Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՏԱՐ ՀԱՅԵԼԻՆ ԵՎ ՄԵՐ ՊԱՏԿԵՐԸ

Սեպտեմբեր 30,2009 00:00

Նամակ՝ գրող Մովսես Պչակչյանին

Սիրելի Մովսես, սիրով կարդացի ու ավարտեցի «Անցողիկը եւ անժամանցելին» վեպդ, վեպ, որը «Լուսավոր աչքերով օտարականը» վեպիդ բնականոն շարունակությունն էր, եւ պատկերացրու, կարդացի, հիացա քո աստվածատուր տաղանդով, բայց քեզ կարդալը կիսատ մնաց… Եվ հիմա գրականագետի խոսք չէ, որ ուզում եմ գրել, մի բան, որ ինձնից առաջ հրաշալի են արել Վեհանուշ Թեքեյանը, Ալեքսանդր Թոփչյանը, Դավիթ Գասպարյանը, Մարգար Շարապխանյանը եւ բազմաթիվ հարգարժան գրական այրեր: Եվ այս պահին հետեւելով քո մտքին, թե գրողը աշխարհ է ստեղծում, իսկ ընթերցողը կարդալով այդ աշխարհը՝ ստեղծում է իրենը, դարձյալ համոզվում եմ, որ աշխարհ- կյանքը շարունակվում է եւ գրողի, եւ քո ընթերցողի համար ու երկուսն էլ դեռեւս ավարտված չեն, ինչպես որ անավարտ է Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակների որոնումներում» վեպը:

Երբ սրճարանում անծանոթ գեղեցկուհին պահի մեջ հեռանալով՝ իր հետ տարավ նաեւ շքեղ հայելու մեջ ցոլացող քո պատկերը ու քեզ թողնելով անցոլանք՝ դու սկսեցիր անհանգիստ փնտրել նրան, որպեսզի քո իսկ առեւանգված պատկերը գտնես, վերադարձնես: Ի՞նչ դժվար էր քո փնտրտուքի ճանապարհը, ինչ դժվար էր հանդգնել հասնելու հինգերորդ չափման սահմանին. ուր կա հեղինակը, Վերոնիկան, հերոսը՝ իր ազգի տառապանքի պատմությամբ, Անահիտը եւ ամենակարեւորը՝ գրողը ինքը, որը բոլորի տերն է ու ստեղծողը եւ տեսնում է նաեւ, թե ինչպես տիեզերքում արդեն մի անգամ ծնված մարդկանց երկիրը նորից է պատրաստվում ծնվել այս անգամ արդեն որպես նոր մարդու երկիր, քանի որ հին մարդկանցով նոր աշխարհը կերտել հնարավոր չէ: Տեսնում է նաեւ այն գալիքը, երբ ժամանակը դարձյալ գոյություն չուներ ջրերի վրա եւ բեւեռում ընդամենը երկու սառցադաշտ էին կազմավորվում եւ որտեղ չկար գրողը, որ տեսներ ու պատմեր աշխարհստեղծումը նոր: Թերեւս ճշմարիտ է ասված քո գրականության մասին, որ դու գրելը վերածել ես ազատագրումի եւ քո իսկ ազատագրումը՝ գրականության:

Կարդացի վեպդ, Մովսես ջան եւ աչքերիս առաջ պատկերացավ արդեն մեզանից հեռացող, բայց լաց լինելու չափ հարազատ, հիշողությանս մեջ փրկված տեսիլքի մի ծվեն, որը խորապես հուզեց ինձ, երբ դեռ ապրում էին երջանկահիշատակ հայրդ եւ մայրդ եւ դու ինձ նրանց հետ ճանապարհում էիր Երեւան՝ Օռլիի օդանավակայանում: Հիմա էլ աչքերիս դեմն է, երբ հրաժեշտից հետո հայրդ ու մայրդ թեւանցուկ գնում էին օրորուն քայլերով եւ նրանց հետեւից՝ դու: Ես վերադառնում էի Հայաստան, դուք՝ հարազատ դարձած օտարություն: Ինչպես հրաշալի վեպիդ Հովսեփ հերոսը բազմաթիվ գործընկերներ էր ճանաչում, որոնք գիշերները գնում էին Հալեպ կամ Կիլիկիա, բայց ամեն առավոտ դարձյալ վերադառնում էին Փարիզ, որպեսզի հանկարծ աշխատանքից չուշանան…

Ինչքան ազնիվ ես խոսքիդ ու տաղանդիդ մեջ, քանզի ի դեմս քո հերոսների եւ նրանց խոհերի թիկունքում ես տեսա, ճանաչեցի Հարութ եղբորդ, հայրիկիդ, որ կորցրել էր հիշողությունը եւ ապրելով Փարիզի կենտրոնում՝ ամեն երեկո անհանգստանում էր ու տագնապով մտածում, որ կարող է ուշանալ Բաղդադից եկող գնացքից: Իսկ գուցե հայրդ չէր էլ կորցրել հիշողությունը, այլ պարզապես անհանգիստ էր, որ կուշանա աշխատանքից եւ ուզում էր ժամանակին վերադառնալ Հալեպ, ինչպես քո հերոսի Փարիզում ապրող ընկերները: Այսինքն թե՝ օտարության մեջ թափառող քո հոր հիշողությունը անցել է քո արյան մեջ՝ տառապանքի կնիքը վրան, որի պատմությունը դու ծավալում ես առաջին հայացքից թվացյալ քո սիրային վեպում եւ հանգում զարմանալի եզրակացության՝ աշխատանքից չեն ուշանում միայն հայրենիքում եւ քանի որ դու գիտես Հայաստանի հասցեն, գիտես նաեւ այնտեղ տանող ճանապարհը, ի տարբերություն երեւելի Շահան Շահնուրի, որին խորթ էր Խորհրդային Հայաստանը, դու ճանաչում ու սիրում ես քո անկախ հայրենիքը եւ քո սիրո մեջ գնում ես նույնիսկ ծայրահեղության՝ երբ աշխարհի բոլոր տերությունների ղեկավարներից մի բան ես խնդրում, որ իրենց երկրներում բնակվող բոլոր հայերին ուղարկեն ետ՝ Հայաստան: Քանի որ նրանց ամենամեծ լավությունը դա կլինի եւ դա քեզ տանջող հարցականների պատասխանն է: Քանի որ կա մի տարօրինակ գաղտնիք, որ հրեան, որտեղ որ ապրի՝ չի կորցնում իր ազգությունը, որ Ալժիրում ծնված ֆրանսիացին մնում է ֆրանսիացի եւ կարծես թե միայն մեր ցեղն է, որ օտարության մեջ կորցնելով սեփական լեզուն՝ այլեւս հայ չէ:

Եվ միանշանակ ճիշտ ես, երբ ասում ես. սուրճը չխմես՝ կմնա, գինին չխմես՝ կմնա, իսկ եթե կյանքդ չապրես՝ կգնա: Ու Կյանքը արդար ապրելու, իրական իմաստը գտնելու փնտրտուքների ճանապարհները քեզ բերում-կանգնեցնում են քո պատմական հայրենիքի շեմին, որը քո միակ ունեցածն է, մնացածը հայելու մեջ երեւացող ցոլանք է, որ մի օր մի գեղեցիկ աղջիկ տարավ իր հետ, թողնելով քո դիմաց շքեղ հայելին՝ առանց քո պատկերի…

Իսկ ինչ վերաբերում է քո հերոսի գործած մեղքին, որի համար դու թողություն ես փնտրում, ուզում եմ վստահ լինես, որ այդ թողությունը քո Հովսեփ հերոսը ստացել է քո ձեռքերով, քո մեծ ու բացառիկ վեպի պատումի մեջ եւ ստացել է քեզանից, այսինքն՝ գեղարվեստից:

Հ. Գ. Սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մովսես Պչակչյանին պարգեւատրել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել