ԵԽԽՎ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը երեկ Ստրասբուրգից հայտնեց «Առավոտին», որ սեպտեմբերի 30-ին «Եվրոպական ժողովրդավարներ» խումբը քննարկել է, թե ինչ թեկնածություն է առաջադրելու ԵԽԽՎ նախագահի 2010 թվականի հունվարին կայանալիք ընտրության ժամանակ: «Պայմանավորվածության համաձայն՝ քաղաքական խմբերը հերթականությամբ են առաջարկում Վեհաժողովի նախագահին»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ նախորդ անգամ, երբ «Եվրոպական ժողովրդավարներ» խմբի հերթն էր թեկնածու առաջադրելու՝ կանոնները փոխվեցին, քանի որ այդ ժամանակ խմբի ղեկավարը ռուս էր՝ Միխայիլ Մարկելովը: Այժմ խմբի ղեկավարը անգլիացի Դեյվիդ Վիլշիրն է, որը ԵԽԽՎ նախագահի թեկնածուներից մեկն էր, սակայն երեկ կայացած գաղտնի քվեարկությամբ ստացավ 21 ձայն: Իսկ մյուս թեկնածուն, որը խմբի երկրորդ փոխնախագահն է՝ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար ու նաեւ ԵԽԽՎ փոխնախագահ Մեւլութ Չավուշօղլուն (նկարում)՝ ստացավ 29 ձայն եւ առաջադրվեց ԵԽԽՎ նախագահի թեկնածու: Նշենք, որ «Եվրոպական ժողովրդավարներ» խմբի անդամ են հիմնականում անգլիացի, թուրք եւ ռուս պատվիրակներ: