Բայց ըստ թուրք լրագրողի՝ ժամանակի ընթացքում
«Սիվիլիթաս» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա երկխոսություն» ծրագրով երեկ անցկացված առաջին քննարկման բանախոսներից մեկը «Զաման» թերթի լրագրող Յավուզ Բայդարն էր: Ըստ նրա՝ Թուրքիայում մարդկանց մեծամասնությունը պատկերացում չունի սեփական պատմության մութ էջերի, մասնավորապես, 1915 թվականի իրադարձությունների մասին, սակայն այդ ամենի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Յավուզ Բայդարի կարծիքով՝ այդ խնդիրը սկսեց Թուրքիայում քննարկվել այն ժամանակ, «երբ հասարակության ներսում ժողովրդավարական զարգացումներ սկսվեցին: Իսկ երբ ԵՄ անդամակցությունը դոմինանտ դարձավ՝ պարզ էր, որ հայկական հարցը վաղ թե ուշ բարձրանալու է»: «Զամանի» լրագրողն արձանագրեց, որ այդ գործընթացը դանդաղ է ընթանում: Փորձելով բացատրել, թե որքան դժվար է թուրք հասարակության համար ընդունել ցեղասպանության իրողությունը՝ նա հետեւյալ համեմատությունն արեց. «Դա նույնն է, երբ ընտանիքի դուստրը թեւ չունի, եւ հանկարծ մի օր մեկը մոտենում է եւ ասում, որ դա քո հայրն է փոքր հասակում քրոջդ թեւը կացինով կտրել: Կամ հանկարծ ասեն՝ մայրդ անբարոյական է: Պատկերացրեք, թե նրա մոտ ի՜նչ շոկ կառաջանա: Մոտավորապես նման վիճակում է ներկայումս թուրք հասարակությունը, որին կարծում եմ՝ հարկավոր է ժամանակ տալ երեւույթը ընկալելու համար»:
Վարդան Օսկանյանը Յավուզ Բայդարին հիշեցրեց նրա իսկ նախապես հայտնածը, թե Թուրքիայում 70 տոկոսից ավելին կողմ է հայ-թուրքական արձանագրություններին, եւ հետաքրքրվեց, թե նրանք կողմ են՝ ծանո՞թ լինելով բովանդակությանը, թե՞ ուղղակի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակից են: «Զամանի» թղթակիցն ի պատասխան ասաց, թե մեծ մասն առանձնապես տեղեկացված չէ արձանագրությունների բովանդակությունից, սակայն բնազդաբար հասկանում է, որ հարաբերությունները պետք է լավացնել բոլոր հարեւանների հետ:
Քննարկման մյուս բանախոսը՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, եւս նշեց, թե Հայաստանի բնակչության մեծամասնությունը նույնպես ոչինչ չի հասկանում արձանագրությունների իրական բովանդակությունից: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը խնդրեց մի քիչ զուսպ լինել՝ մեր հասարակությանը գնահատելիս, եւ հետաքրքրվեց, թե քանի դեռ հայ եւ թուրք հասարակությունների մեջ չկա այս խնդրի բավարար ընկալում՝ «Չունե՞ք այդ մտավախությունը, որ մենք, այնուամենայնիվ, երկար սպասված գաղափարը փչացնում ենք՝ պատրաստ չլինելու եւ ժամանակից առաջ ընկնելու, այս կամ այն պարտադրանքի գերին լինելու պատճառով»: Յավուզ Բայդարի պատասխանն էր. «Մենք բավականաչափ օտարացած ենք, եւ եթե չսկսենք խոսել, ապա ոչ մի խնդիր էլ տեղից չի շարժվի: Ինչքա՞ն ենք ասելու, որ վաղաժամ է»: Բորիս Նավասարդյանն էլ հավելեց. «Եթե սպասենք, որ պատրաստ լինենք՝ այդպես էլ որեւէ կարեւոր հարց չենք լուծի»:
Սիմոն Կամսարականը Յավուզ Բայդարին հարց ուղղեց, թե արդյոք պատրա՞ստ է թուրք ժողովուրդը ճանաչել իր կատարած հանցանքը եւ ներողություն խնդրել Ցեղասպանության համար: Լրագրողը պատասխանեց, թե այսօր պատրաստ չեն մեղքը ընդունել, բայց անցած տարի կազմակերպված ներողության ակցիան նոր սկիզբ դրեց. «10 տարի առաջ նման բան հնարավոր չէր: Հասարակությունը միանգամից չի կարող փոխվել: Ժամանակի ընթացքում դա կլինի, մի՛ անհանգստացեք»:
Ի դեպ, երեկ քննարկմանը լուռ ներկա էր պատմաբան Գեւորգ Յազըչյանը, որը «Հայաստան-Թուրքիա երկխոսություն» ծրագրի մեկ այլ բաղադրիչի՝ «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսի մասին ավելի վաղ ասել էր. «Հայաստանում տեղի է ունենում թուրքական քարոզչություն, որը կատարում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը»: Նրա հիմնավորումն այն էր, որ այդ ցուցահանդեսում ցուցադրված բացիկներում հայկական տեղանունները ներկայացված են թուրքական անուններով: Երեկ «Առավոտը» փորձեց պարզել այս պնդումների նկատմամբ պրն Օսկանյանի վերաբերմունքը, սակայն նա ասաց. «Նոր եմ լսում այդ մասին»: Հարցին, թե մտավախություն չունի՞, որ թուրք լրագրողներին հյուրընկալելն էլ որոշ շրջանակներ կարող են դիտարկել նույն քարոզչության շրջանակներում՝ «Սիվիլիթասի» հիմնադիրը պատասխանեց. «Մեր հիմնադրամը եւ անձնապես ես էլ միշտ երկխոսության կողմ ենք եղել, եւ կարծում ենք, որ այն անհրաժեշտ է: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերջիվերջո պիտի ծնվի նման երկխոսությունից, եւ ոչ թե հապճեպ եւ արտաքին ճնշումների ներքո գնանք համաձայնությունների: Երկխոսությունը շատ կարեւոր է, եւ իմ հիմնական առարկություններից մեկն այս արձանագրություններին այն է, որ հետագայում երկխոսության հնարավորությունը նեղանում է, նույնիսկ փակվում: Պետք է հարաբերություններ հաստատվեն առանց նախապայմանների, որպեսզի մենք կարողանանք շատ ավելի անկեղծ մթնոլորտում, փոխադարձ վստահությամբ համարձակորեն խոսել մեր ամենաբարդ խնդիրների մասին: Այս փաստաթղթերն այդ հնարավորությունը ոչ միայն չեն տալիս, այլեւ իսպառ վերացնում են»: