Մեր թերթի սեպտեմբերի 24-ի համարում «Մարզային գրադարանի մարտահրավերները» հոդվածով անդրադարձել էինք Տավուշի մարզային գրադարանի խնդիրներին, զրուցել գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանի հետ եւ տեղեկացրել, որ գրադարանը չի ջեռուցվում, աշխատողները ահը սրտում փայտի վառարան են տեղադրում եւ փայտ գնելու համար տարատեսակ դռներ ծեծում, շենքը երկու անգամ այրվել է, բայց վերջին 50 տարում չի նորոգվել եւ այլն, եւ այլն: Հրապարակումից հետո ստացել ենք Սաշա Հովսեփյանի նամակը, ուր նա որոշ պարզաբանումներ է տալիս: Ըստ տնօրենի, իրականում գրադարանը ունի ոչ թե 2000, ինչպես գրվել էր, այլ՝ 5000 ընթերցող, գրադարանի բյուջեն էլ չի կրճատվելու: Մենք գրել էինք, որ գրադարանում աշխատում են մարզի ղեկավարների հարազատները: Տնօրենը տեղեկացնում է, որ «գրադարանի աշխատակիցների գերակշիռ մասը 20-25 տարի առաջ է ընդունվել աշխատանքի, երբ մարզի եւ քաղաքի այժմյան ղեկավարներն իրենց ներկայիս պաշտոնում չէին»: Նկատենք, որ նշված անձանց ներկայիս պաշտոնները 20-25 տարի առաջ չկային, բայց նշված անձինք 20-25 տարի առաջ էլ բարձր պաշտոններ ունեին: