Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐՁԵՐԸ ՆՈՐԻՑ ԹԱՆԿԱՑԱՆ

Սեպտեմբեր 30,2009 00:00

Պրոռեկտորները վստահեցնում են՝ ամեն ինչ անում են, որ իրենց բուհի դիմորդները ֆինանսական պատճառներով բուհից դուրս չմնան:

Երեւանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի օգնական Սաթենիկ Ալավերդյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաշվի առնելով՝ այս տարի ուսման վարձավճարները մնացել են անփոփոխ: Նրա հավաստմամբ՝ 1-ին կուրսեցիների միայն 2%-ը դեռ չի վերջացրել վարձերի վճարումը, եւ նրանց համար վերջնաժամկետը երկարաձգվել է:

Պետական Կոնսերվատորիայում վարձերի թանկացումներ այս տարի արձանագրվել են բոլոր ֆակուլտետներում: Բուհի ուսումնական գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանի խոսքով՝ թանկացումները 100 հազար դրամի չափով են: Իրենց բուհում վճարման վերջնաժամկետն ավարտվել է սեպտեմբերի 15-ին: Չվճարման դեպքեր չունեն:

Վարձավճարների փոփոխություններ չեն եղել Ագրարային համալսարանում: Բուհի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանի տեղեկացմամբ, իրենց հաստատությունում ֆինանսական խնդիրների պատճառով ուսանողը երբեւէ բուհից դուրս չի մնացել: «Մենք ըմբռնումով ենք վերաբերվում, ակնհայտ է, որ այստեղ գյուղական երիտասարդությունն է, ինչպե՞ս չզիջել գյուղացուն, ով մեզ խնդրում է՝ խոտը վաճառենք, հետո վճարումները կկատարենք»,- զարմանում է պրոռեկտորը: Այստեղ եւս դեռ ուսման վարձը չվճարած ուսանողներ կան, թեեւ այնքան շատ չեն՝ 3 առաջին կուրսեցի, բայց նրանց համար էլ ժամկետները հետաձգվել են:

Որոշակի մասնագիտացումներում թանկացումներ են արձանագրվել նաեւ Երեւանի թատրոնի ու կինոյի ինստիտուտում: Ուսումնական գծով պրոռեկտոր Անետա Երզնկյանը «Առավոտին» ասաց, որ ռեժիսուրա մասնագիտության որոշակի մասնագիտացումներում նախորդ տարիների 385 հազար դրամի փոխարեն այս տարի 1-ին կուրսեցիները կվճարեն 400 հազար դրամ: Իսկ դերասանական որոշ մասնագիտացումներում նախորդ տարիների 333 000 դրամի փոխարեն՝ 360 000 դրամ: Նրա խոսքով, իրենց բուհում բոլորը ժամանակին կատարել են վճարումները:

Վարձավճարների փոփոխություններ չեն արձանագրվել նաեւ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում: Այդ մասին «Առավոտին» հավաստիացրեց բուհի ուսումնական գծով պրոռեկտոր Վլադիմիր Շեկոյանը՝ փաստելով, որ վերջին 5 տարիներին իրենց բուհում վարձավճարների փոփոխություններ չեն եղել: Ուսման վճարների ժամկետները հետաձգվել են 2 առաջին կուրսեցու համար:

Որոշակի մասնագիտացումներում վարձերը թանկացել են նաեւ Գեղարվեստի պետական ակադեմիայում: Ուսումնական գծով պրոռեկտոր Սվետլանա Գեւորգյանի խոսքով՝ թանկացումները 20-50 հազար դրամի չափով են: Ս. Գեւորգյանը նաեւ ասաց, որ տարեսկզբին վճարովի համակարգ անցած 2 դիմորդ հետ է վերցրել իր գործերը, իսկ 2 առաջին կուրսեցի դեռ չեն կատարել վճարումները, եւ նրանց համար երկարաձգվել են ժամկետները:

56 մասնագիտացումներից 9-ում թանկացումներ են եղել նաեւ Երեւանի պետական համալսարանում: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց բուհի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պատասխանատու Կարեն Գրիգորյանը՝ նշելով՝ ներքոնշյալ մասնագիտություններում՝ սոցիոլոգիա, լրագրություն, ակտուար մաթեմատիկա, սոցիալական աշխատանք, կադաստրային գործ, քարտեզագրություն, քաղաքագիտություն, հոգեբանություն եւ ռուս բանասիրականի որոշակի մասնագիտացումներում թանկացումները չեն գերազանցում 50000 դրամը: Կ. Գրիգորյանը հավաստիացրեց, որ 1-ին կուրսեցիները վճարները կատարել են ժամանակին:

Թանկացումներ չեն եղել նաեւ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Ուսումնական գծով պրոռեկտոր Ֆրունզ Ղազարյանի տեղեկացմամբ, մոտ 15 առաջին կուրսեցի դեռ չի կատարել վճարումը:

Մանկավարժական համալսարանում եւս թանկացումները կատարվել են մասնակիորեն: Ուսումնական գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանը «Առավոտին» ասաց, որ որոշակի մասնագիտացումներում են վարձավճարները բարձրացել եւ չեն գերազանցում 20000 դրամը: Առայժմ մոտ 19 առաջին կուրսեցի չի կատարել վճարումները, տարեսկզբին էլ 44 դիմորդ, ովքեր վճարովի համակարգում ուսանելու հնարավորությունից են հրաժարվել՝ հետ են վերցրել դիմումները:

Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում մոտ 15 առաջին կուրսեցի չի կատարել վճարումները՝ տեղեկացրեց ուսումնական գծով պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանը՝ փաստելով, որ թանկացումներ չեն եղել: Ճարտարապետաշինարարական համալսարանի աշխատակազմի ղեկավար Եղիազար Վարդանյանի տեղեկացմամբ, 1-ին կուրսեցիների 1%-ը դեռ չի կատարել վճարումները, սակայն հնարավորություն են ստացել մասնակիորեն կատարել վճարումները իրենց հարմար ժամանակ: Այս տարի այս բուհում վարձավճարների փոփոխություններ չեն կատարվել:

Հ. Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ ԿԳ նախարարը բուհերի ռեկտորներին առաջարկել է վարձավճարների գանձումները երկարաձգել մինչեւ հոկտեմբերի 15-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել