Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոշտանգում են «բացառիկ ցինիզմով ու սադիզմով»

Սեպտեմբեր 30,2009 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել իր երիտասարդական թեւի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի դեմ «թխված» գործի վերաբերյալ հայտարարությամբ՝ արձանագրելով, որ վերջինիս գործը ի սկզբանե «ոստիկանության ամոթալի ու մեղկ վարքագիծը բնութագրող փայլուն օրինակ էր»։

Անդրադառնալով այդ գործի, Տ. Առաքելյանի ձերբակալության եւ նրա դեմ մեղադրանք առաջադրելու նախապատմությանը՝ Կոնգրեսը փաստել է, որ «երկար ժամանակ է, ինչ Տիգրան Առաքելյանը տեսողության հետ կապված սուր եւ վտանգավոր խնդրով գտնվում է կալանավայրերի հիվանդանոցում, որտեղ բացակայում են այդ հիվանդության բուժման հնարավորությունները։ Այն բանից հետո, երբ մասնագիտական հետազոտմամբ պարզվեց, որ առողջական այդ ծանր խնդիրը նա ստացել է ոստիկաններից մեկի կողմից գլխին ստացած ատրճանակի հարվածից, ոստիկանությունը, որպես պատասխան, դիմեց հերթական «ինքնապաշտպանական» նողկալի քայլին. նախաքննությունը վարող մարմնի միջոցով, քաղբանտարկյալին 3 ամիս անց նոր՝ ոստիկանին դիմադրություն ցույց տալու ու մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք առաջադրվեց, ինչը ենթադրում է 5-10 տարի ազատազրկում»։ ՀԱԿ-ում վստահ են, որ «ոստիկանությունը առաջնորդվում է մանր քինախնդրությամբ եւ բացառիկ ցինիզմով ու սադիզմով խոշտանգում է անմեղ քաղաքացուն նրա քաղաքական հայացքների համար։ Այսօրինակ վարքագծով պետական ամենակարեւոր ինստիտուտներից մեկը, որի բուն պարտականությունը հենց օրենքն ու օրինականությունը, քաղաքացիների իրավունքները պաշտպանելն է, իրեն ոչ միայն դուրս է դնում օրենքից, այլեւ դառնում համընդհանուր արգահատանքի առարկա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել