Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ աստվածուհին ու Նիկան՝ Պենզայում

Սեպտեմբեր 30,2009 00:00

Լեւոն եւ Հայկ Թոքմաջյանները վերադարձան միջազգային սիմպոզիումից

\"\"«Առավոտը» տեղեկացրել էր, որ անցյալ տարի Պենզայում կայացել է համաշխարհային քանդակագործական սիմպոզիում՝ «Ներշնչանք» խորագրով («Թոքմաջյանների քանդակները՝ Պենզայում» (17.10.08)): Նշել էինք նաեւ, որ սիմպոզիումին մասնակցում էին 50 երկրից ժամանած քանդակագործներ, Հայաստանից էլ՝ Լեւոն եւ Հայկ Թոքմաջյանները: Միջոցառման կազմակերպիչներից մեկը ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Վոլկովն էր, որն էլ մասնակիցներին տեղավորել էր իրեն պատկանող «Չիստիե պրուդի» հյուրանոցային համալիրում:

Լ. Թոքմաջյանը «Առավոտին» հայտնեց, որ իրենք այս տարի էլ են մեկնել Պենզա ու մասնակցել «Չիստիե պրուդիում» կայացած հերթական սիմպոզիումին: Նրա խոսքով, դարձյալ ժամանել էր 50 երկրի ներկայացուցիչ, քանդակագործներ՝ անգամ Բուրկինա Ֆասոյից, Չիլիից ու Նոր Զելանդիայից: Այս տարվա թեման էլ առասպելն ու դիցաբանությունն էին, որոնք պիտի ձեւ առնեին սպիտակ մարմարի վրա: «Վոլկովն այնքան ոգեւորված էր անցյալ տարվա հաջողություններով, որ 130 հա նոր տարածք էր վերցրել: Ասում էր՝ դարձնելու եմ աշխարհի քանդակային այգի,-պատմում է մեր զրուցակիցն ու հավելում, որ ոչ բոլոր գործերն էին հաջողված,- մարդ կար, որ քառակուսի մարմարի վրա ընդամենը անցք էր բացել, ու դա էլ նրա առասպելն էր: Մյուս կողմից էլ, ամեն մի երկրի քանդակագործ իր հետ բերել էր իր նախասիրությունները, հնարքն ու մեթոդը: Կային ե՛ւ վերացական, ե՛ւ դեկորատիվ, ե՛ւ ֆորմալիստական աշխատանքներ, բայց ես ու Հայկը, հավատարիմ մնալով մեր սկզբունքին, ֆիգուրատիվ քանդակներ էինք արել: Հայկի քանդակը կոչվում էր «Անահիտ աստվածուհի», իսկ իմը հունական թռչող Նիկա էր՝ ազատության, գարնան զարթոնքի խորհրդանիշ»: Հայկ Թոքմաջյանը, ներկայացնելով իր աշխատանքը, ասաց. «Ուզում էի հայկական դիցաբանությանը անդրադառնալ գեղեցկության, մայրության եւ պտղաբերության աստվածուհուն կերտելով: Իմ քանդակում նա ձիու հետ է, որը խորհրդանշում է հույս: Ընդ որում, չեմ ցանկացել, որ իմ Անահիտը հայտնի ոսկեձույլ արձանին նման լինի»:

Լ. Թոքմաջյանն էլ զարմացած էր սիմպոզիումի հանդեպ հասարակության ուշադրությունից, ասում է՝ անընդհատ գալիս էին ավտոբուսներով՝ ուղղակի արվեստասերներ, լրագրողներ, դպրոցականներ, ուսանողներ…

50 քանդակագործներն իրենք են ընտրել, թե ում աշխատանքն է ամենալավը: Սիմպոզիումի շրջանակներում քանդակագործները նաեւ գունանկարներ են արել, արդյունքում՝ առաջին մրցանակը տրվել է Ֆրանսիայի ներկայացուցչին, Լ. Թոքմաջյանը շահել է երկրորդ, իսկ մի բուլղարացի քանդակագործ՝ երրորդ մրցանակ: Լ. Թոքմաջյանը նշեց, որ ավելացած մարմարի կտորներից մյուս տարի արվեստագետները փոքր քանդակներ են ստեղծելու, որոնք տեղ են գտնելու առաջիկայում հիմնվելիք քանդակագործական թանգարանում:

Հայր Թոքմաջյանը նաեւ տեղեկացրեց, որ իր անցյալ տարվա «Տագնապ» քանդակն այնքան է դուր եկել ռուսներին, որ պատկերված է Պենզայի հիմնադրման 350-ամյակի առիթով ստեղծված դրոշմանիշների ու ծրարների վրա: Քանդակագործը հայտնեց, որ հատկապես այս տարվա սիմպոզիումին իրեն իսկապես մաեստրո է զգացել. մոսկովյան բուհերի համապատասխան բաժինների ուսանողներ հատուկ ժամանել են Պենզա, որ ծանոթանան իր հետ ու պրակտիկա անցկացնեն իր կողքին: Քանդակագործը նաեւ գոհ է, որ ստեղծագործելու 20 օրերի ընթացքում արվեստագետները հատուկ «զրկված» են եղել հեռուստացույցից ու արտաքին աշխարհից եկող ինֆորմացիայից, որպեսզի լիովին տրվեն արվեստին ու կյանքի կոչեն իրենց ներշնչանքի պտուղները:

Հ. Թոքմաջյանը պատմեց նաեւ, որ առաջիկայում Անթալիայում մեկ այլ միջազգային սիմպոզիումի է մասնակցելու: Այնտեղ էլ մեր հայրենակիցը Հայաստանը կներկայացնի մարմարակերտ «Արեւից ծնված ծաղիկ» քանդակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել