Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւածաղիկը»՝ 10 տարեկան

Սեպտեմբեր 30,2009 00:00

\"\"«Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը 10 տարեկան է: «Հույսի կամուրջ» հ/կ հաճախող հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ երեխաների ջանքերով ժամանակին ստեղծված ամսագրի ծնունդը երեկ «Արմատ» ակումբում նշվեց՝ խոսելով հաշմանդամությանը վերաբերող խնդիրների մասին: Ամսագրի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանը բացատրեց ամսագրի անվան ընտրությունը. «Արեւածաղկի սերմերը մարդիկ են՝ տարբեր իրենց կարողություններով, տարիքով, սեռով, նախասիրություններով, մաշկի գույնով: Բայց նրանք բոլորը մեկ ծաղկի մեջ են եւ հավասար, այն էլ այնպիսի ծաղկի մեջ, որը ձգտում է արեւին եւ ջերմությանը»: Ամսագիրը բաժանվում է բոլոր հանրակրթական դպրոցներին՝ անվճար: «Հույսի կամուրջ» հ/կ նախագահ Սուսաննա Թադեւոսյանն էլ տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությամբ Իջեւան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում ստեղծվել են կենտրոններ, որտեղ առողջապահական, կրթական, հոգեբանական եւ այլ տեսակի խորհրդատվություն է մատուցվում հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ երեխաներին, նրանց ծնողներին, կազմակերպվում են բազում դասընթացներ: Գործում են հաշմանդամ երիտասարդների խմբեր, որոնք անցկացնում են բարության դասեր ներառական դպրոցներում: Իր խոսքում տիկին Թադեւոսյանը նկատեց. «Հաշմանդամությունն ինչ-որ մի խնդրի հետեւանք է: Ուստի չի կարելի մարդուն այդ հետեւանքի գերին դարձնել: Կյանքում բոլորս էլ պոտենցիալ հիվանդներ ենք. այսօր առողջ ենք, վաղը՝ հիվանդ»: Անդրադառնալով ներառական կրթությանը վերաբերող խնդիրներին, Ս. Թադեւոսյանը նշեց. «Ներառական կրթությունը չի ենթադրում կրթության միայն բովանդակային մասը, այլ դպրոցում եղած մթնոլորտը: Ամենադժվարը ուսուցչի մոտ ինչ-որ բան փոխելն է: Նրա մոտ մարդու գնահատման չափանիշը ընդունակությունների, կարողությունների աստիճանն է: Կարեւոր է, որ այդ բարդույթը հաղթահարվի, իսկ այս հարցում միայն ակադեմիական գիտելիքը չէ, որ դեր է խաղում»: Ներկայումս ՀՀ-ում գործում է 40-ից ավելի ներառական դպրոց, որտեղ սովորում է մոտ 1000 կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխա, սակայն մեր երկիրը հաշմանդամների համար դեռ շարունակում է մնալ «անմատչելի»: Ոչ բոլոր շինություններն ունեն թեքահարթակներ, մարդկանց գիտակցության մեջ դեռ շատ բան պիտի փոխվի: Այս առիթով Ս. Թադեւոսյանն ասաց. «Թեքահարթակների բացակայությունն ամենաամոթալի երեւույթն է, որ կա Հայաստանում: Որքան անմատչելի է մեր երկիրը, այնքան հետ է մեր մտածողությունը: Վստահ եմ, որ թեքահարթակների բացակայությունը միտումնավոր չի արվում, ուղղակի մարդկանց գիտակցության մեջ նստած չէ, որ մարդ կարող է նաեւ հենաշարժական, տեսողական խնդիր ունենալ կամ հաշմանդամ մարդը կարող է հասարակությանը բերել իր հավելյալ արժեքը: Մեր հասարակությունն այդ մարդկանց դիտարկում է որպես՝ դե, մեղք են, մի քիչ սնունդ կտանք, երկու կոպեկ էլ նպաստ, թող իրենց համար ապրեն»: Հետաքրքրվեցինք՝ ի վերջո ո՞վ է մեղավոր այս ամենում: Տիկին Թադեւոսյանը նշեց. «Մեղավոր է պետությունը, որ խտրական վերաբերմունք ունի իր քաղաքացու նկատմամբ: Մենք պիտի փորձենք, օրինակ, վարչապետին հասանելի դարձնել այն, որ երբ դպրոցի կամ հիվանդանոցի բացում է անում, այլ աչքերով նայի ու ասի՝ ինչո՞ւ է խախտված օրենքը եւ շինությունը հարմարեցված չէ հաշմանդամին»: Երբեմն խոսվում է նաեւ ներառական կրթության համար դասագրքերի ստեղծման մասին: Ս. Թադեւոսյանը դեմ է այս մոտեցմանը. «Դասագրքեր պետք չեն: Էլ ինչո՞ւ ենք ասում ներառական կրթություն: Ուղղակի պիտի վերապատրաստել ուսուցիչներին, որ հասկանան, թե նույն ծրագիրն ինչպես կարելի է մատուցել, որ այն մատչելի դառնա դասարանի բոլոր երեխաների համար: Մենք կողմ ենք բոլորի համար, բոլորի հետ միասին, նույն տեղում, նույն ձեւով կրթությանը»:

Նշենք, որ մինչեւ հոկտեմբերի 9-ը տեղի կունենան «Արեւածաղիկի» հոբելյանին նվիրված միջոցառումներ, իսկ մինչեւ նոյեմբերի 20-ը լրագրողները կարող են ներկայացնել հաշմանդամության թեմայով հրապարակումներ՝ մասնակցելու ամենամյա «Արեւածաղիկ» մրցույթին, որի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել