Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ

Սեպտեմբեր 30,2009 00:00

Լիազորությունների յուրացման նախադեպ

Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ Սիլվա Շահվերդյանը երեկ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանին:

«Հանգուցյալ ամուսնուս՝ Սաշա Շահվերդյանի հետ 25.08.92թ. ձեռք ենք բերել Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի թիվ 2 բնակելի տունը: Նշված տան իմ բաժնեմասը որեւէ մեկին չեմ օտարել կամ որեւէ այլ ձեւով չեմ զիջել: Ամուսնուս մահից հետո նրա բաժնեմասը ժառանգել է տղաս՝ Գարեգին Շահվերդյանը: Էջմիածնի շրջանային ժողովրդական դատարանը, ինձ գործին մասնակից չդարձնելով, քննել է քաղաքացիական գործ. Վաղարշակ Մանուկյանի հայցն ընդդեմ տղայիս՝ Գարեգին Շահվերդյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, եւ 1997թ. հունիսի 25-ի վճռով Գարեգին Շահվերդյանի պարտքի դիմաց բռնագանձումը տարածել է Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի թիվ 2 բնակելի տան վրա: Ես այս ողջ ընթացքում շարունակել եմ հաշվառված բնակվել իմ, սակայն կադաստրում արդեն Վաղարշակ Մանուկյանի սեփականությունը դարձած տանը: Վերը նշված վճռի մասին տեղեկացել եւ այն ստացել եմ 2009թ. ապրիլին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ»,- տեղեկացնում է Սիլվա Շահվերդյանը:

Վերջինս վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերում եւ կից ներկայացնում այդ պահին տան տեխնիկական անձնագրի պատճենը, որը հանգուցյալ ամուսնու անվամբ էր, ամուսնության եւ մահվան վկայականները եւ հիմնավորում, որ դատարանն իր իրավունքների վերաբերյալ կայացրել է բողոքարկվող վճիռ՝ իրեն գործին մասնակից չդարձնելով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2009թ. N 08-1976 որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է, պատճառաբանությամբ, որ «Բողոքին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ վիճելի գույքի նկատմամբ բողոք բերած անձի ամուսնու՝ Սաշա Շահվերդյանի սեփականության իրավունքը գրանցված չի եղել, ուստի հիմնավորված չէ վիճելի գույքի նկատմամբ Սիլվա Շահվերդյանի համասեփականատեր հանդիսանալու հանգամանքը»:

Բողոքաբերը հարցում է անում Կադաստրի Վաղարշապատի ՏՍ եւ պատասխան ստանում այն մասին, որ «Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի թիվ 2 բնակելի տունը պատկանել է Աղաբեկ Գրիգորի Նավասարդյանին եւ Արմենուհի Վանուշի Նիկողոսյանին, որոնք 25.08.1992թ. այն վաճառել են Սաշա եւ Սիլվա Շահվերդյաններին»:

Պատասխանից պարզ է դառնում, որ կադաստրում 1992-ին գրանցված է եղել ոչ միայն Շահվերդյանի հանգուցյալ ամուսնու, այլ նաեւ կնոջ սեփականության իրավունքը:

Ստանալով նշված պատասխանը, Սիլվա Շահվերդյանը կրկին վերաքննիչ բողոք է բերում, ներկայացնելով այս անգամ կադաստրի գրությունը:

Նշված բողոքի կապակցությամբ 2009թ. սեպտեմբերի 12-ին Ս. Շահվերդյանին է հանձնվում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնական Ն. Խաչատրյանի 2009թ. ԴԴ.7-17778 գրությունը, որում նշված է. «Ձեր կողմից 2009թ. հուլիսի 2-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան մուտքագրված բողոքի կապակցությամբ հայտնվում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր՝ Գոհար Մատինյան) 2009 թվականի մայիսի 15-ի որոշմամբ վերադարձրել է Ձեր վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի հիմքով (բողոքը բերել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի): Նշված որոշումն անփոփոխ է մնացել ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 22-ի թիվ 3-150 ՎԴ 2009թ. որոշմամբ: Նման պայմաններում Ձեր կողմից բերված նույնաբովանդակ վերաքննիչ բողոքը կրկին քննության առնելու իրավական հիմքերը բացակայում են»:

Դատավորի օգնականը իրավասու չէր որոշելու, թե ո՞ր վերաքննիչ բողոքը կարող է քննության առնվել եւ որը՝ ոչ: Այդ հարցը նույնիսկ իրավաբանությունից հեռու անձի տեղեկությամբ լուծվում է ՀՀ դատական եւ քաղաքացիական օրենսգրքերի համաձայն, բացառապես դատարանի կողմից՝ ի դեմս դատավորների:

«Դատավորի օգնականի նման գրությամբ տեղի է ունեցել դատարանի լիազորությունների յուրացում, քանի որ միայն դատարանն է իրավասու որոշել՝ վերաքննիչ բողոքը ենթակա է վարույթ ընդունման եւ քննության, թե՝ վերադարձման»,- ասում է Ս. Շահվերդյանը:

Ի դեպ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226 հոդվածը սահմանում է վճռաբեկ բողոք բերելու երկու հիմք, դրանք են՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումները, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա:

Դատավորի օգնականի գրությամբ քաղաքացին զրկվել է ՀՀ Սահմանադրության 18 եւ 19 հոդվածներով ու «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6 հոդվածով երաշխավորված՝ դատարանի մատչելիության եւ դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն իրականացնելու հնարավորությունից:

Քաղաքացին պահանջում է, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունման վերաբերյալ (դատարանը որոշում պետք է կայացնի):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել