Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՂՄ ԵՆ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁ

Սեպտեմբեր 30,2009 00:00

Հանրային խորհուրդն այսօր ՀՀ նախագահին կներկայացնի իր առաջարկությունները եւ մտահոգությունները հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ:

Հանրային խորհուրդը երեկ բաց նիստ էր անցկացնում՝ լրատվամիջոցների մասնակցությամբ: Այդ «բաց»-ը խիստ հարաբերական էր, քանի որ իրականում խորհուրդը իր առաջարկությունները հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ արդեն գրավոր ուներ, եւ երեկ պարզապես քննարկվում էին այդ առաջարկությունները: Մյուս կողմից էլ՝ մի փոքր անհասկանալի էր, թե հանրային խորհրդի այդ առաջարկությունները որպես ինչ են օգտագործվելու, քանի որ բազմիցս է ասվել, որ նախաստորագրված արձանագրությունները փոփոխության ենթակա չեն, եւ քաղաքական ուժերի հետ նախագահի հանդիպումից հետո նույն այդ ուժերի ներկայացուցիչներն էին հայտարարում, որ իրենց ասել են՝ փոփոխություններ չեն առաջարկվելու, քանի որ եթե մենք այդ բանն անենք, թուրքական կողմը եւս կսկսի առաջարկություններ ներկայացնել: Բոլոր դեպքերում հանրային խորհուրդը, նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, երեկ քննարկեց եւ այսօր առավոտյան իրենց առաջարկությունների հետ հերթական «ադաբրյամսը» կներկայացնի հանրապետության նախագահին: Սահմանների բացման մասին արձանագրության մեջ առկա ձեւակերպումներում հանրային խորհրդի անդամները ձգտում էին շեշտել, որ սահմանների բացումը ոչ միայն Հայաստանին, այլեւ Թուրքիային է հարկավոր: Սահմանների բացմանը վերաբերող կետերում խմբագրական որոշ փոփոխությունների մասին առաջարկները լսելով՝ Վազգեն Մանուկյանը նկատեց. «Մենք ի՞նչ ունենք, 93 թվին Թուրքիան փակեց ճանապարհը, որ ծնկի բերի Հայաստանը, որը պատերազմի մեջ էր, նպատակին չհասավ: Պատճառներից մեկը, որ ճանապարհը բացում են, նաեւ դա է»: Հանրային խորհուրդը, բացի նրանից, որ դրական էր գնահատել հայ-թուրքական սահմանի հավանական բացումը եւ կողմ է արտահայտվել նախաստորագրված արձանագրություններին, ներկայացրել էր նաեւ մտահոգություններ, որոնք, մեր հաշվարկներով, ավելի շատ են, քան հավանության արժանացած տողերը: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Ըստ հանրային խորհրդի՝ «արձանագրությունների վավերացումը բացասական հետեւանքներ կարող է ունենալ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացների վրա, քանի որ արձանագրությունների մեջ զետեղված պատմական հարցերին նվիրված ենթահանձնաժողովի ստեղծմամբ երկու ժողովուրդների պատմական անցյալին վերաբերող իրադարձությունների քննարկումը կարող է ընկալվել որպես Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու հանգամանք»։ Խորհրդի քննարկումներում հնչել են մտահոգություններ, որ արձանագրությունների վավերացումը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում հայանպաստ լուծումների գնալու հնարավորությունները: Հնչել են մտահոգություններ նաեւ սահմանների ճանաչման հարցում արձանագրություններում «երկկողմ համաձայնություն» արտահայտության անորոշության կապակցությամբ։ Մտահոգությունների շարքում նշված է նաեւ. «Հանրային խորհուրդը անընդունելի է համարում Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը կասկածի տակ դնելու կամ քննարկման նյութ դարձնելու յուրաքանչյուր փորձ։ Հայոց ցեղասպանության պատմական փաստը գիտական համապատասխան մակարդակում ուսումնասիրված, դրա պատմական ու իրավական բնորոշումները բազմիցս հաստատված են ակադեմիական ամենաբարձր մակարդակով։ Աշխարհի հեղինակավոր ցեղասպանագետներ ընդգրկող այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը» եւ «Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվողների ընկերակցությունը» 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացված բռնությունները պաշտոնապես բնորոշել են որպես «ցեղասպանություն»։ Այդ անառարկելի բնորոշումների հիման վրա աշխարհի թվով 22 երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Հանրային խորհուրդը գտնում է, որ ենթահանձնաժողովի օրակարգը ձեւավորելիս ցեղասպանության եղելությունը չպետք է դառնա քննարկման առարկա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել