Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ Է

Սեպտեմբեր 30,2009 00:00

«Հաջորդ տարի թոշակների, աշխատավարձերի, սոցիալական եւ մնացած բոլոր կարգի վճարումների բարձրացում չենք նախատեսում: Կլինեն որոշակի բարձրացումներ, որոնք հաշվարկային բնույթ ունեն՝ մասնավորապես քաղծառայության ստաժի հետ կապված, նույնը վերաբերում է նաեւ թոշակներին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ փաստելով, որ այս տարվա աշխատավարձերն ու թոշակները նախորդ տարվա համեմատ զգալիորեն բարձր են: 2010-ի բյուջեն, նախարարի բնորոշմամբ, լինելու է պահպանողական, խնայողական, հակաճգնաժամային. «Ինձ համար հոգեհարազատ է տնտեսության կայունացման բյուջե անվանումը, որովհետեւ, կարծում եմ, հաջորդ տարի կկարողանանք վերջնականապես կայունացնել տնտեսությունը եւ նույնիսկ հիմքեր ստեղծել ապահովելու երկրի կայուն զարգացումը առաջիկա տարիներին»: Ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի ծախսերի ու եկամուտների կանխատեսումները՝ պարոն Դավթյանն ասաց, որ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի համաձայն, կանխատեսվում է հաջորդ տարի համախմբված բյուջեն եկամուտների գծով հասցնել 701.7 մլրդ դրամի, իսկ ծախսերի մասով՝ 884,7 մլրդ դրամ, դեֆիցիտն էլ՝ 183.0 մլրդ դրամ:

«Մենք արդեն հաջորդ տարվանից պետք է բյուջետային դեֆիցիտի հստակ քաղաքականություն սկսենք. այս տարվա բարձրացված չափաքանակը կամաց իջեցնել, որի նպատակը կլինի առաջիկա տարիներին վերադառնալ միջազգայնորեն ընդունված չափանիշներին»,- ասաց Տ. Դավթյանը:

Անդրադառնալով դեֆիցիտի ու ՀՆԱ-ի հարաբերակցությանը, նախարարն ասաց, որ հաջորդ տարի նախատեսվում է այն հասցնել 5,69%-ի: Նախարարը նաեւ ասաց, որ 2010-ի պետական բյուջեով նախատեսվող դեֆիցիտի ֆինանսավորման համար ծրագրվում են ներգրավել մոտ $355,45 միլիոնին համարժեք դրամի վարկեր: Հաջորդ տարի պարոն Դավթյանը կանխատեսեց 1,2-1,3% տնտեսական աճ: Նա վստահեցրեց, որ չնայած այս տարվա անկմանը, տնտեսական գործընթացները մեր երկրում կանխատեսելի ու կառավարելի էին: Ըստ նախարարի, հնարավորինս պահպանել են ծախսերի մակարդակը եւ կրճատվել են միայն այն ծախսերը, որոնք տնտեսության վրա էական ազդեցություն չեն ունեցել. «Մնացած բոլոր ծախսերը, որոնք այս կամ այն չափով կապված են տնտեսության խթանման հետ, մենք հնարավորին չափով կփորձենք չկրճատել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել