Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի գավաթը՝ հայ դահուկորդին

Սեպտեմբեր 30,2009 00:00

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից երեկ տեղեկացրին, որ մեր հանրապետության դահուկավազորդները, առաջին անգամ մասնակցելով Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված անվադահուկներով վազքի աշխարհի գավաթի խաղարկությանը, լուրջ հաջողությունների են հասել:

ՖԻՄԱ ակումբի անդամ աշոցքցի դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը եւ Արգամ Գրիգորյանը, հանդես գալով երիտասարդների մրցաշարում, մտել են եզրափակիչ, որտեղ հանդես գալու իրավունք նվաճել են 27 դահուկային հզոր երկրների մարզիկներ: Տրված ընդհանուր մեկնարկից հետո 11 կմ վերընթաց մրցատարածությունը (մեկնարկի եւ եզրագծի միջեւ ուղղահայաց տարբերությունը կազմել է 819 մետր) առաջինը հաղթահարել է Սերգեյ Միքայելյանը: Նրա թիմակից Արգամ Գրիգորյանը վերջնագիծը հատել է վեցերորդը: Մեր թիմի երրորդ ներկայացուցիչը՝ Համլետ Զիրոյանը, մրցատարածությունում դահուկափայտի հետ առաջացած տեխնիկական խնդրի պատճառով պայքարն անավարտ է թողել:

Հետաքրքիր է, որ հայաստանցի դահուկորդները, մարզիչ Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ, այս մրցմանը նախապատրաստվել են հարազատ Աշոցքի քարուքանդ ասֆալտե ճանապարհներում:

Այս հաջողությունը հույս է ներշնչում, որ մեր երիտասարդ դահուկորդներն ամառային մարզումների շնորհիվ կպահպանեն լավ մարզավիճակ եւ ձմեռային մրցուղիներում էլ բարձր արդյունքներ ցույց կտան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել