Ելիսեյան պալատի աշխատակիցները բռնել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին հասցեագրված սպառնալիքներով եւ փամփուշտներով նամակը: Այդ մասին երեկ հաղորդել է France Presse-ը՝ վկայակոչելով արդարադատության համակարգում իր աղբյուրները: Ստացված տեղեկությունների համաձայն, «մեսիջը» ուղարկվել է Ռուբե քաղաքի փոստային ծառայությունից եւ «բռնվել» է սեպտեմբերի 22-ին: Աղբյուրի փոխանցմամբ, 2008թ. վերջերից սկսած սպառնալիքներ պարունակող նման նամակներ ստացել է ոչ միայն Սարկոզին, այլեւ քաղաքական մի քանի գործիչներ եւս: Դրանք ուղարկող տղամարդուն հաջողվել է ֆիքսել այն բանից հետո, երբ նրա ԴՆԹ-ի անալիզը համընկել է քաղաքական գործիչներին հասցեագրված անանուն նամակների վրա հայտնաբերված նմուշի հետ: Չարագործը ձերբակալվել է, պարզվել է՝ նա 51-ամյա գործազուրկ, հաշմանդամ Տիերրի Ժ.-ն է: Հետաքննության տվյալներով, այս ֆրանսիացին, որը հրաձգային ակումբներից մեկի անդամ է, գործել է միայնակ: Միայն Սարկոզին ստացել էր արդեն 4 այդպիսի սպառնալից նամակ, որոնցում պահանջվում էր մասնավորապես ազատ արձակել Ժուլիեն Կուպին, որը կասկածվում է երկաթգծի վնասման մեջ, նաեւ անկախության համար պայքարող կորսիկացի Իվան Քոլոննին, ով մեղավոր է ճանաչվել պրեֆեկտի սպանության համար: