Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԱՐՍԱՓԻ ՄԻՋՈՑՈՎ

Սեպտեմբեր 30,2009 00:00

Սարսափ ֆիլմերի դիտումը սովորույթ դարձրածները իրականությունից կտրվելու պահանջ ունեն

«Արդեն երկու տարի է՝ ինչ ամեն երեկո քնելուց առաջ պարտադիր սարսափ ֆիլմ եմ դիտում. դրանից հետո մի տեսակ հանգստանում եմ ու քնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է 26-ամյա Խաչիկը: 19-ամյա Միլենայի համար էլ սարսափ ֆիլմերը դարձել են գեղարվեստական գրականության փոխարինող. «Մինչեւ վերջերս ազատ ժամանակս գիրք կարդալով էի լցնում, մի օր հարեւանիս տանը ձեռքս ընկավ սարսափ ֆիլմի սկավառակ, հետաքրքրության համար դիտեցի, ինձ շատ գրավեց այդ ժանրը: Գուցե զարմանալի թվա, բայց սարսափ ֆիլմերից ադրենալին եմ ստանում»:

Ինչու են մարդիկ հետաքրքրվում, դիտում եւ սիրում սարսափ ժանրի ֆիլմեր: Այս հարցին ԱՄՆ-ի որոշ ֆիլմ արտադրող ընկերությունների պատվերով պատասխանել են փորձագետներից եւ սոցիոլոգներից կազմված մի խումբ գիտնականներ, ներքին կարգով անցկացնելով մի հետաքրքիր, հոգեբանական հետազոտություն: Հետազոտության օբյեկտ են հանդիսացել ֆիլմերի վարձույթի սրահները, կինոթատրոնները, մի շարք հոգեբաններ եւ անհատ քաղաքացիներ: Փորձագետներն առանձնացրել են երեք տիպի սարսափի սիրահար մարդկանց: Ըստ նրանց, առաջին տիպին պատկանում են նրանք, ովքեր դիտելով ֆիլմը՝ հոգեկան բավարարվածություն են ստանում, իսկ այս տիպի մարդիկ կամ չափից շատ զգացմունքային են լինում, կամ էլ ճիշտ հակառակը: Երկրորդ տիպին պատկանում են նրանք, ովքեր սարսափ դիտելով վերապրում են այն բոլոր իրադարձությունները՝ ինչը տեսնում են էկրանին. այսինքն, այդկերպ բավարարում են իրենց ադրենալինի քաղցը: Փորձագետների առանձնացրած երրորդ տիպի մարդիկ սարսափ դիտելով փորձում են հաղթահարել իրենց ներսում կուտակված վախը. այս տիպի մարդիկ շատ հաճախ ինքնահաստատվելու խնդիր ունեցողներ են, նախանձ եւ մեծամիտ:

Համաձայնենք այս հետազոտությանը, թե՝ ոչ, միեւնույն է, շուկան օրեցօր համալրվում է արտասահմանյան հայտնի կինոարտադրողների արտադրանքով՝ սարսափ ֆիլմերով: Իսկ ի՞նչ ազդեցություն ունեն սարսափ ֆիլմերը, ինչո՞ւ է այս ժանրը գրավում մարդկանց, հնարավո՞ր է արդյոք լիցքաթափվել սարսափ ֆիլմերի դիտումից: Թեմայի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց հոգեբան Իզաբելլա Ղազարյանի հետ: Հոգեբանի բնութագրմամբ, նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են նկարահանվում սարսափ ֆիլմերը, այն էլ մեծ քանակությամբ: Ըստ նրա, դրանք նկարահանվում են, որովհետեւ. «Մարդիկ կարիք ունեն սուր զգացողությունների եւ հատկապես 21-րդ դարում, երբ տեխնոլոգիաները այսքան զարգացած են, նույնիսկ սովորական մարդկային հարաբերությունները չորացած եւ մեխանիզացված են: Սուր հուզական զգայությունները, հուզական ապրումները անհրաժեշտ են մեր կենսագործունեության համար: Իրականությունից կտրվելը այստեղ մեծ նշանակություն ունի: Որքան էլ մեզ դուր չգան սարսափ ֆիլմերը, որքան էլ տարվենք, վախենանք, հաստատ համոզված ենք, որ դա իրական չէ, այսինքն՝ դա այլ աշխարհ է եւ ոչ իրական: Ձգտումը ոչ իրական աշխարհին՝ եւս մարդու հոգեկան առանձնահատկություններից է. կտրվել իրականությունից եւ ունենալ ապրումներ, թեկուզ եւ վախ»:

Սարսափ ֆիլմերից առաջացած վախը Ի. Ղազարյանը բնութագրում է որպես սթափեցնող միջոց. «Չափի մեջ» վախը սթափեցնող է: Հաճախ վախը ինքնապաշտպանության միջոց է եւ կենսարար ֆունկցիա մեր հոգեկանի համար՝ այն ոչ միայն սթափեցնող է, այլեւ առողջացնող, դրա արդյունքում մարդ նոր հայացքով կարող է նայել աշխարհին: Այս տեսանկյունից սարսափ ֆիլմերի ժամանակ առ ժամանակ դիտումը ունի դրական ազդեցություն եւ վնասակար չէ»: Հոգեբանը նկատում է՝ սարսափ ֆիլմերի դիտումը անհատական ընտրության հարց է. «Հարցն այն է, թե ինչքան եւ ինչ հաճախականությամբ ես դիտում: Եթե դա դառնում է սովորություն, առօրյայի մի մաս՝ մինչեւ չնայեմ, չեմ քնի, ապա դա վնասակար է: Նույնիսկ ամեն դրական բան եթե չափից շատ օգտագործենք, ապա դա նախ մեր հոգուն վնաս կտա, էլ ուր մնաց այդպիսի սուր զգացողությունները: Եթե մարդը սարսափի դիտումը դարձնում է սովորույթ, նշանակում է՝ իրականությունից կտրվելու անհագ պահանջ ունի: Իրականությունն իր համար հաճելի չէ, նա փախուստի մեջ է ու ձգտում է դեպի այդ սուր զգացողությունները»:

Սարսափ ֆիլմերի բացասական ազդեցության մասին էլ հոգեբանն ասաց. «Բացասական ազդեցությունն այնքան էլ մեծ չէ: Ասել, թե դա ազդում է մարդու հոգեբանության վրա, վարքագիծ է ձեւավորում եւ նման այլ բաներ՝ սխալ է: Մեծ դեր ունի անհատական մոտեցումը, մարդը՝ դիտողը: Եթե մարդ շատ զգայուն է, նրա վրա բնականաբար ազդեցություն կթողնեն այդ ֆիլմերը: Ի դեպ, բոլոր սարսափ ֆիլմերի սկզբում կամ վերջում՝ եթե այն լիցենզավորված եւ նորմալ տեսագրություն է, գրվում է՝ մինչեւ 17 տարեկաններին խորհուրդ չի տրվում դիտել: Կամ էլ գրում են՝ բարձր զգայունություն ունեցող մարդկանց չդիտել»:

Հարցին, թե կարո՞ղ է սարսափ ֆիլմը նպաստել ագրեսիայի առաջացմանը, մեր զրուցակիցն ասաց. «Եթե չափից ավելի են դիտում. մարդ կարող է նմանակվել ֆիլմի որոշակի հերոսի հետ, նույնականանալ: Բայց այդպես հազվադեպ է լինում»: Հոգեբանի ձեւակերպմամբ, սարսափ ֆիլմերի դիտումը վնասակար է դեռահասներին: Այսինքն, մանկական այն ժամանակաշրջանում, երբ նյարդային համակարգը դեռ անկայուն է. «Դեռահասությունն ինքն իրենով շատ ճգնաժամային է, այդ տարիքում դեռահասի լարվածությունը շատ ավելի է, եւ ավելորդ լարվածություն պետք չէ: Դեռահասն իր եղածը չի կարող լիցքաթափել, ուր մնաց ավելորդ մի բան ստանա եւ փորձի լիցքաթափվել դրանով: Իսկ իրականությունն այն է, որ դեռահասներին շատ է ձգում սարսափը, իրականությունից կտրվելը: Քանի որ դեռահասի համար իր իրականությունը լավը չէ՝ ագրեսիվ ազդակները, որոնք արթնանում են այդ տարիքում, դրանք կարող են ինչ-որ ձեւով համահունչ լինել ֆիլմի հետ. ահա թե ինչու է նրանց ձգում սարսափը: Նրանց հոգեկանն անկայուն է, դրա համար խորհուրդ չի տրվում դիտել»:

Ինչ վերաբերում է սեռային տարբերությանը, հոգեբանը հավելեց. «Այս հարցում սեռային խտրականություն չկա: Բայց քանի որ կանայք ավելի զգայուն են, ավելի սիրահար սուր զգացողությունների, նրանք հազվադեպ են դիտում այդպիսի ֆիլմեր. սա որպես վիճակագրություն չէ, այլ զուտ կարծիք: Բայց ճիշտ կլինի ասել, որ սա անձնական ընտրության հարց է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել