այն մոռանալ: Դա ուղղակի անհնար է: Որեւէ նորմալ մտածող հայ մարդ չի կարող ցեղասպանությունը մոռանալ, եւ չեն կարող լինել պատճառներ, որոնք պետք է ստիպեն այդպիսի քայլերի գնալ: Սա անհնար բան է»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախապայմանների մասին. «Ուզում եմ առանձնակի անդրադառնալ նախապայմաններ տերմինին: Նախապայմաններ կան շատ-շատ պայմանագրերում, այդ թվում նաեւ՝ Կարսի պայմանագրում: Դրանք պարտադրանքներ են: Իսկ հրապարակված փաստաթղթերում որտե՞ղ եք տեսել նախապայմաններ: Եթե այդպես լիներ, փաստաթղթում գրված կլիներ, որ նախապայմաններով ենք այս փաստաթուղթը ստորագրում: Կարծիքներ են հնչում, որ այ, եթե այս երկու կետն այսպես ձեւակերպվեր, մենք հարց չէինք ունենա: Հավատացնում եմ բոլորին, որ հարցեր էլի կլինեին, նույնիսկ, եթե այդ փաստաթղթերը նման լինեին կապիտուլյացիայի մասին պայմանագրերի՝ էլի հարցեր կլինեին»:
«Ադաբրյամս». Նախագահը հայտարարեց, որ հրահանգ չի եղել գովերգել փաստաթղթերը. «Այդպիսի բան չկա եւ չի էլ կարող լինել մի շատ պարզ պատճառով, որովհետեւ այդպիսի «ադաբրյամսի» կազմակերպումը նշանակում է միամտություն, նշանակում է մեր բանակցային դիրքորոշման թուլություն, նշանակում է, որ էս գլխից պատրաստ ենք թռնելու եւ գնալու նրանց գիրկը: Մենք ո՞նց կարող ենք այդպիսի բան կազմակերպել: Ես ուղղակի պիտի խնդրեմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որպեսզի մի քիչ ուշադիր վերարտադրեն այն, ինչ որ ասում ենք, որպեսզի չունենանք բանակցային դիրքորոշումների թուլություն: Ես սա ասում եմ, որպեսզի բոլորիդ համար պարզ լինի՝ այդպիսի ցուցում չի եղել, ընդհակառակը՝ կարծում եմ, ամեն ինչը լուսաբանվում է շատ համաչափ եւ համեստորեն»:
Սահման եւ ճանապարհ. Հարց հնչեց՝ սահմանը բացելը նշանակո՞ւմ է նաեւ ճանապարհի բացում: Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «Բա էդ դեպքում սահմանը բացելը ի՞նչ է նշանակում: Ես կարծում եմ՝ սահման բացելը նշանակում է ճանապահ բացել, միայն եւ միայն: Ուրիշ ոչ մի բան չի նշանակում»:
Կա՞ էսպանսիայի վտանգ. Ըստ նախագահի, սահմանը բացելու դեպքում ոչ տնտեսական եւ ոչ էլ դեմոգրաֆիական էքսպանսիայի վտանգ չի կարող լինել. «Այդ էքսպանսիայի դեմ պայքարը ոչ թե մեկուսանալն է, ոչ թե պարիսպներ կառուցելն է, այլ ժամանակակից երկիր կառուցելն է, արդար երկիր կառուցելն է, եւ սա է միակ ելքը, որպեսզի մեր երկրում լինի եթե ոչ դեմոգրաֆիական բում, այլ գոնե այդպիսի ցանկություն»:
Դավաճանության մասին. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են ուրիշներին մեղադրել դավաճանության մեջ, սկզբից իրենք պետք է մտածեն, որովհետեւ դավաճանություն է նեղ-անձնական շահերով մտածելը, առաջին հերթին երեւի դա է դավաճանությունը: Այստեղ ուզում եմ շեշտել, որ ես շատ լավ գիտակցել եւ գիտակցում եմ, որ շատ ծանր պրոցեսի մեջ ենք մտել: Շատ հստակ եմ գիտակցում, որ ցանկացած քաղաքական պրոցես ունի նաեւ գին: Ես պատրաստ եմ այդ գինն էլ վճարելու: Հետո պարզ կդառնա՝ մեր ձեռք բերա՞ծն է շատ, թե՞ կորցրածը: Եվ երբ խոսում են, որ ինչ-որ դրույթներ թուրքերը պիտի փորձեն իրենց օգտին օգտագործել, իհարկե՝ պիտի փորձեն, եթե չփորձեն, մենք նրանց ի՞նչ կանվանենք: Բա մենք չե՞նք փորձելու մեր օգտին օգտագործել»:
Կարսի պայմանագրի մասին. «Հինգ անգամ Սովետական Միությունը ճանաչել է Կարսի պայմանագիրը, իսկ մենք, դառնալով ԱՊՀ անդամ, ՄԱԿ-ը դեռ թողնում եմ մի կողմ, պարտավորվել ենք իրավահաջորդը լինել Խորհրդային Միության կողմից կնքված բոլոր պայմանագրերի: Բա այն ժամանակ խոսեիք էլի, ինչո՞ւ չէիք խոսում: ԱՊՀ մտնելուց մի վերապահում անեիք, ասեիք՝ այո, ամեն ինչը ընդունում ենք, բայց Թուրքիայի մասով սա չենք ընդունում: Ինչո՞ւ չենք արել, եթե իրոք ուզում ենք, որպեսզի Կարսի պայմանագիրը ընդհանրապես չճանաչվի: Դեռեւս հարց է՝ պե՞տք է արդյոք այդ պայմանագիրը ճանաչել, թե՞ չէ: Այս փաստաթուղթը այդպիսի խնդիր չի լուծում, բացարձակապես չի լուծում»:
Ճնշումների մասին. ՀՀ նախագահը շեշտեց, որ չկա որեւէ ճնշում. «Որեւէ մեկը մեզ չի պարտադրել Թուրքիայի հետ գնալ հարաբերությունների կարգավորման: Որեւէ մեկը մեզ չի ճնշել, որեւ մեկը ինձ չի ստիպել Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան»: