Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կովերը՝ ականների վրա

Սեպտեմբեր 30,2009 00:00

Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերից գողացված անասունները «բախտավո՞ր» են

\"\"«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Նոյեմբերյանում անասնագողություններին, այդ հանցագործությունների խրոնիկ չբացահայտումներին եւ ականների վրա պայթող անասունների խնդիրներին: Սեպտեմբերի 28-ին գրանցվել է հերթական դեպքը:

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16-ի սահմաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի բնակիչների երեք կով պայթել է հայ-ադրբեջանական սահմանագոտու ականների վրա: Այդ օրը թաղի հերթապահ նախրապանը 79-ամյա Վազգեն Մարգարյանն էր, որին վստահված էր 43 կովից բաղկացած նախիրը: Անընդհատ անձրեւ էր, մառախուղ: Նախրից 16 կով, տավարած Վազգեն Մարգարյանի հսկողությունից դուրս մնալով, թեքվել է աջ եւ հայտնվել հայ- ադրբեջանական սահմանին մոտ ականապատ դաշտում: Ոսկեվանի գյուղապետարանից տեղեկացանք, որ ոսկեվանցիներ Ռաֆիկ Ավագյանի, Բաբկեն Ալեքսանյանի եւ Վաչագան Մարգարյանի կովերն են: Վերջինս Վազգեն Մարգարյանի որդին է: Ականի վրա պայթած, ոտքերը կորցրած 3 կովերը մինչեւ այժմ գտնվում են սահմանագոտում՝ անօգնական վիճակում: Անասնատերերից Ռաֆիկ Ավագյանը դեպքից հետո փորձել է ձայն տալով կանչել, ականապատ դաշտից դուրս հանել վիրավոր իր կովը, սակայն ոչինչ չի ստացվել:

Մի քանի օր առաջ, սեպտեմբերի 26-ին, Ոսկեպար գյուղի սահմանագոտում, Ոսկեպար գետի աջ ափի ականապատված վայրում ականի վրա պայթել է գյուղի բնակիչ Արտեմ Մանուչարյանի մոզին: Հակահետեւակային ականի գործելու հետեւանքով ոտքից զրկված անասունը՝ մինչ այժմ կենդանի, այնտեղ է:

Վերջին մի քանի տարում Ոսկեպարի սահմանամերձ տարածքում՝ ականների վրա խոշոր եղջերավորների պայթելու, դրա հետեւանքով անասունների կորստի այլ դեպքեր էլ են եղել: Զարմանալի է, սակայն սահմանագոտում տեղադրված ականներին միայն մեր սահմանային գյուղերի բնակիչների անասուններն են բախվում: Սեպտեմբերի լույս 16-ի գիշերն անհայտ անձինք հափշտակել են սահմանամերձ Բաղանիս գյուղի 65-ամյա բնակիչ Հրանտ Եդիգարյանի 26 գլուխ խոշոր եղջերավոր անասունները: Այդ գողության հետքերը, ըստ ոստիկանության հաղորդագրության, տանում են Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղ: Գիշերը, խոր մթության մեջ, մեր սահմանապահների դիրքերից ընդամենը 200 մ հեռավորությամբ, գողերը նախիրի հետ միասին անցել են սահմանը եւ ոչ մի կով չի պայթել ականների վրա:

Դրանից 7 ամիս առաջ, փետրվարի լույս 21-ի գիշերը Ոսկեվանում գողացել էին Էդիկ Գարդիշյանի 6 կովը, 5 ցլիկը եւ հորթը: Այդ նույն գիշերը հափշտակել են նաեւ ոսկեվանցի Սեյրան Մելքոնյանի 2 կովը: Գրեթե երկու ամիս անց, ապրիլի լույս 18-ի գիշերը անասնագողերը առեւանգել են նույն Էդիկ Գարդիշյանի երկու ձին: Բոլոր այս անասնագողությունները մինչ այժմ չբացահայտված են մնում:

Հրանտ Եդիգարյանի, էդիկ Գարդիշյանի, Սեյրան Մելքոնյանի գողացված անասունները եւս քշվել են Ղուշչի Այրում: Անցած տարվա հունիսի 10-ին Բաղանիսի բնակիչ Բաղիշ Հարությունյանի 104 ոչխարի, 40 գառի եւ 6 այծի գողության հետքերը նույնպես Ղուշչի Այրում են տանում: Հենց սա է զարմանալին. ինչո՞ւ սահմանագոտու ականների վրա Նոյեմբերյանի գյուղերից հափշտակված անասունները եւ դրանց առեւանգողները չեն պայթում: Մի՞թե փորձված անասնագողերը, ի տարբերություն հայ նախրապանների, գիտեն ականների տեղադրման տեղերը: Սա հարց է, որ տարիներ շարունակ հուզում է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային բնակավայրերի հազարավոր բնակիչների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել