Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏՈՐ ՄԸ ՄԵՂԵԴԻ

Սեպտեմբեր 30,2009 00:00

\"\"Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Տիգրան Մանսուրյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

«Հայկական երաժշտությանը բնորոշ է արտահայտչամիջոցների չափազանց խնայողական գործածությունը: Ելեւէ՞ջ, թե՞ ձայների ծավալման ընթացք՝ ամեն ինչ խիստ չափավոր եւ ժլատ է: Երաժշտական այդ տարրերը նույնքան ծանրորեն եւ խնայողաբար են ծավալվում, որքան հայ մարդն է տքնաջան աշխատանք տանում՝ հայկական ժայռերի ու քարերի արանքում բարեբեր հողատարածք բանալու համար»: «Առավոտի» հետ զրույցում այսպես բնութագրեց հայկական երաժշտությունը մեր ժամանակների ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ում համար այս միտքը ստեղծագործական հավատամք է եւ ինքնատիպ բանաձեւ: Սրանով էլ շուրջ 50 տարի նա աշխարհին է ներկայանում՝ միահյուսելով միջնադարյանն ու կոմիտասյանը այն մոդեռնին, որը հենց ինքը բերեց մեր երաժշտություն եւ սկիզբ դրեց մի նոր շարժման: Այս շարժման սկիզբը համընկավ 1960-ականների նորացումներին, որոնք փշրեցին խորհրդային կարծրատիպերը: Բեյրութում ծնված, Արթիկում ու Լենինականում իր դաստիարակությունը, ապա Երեւանում պրոֆեսիոնալ կրթություն ստացած կոմպոզիտորը հենց այս բնակավայրերի ձայներն ու հնչյունները բերեց մեր երաժշտություն, ազգայինին, ծիսական-տիեզերականին գումարելով ուրույն դասական հենքը… Այսպես էլի կարելի է տեսական-մասնագիտական մեկնություններով ներկայացնել նշանավոր կոմպոզիտորին, որի մասին մեզ մոտ, ցավոք, երաժշտագիտական հոդվածներ ու գրքեր չեն գրվում, արվեստաբանական միտքը ժամանակ չի գտել անդրադառնալու նրա ստեղծագործությանը, որն ընդունված է աշխարհի կողմից, իսկ մանսուրյանական կինոերաժշտությունը վաղուց է մտել ազգային գիտակցության մեջ՝ ձեռք բերելով ճշմարիտ ժողովրդականություն:

«Կոմիտասյան հնչյունների պարզության տակ անսովոր մի աշխարհ կա, դա պարզության խաղ չէ, ոչ էլ ոճավորում: Դրան հասնելը շատ շատերի համար ձգտում եւ երազանք կարող է լինել»,- ասում է կոմպոզիտորը: Իսկ նրա երաժշտությունը հենց կոմիտասյան հնչյունի պարզությունն ունի, որը գերում է ունկնդրին, դառնում ազգային ինքնության օրհներգ: Մանսուրյանն այն բացառիկ արվեստագետներից է, ով վեր է կենցաղից ու ավելորդ հրապարակային գործունեությունից, ում հետ շփվելը որքան հեշտ, նույնքան էլ դժվար է: Իսկ երաժշտությունը նրա իսկ էության հայելին է, անդրադարձը: Այսուհանդերձ, Մանսուրյանն իսկապես ժողովրդականություն վայելող կոմպոզիտոր է ոչ միայն իր կինոերաժշտությամբ, այլեւ նվագախմբային, կամերային-գործիքային, վոկալ խմբերգային, թատրոնի եւ կինոյի ստեղծագործություններով, «Ձյունե թագուհի» բալետով, չարենցյան «Ես իմ անուշ Հայաստանի» հրաշալի երաժշտական մեկնությամբ…

«Իմ հոգու հայրենիքը հայոց լեզուն է…»,- սիրում է կրկնել կոմպոզիտորը, ինչը նրա ստեղծագործություններում իմաստավորվում է Նահապետ Քուչակի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի եւ մյուս մեծերի բանաստեղծական ներշնչանքով:

«Երաժշտություն գրելիս իմ խնդիրը ճշմարիտ լինելն է, այդ ճշմարտության մեջ մեծ բաժին ունի իմ հավատարմությունը անցյալի մեր արժեքների, հոգեւոր մեծերի, իմ ընտանիքի հանդեպ»,- ասում է կոմպոզիտորն ու իսկապես զարմացնում իր հավատարմությամբ: Ժողովուրդն էլ նրան է հավատարիմ իր սիրով եւ Մանսուրյանի ստեղծագործությունն ընկալում է որպես «կտոր մը մեղեդի» մեր բազմադարյան երաժշտության պատմության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել