Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ»

Սեպտեմբեր 30,2009 00:00

\"\"Այս կարծիքին է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը

Այս օրերին տաքսու վարորդից, կոշկակարից սկսած՝ մինչեւ քաղաքական գործիչ ու պատմաբան, քննարկում են հայ-թուրքական սահմանի բացման առիթով նախաստորագրված Արձանագրությունների թեման: Բացի այն, որ շատ-շատերը գտնում են, որ սահմանի բացումով հայերը մի շարք կարեւոր հարցերում Թուրքիային տանուլ կտան, հանրության դժգոհությունը հարուցել է նաեւ պատմական խնդիրներով զբաղվող միջկառավարական հանձնաժողովի ստեղծման փաստը, քանի որ դա կարգելակի Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը գտնում է, որ իդեալական կլիներ, եթե այդ կետն առհասարակ չլիներ Արձանագրություններում, սակայն, ըստ պարոն Դեմոյանի, եթե անգամ վերջնական ստորագրվեն Արձանագրությունները, ապա մենք բավարար պոտենցիալ ունենք ապացուցելու Ցեղասպանության փաստը: «Առավոտի» հետ զրույցում Հ. Դեմոյանն ասաց. «Այո, լոբբիստական աշխատանքներ տարվում էին, բայց մենք հաշվի չենք առնում, որ Ցեղասպանության ճանաչման որոշ գործընթացներ համահունչ են գնացել Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու փորձերին: Հայ դատի գրասենյակը հսկայական ֆինանսներ եւ ժամանակ է ծախսել ճանաչման համար, բայց շատ դեպքերում կա սուբյեկտիվ գործոն, դա այն է, որ Եվրամիության անդամ երկրների մեծ մասն է ճանաչել եւ դա պատահական չէ: Այն մարդիկ, որ մտածում են, թե ենթահանձնաժողովով կարգելակվի Ցեղասպանության ճանաչման գործընթացը, կարող եմ վստահեցնել, որ նույն Եվրոպան մի օր մեզ կհամոզի, որ մեր շրջանակները առավել ակտիվ լինեն այդ ճակատում, որովհետեւ իրենք կարիք ունեն Թուրքիային Եվրամիության անդամությունից որքան հնարավոր է հեռու պահել: Ցեղասպանության ճանաչումը քաղաքականություն է, ԱՄՆ-ն, Եվրոպան այդ թեման որպես մահակ են պահում Թուրքիայի գլխին»: Հ. Դեմոյանի կարծիքով, մեր դիվանագիտության գլխավոր ուղին՝ թուրք հասարակության ներսում ուղղակի աշխատանք տանելն է. «Երբեւիցե թուրքերն իրենց վրա պարտավորություն չեն վերցնի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես պատմական փաստ ընդունելու: Մենք գործողությունը պետք է սկսենք ներքեւից»: Թանգարանի տնօրենի խոսքերով՝ սահմանի բացումը վտանգավոր է նախեւառաջ Թուրքիայի համար, քանի որ ցեղասպանության թեման քննարկվելու է անմիջապես Թուրքիայի սահմաններում: Այն, որ հանձնաժողով է ստեղծվելու եւ պատմական փաստեր քննարկվելու, մեր հասարակությունը, ըստ Հ. Դեմոյանի, անտեղի է վախենում. «Վերջերս «Զաման» թերթը մի հոդված էր գրել, որ Ցեղասպանության ճանաչման պայքարում Թուրքիան վաղուց տանուլ է տվել: Ես ունեմ առնվազն 5 թեմա, որոնք, եթե անգամ հեռակա կարգով քննարկենք, վստահեցնում եմ, թուրքերը մոտիկ չեն գա: Օրինակ՝ ցեղասպանություն իրականացրած ոճրագործների հետագա պաշտոնների եւ ներկայիս Թուրքիայի հիմնադիր հայրեր հանդիսանալու փաստը, այդ մարդկանց կարողությունների, ժառանգության եւ հետագա գործունեության հիմքն առաջ քաշելով՝ վերից վար ճաք է տալու թուրքական պաշտոնական տեսակետը, ինչպես Խորհրդային միության դեպքում եղավ»:

Ինչ վերաբերում է սահմանների խնդրին, Հ. Դեմոյանն ասաց. «Ցանկացած պայմանագիր, որը պետք է հաստատի պաշտոնական սահմանները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, եւ որը միջազգային պայմանագրով պետք է հաստատագրված դիտարկվի, դա Կարսի պայմանագրով ձեւակերպվածն է, բայց եթե կնքվում է երկկողմ պայմանագիր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, անխուսափելիորեն պետք է Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարվի: Այլապես այդ պայմանագրի մեջ պետք է նշվի, որ «վերահաստատելով Կարսի պայմանագրով ձեւակերպված սահմանները», ինչին, կարծում եմ, հայկական կողմը չի գնա, բայց երկկողմ պայմանագրում պետք է հստակ գրվի՝ ինչի հիման վրա է այդ սահմանը գծվում: Թուրքերին ձեռք չի տալիս Կարսի պայմանագիր կնքել, այդ պայմանագրում շատ հետաքրքիր կետ կա, որը եռապարտավորություն է՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Դա Նախիջեւանի կարգավիճակի հարցն է: Եթե նոր միջպետական պայմանագրով վերահաստատվում է Կարսի պայմանագրի որեւէ դրույթ, ապա պետք է առաջ քաշվի Նախիջեւանի ինքնավար կարգավիճակի խնդիրը»:

Այս առումով պարոն Դեմոյանին առավել մտահոգում է, թե, արդյոք, երկկողմ պայմանագիր կնքելու ժամանակ հղո՞ւմ է կատարվելու նախկին պայմանագրերին, թե՝ դրանք չեղյալ են հայտարարվելու:

Արձանագրություններում մի կետ էլ կա, որը եւս խնդրահարույց է, սակայն ըստ պարոն Դեմոյանի, շատերն այդ մասին չեն խոսում. «2 կողմերը պարտավորվում են հարգել եւ ուշադրություն դարձնել պատմամշակութային ժառանգությանը: Որեւէ թուրքական մշակութային ժառանգություն ՀՀ տարածքում չգիտեմ, բայց գիտեմ հազարավոր հայկական մշակութային հուշարձաններ՝ Թուրքիայում, որոնք կանխամտածված ոչնչացվել են: Այս կետում պետք է լիներ՝ վերականգնել եւ գործարկել, ինչի արդյունքում շատ հանգիստ կարելի էր պնդել, որ Աղթամարը հայ առաքելական եկեղեցի է եւ պետք է հայ համայնքին վերադարձվի, համայնքին պետք է վերադարձվեն նաեւ կալվածքներ, ինչը Լոզանի պայմանագրով էլ Թուրքիան պարտավոր էր կատարել»:

Հայկ Դեմոյանի կարծիքով, հայ-թուրքական այս գործընթացը մի օր պետք է սկսվեր, սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լուրջ ռազմավարություն ունենալ. «Պետք է մենք մեզանից վախենանք: Օրինակ՝ Թուրքիայից Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր էինք բերում Հայաստան, իսկ մեր մաքսայինը կաշառք է ուզում դրա համար: Նման բաներից պետք է վախենալ, ոչ թե Արձանագրություններից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել