«Կրթություն՝ բոլորի համար՝ կրթության որակի բարձրացման եւ ուսումնական ծրագրերի մշակման վերաբերյալ» թեմայով տարածաշրջանային համաժողովը երեկ Ծաղկաձորում էր համատեղել ոլորտի տեղացի եւ արտասահմանցի 21 մասնագետների: Ոլորտի փորձագետները վերլուծեցին տարածաշրջանում կրթական ծրագրերի որակը, դրա հետ կապված խնդիրները, ոլորտի միջազգային զարգացման միտումները, նորարարական մոտեցումները: Քննարկվեցին նաեւ կրթական ոլորտի բացառիկ ֆինանսական աջակցության եւ ներառական կրթության շուրջ եղած ընդհանուր մոտեցումները եւ կառուցվածքային փոփոխությունները: ՀՀ ԿԳՆ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնած համաժողովի սկզբում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Լայլա Մոշիրին ասաց, որ նախաձեռնության նպատակն է համընդհանուր եւ հավասար պայմաններ ստեղծել. «Մեր ջանքերը պետք է ուղղենք, որ հատուկ կրթության պայմանների կարիք ունեցող երեխաները օգտվեն բոլոր այն պայմաններից, որ բոլորին է տրված»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ երեխայի կրթական իրավունքի իրականացումը համընդհանուր եւ արդիական խնդիր է. «Ներառական կրթության եւ դրա որակի, ուսումնական ծրագրերի կյանքի կոչելը մեր երկրում ողջունելի է. խոստովանեմ, որ մենք այստեղ ունենք ոչ միայն նորարարական մոդելներ, տարեցտարի ընդլայնվող համապատասխան ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանց, պետական հատկացումների աճ, այլեւ համընդհանուր չլուծված խնդիրներ՝ ներառական կրթություն իրականացնելու հնարավորությունների սահմանափակումներ, որոնք ֆինանսական եւ տարիների ոչ բարենպաստ ժառանգության հետեւանք են»,- ասաց նախարարը: Նրա խոսքով, ֆինանսական ճգնաժամը ռիսկային է դարձնում կրթության մատչելիությունը ոչ միայն հատուկ եւ ներառական, այլեւ կրթության մյուս բնագավառներում. «Կրթության որակը մեզ համար խիստ արդիական է, քանի որ ՀՀ-ն վերջին տարիներին կրթական բարեփոխման բուռն հորձանուտում է, բայց միաժամանակ պահպանվում են խնդիրներ, որոնք կապված են հասարակական ընկալումների հետ»: Միեւնույն ժամանակ նախարարը վստահեցրեց, որ հաջողվել է վերացնել հատուկ կրթության պայմանների կարիք ունեցող երեխաների մասին կարծրատիպերը, եւ կրթական ներառական մոդելն արդեն ընկալելի է հասարակության մեջ. «Տարեցտարի ներառական կրթության բնագավառում աշակերտների թիվն աճում է. այս տարվա տվյալներով՝ արդեն ունենք 900-ից ավելի աշակերտ, որ սովորում են ներառական դպրոցներում, դեռեւս կա 2500 աշակերտ հատուկ դպրոցներում, բայց մեր նպատակն է լինելու, որ հատուկ եւ ներառական համակարգերի միջեւ հարաբերակցությունը փոխվի դեպի ներառական կրթական համակարգ»:
Համաժողովի շրջանակներում կհամաձայնեցվեն ԱՊՀ երկրներում կրթության որակի բարձրացման եւ ներառական կրթությանն ուղղված ընդհանուր մոտեցումները, կմշակվեն ուսուցման համապատասխան մեթոդներ թե՛ բուհերի, թե՛ օրենսդիր մարմնի, թե՛ ոլորտի պատասխանատուների համար: