Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չուզեցին մանդատները վայր դնել

Սեպտեմբեր 30,2009 00:00

Ինչպես որ խորհուրդ է տալիս Լեւոն Զուրաբյանը

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ «Ժառանգություն» կուսակցությանն ու ՀՅԴ-ին կոչ է արել վայր դնել մանդատները՝ ի նշան բողոքի հայ-թուրքական արձանագրությունների դեմ: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Զուրաբյանը համոզմունք է հայտնել, որ նման քայլը կարող է «շատ լուրջ գործոն դառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա ընթացքը կանխելու համար»: «Եթե այսօր Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» որոշում են ընդունում վայր դնել իրենց պառլամենտական մանդատները՝ ի բողոք կատարվող պրոցեսի, դրանով նրանք, ճիշտ է, իրավական առումով որեւէ ճգնաժամ չեն առաջացնում, բայց առաջացնում են լրջագույն քաղաքական ճգնաժամ: Դրա արդյունքում խորհրդարանում փաստորեն այլեւս ընդդիմությունը չի լինի: Սա ամբողջ միջազգային հանրության համար ազդակ կլինի, որ ինչ-որ մի պրոցես է գնում, որը փորձում են փաթաթել հայ հասարակությանը: Եվ սա լրջագույն քայլ կլինի, որը թույլ կտա բեկում մտցնել այս ամբողջ պրոցեսի մեջ»,- իր առաջարկն այսպես է փաստարկել Կոնգրեսի ներկայացուցիչը:

Հարցին՝ թե ինչո՞ւ «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը կարողացան պայմանավորվել համագործակցության շուրջ՝ հայ-թուրքական արձանագրությունները կանխելու համար, իսկ ՀԱԿ-ը՝ ոչ, Զուրաբյանն արձագանքել է, թե՝ «Ժառանգությունն» այդ հարցով Կոնգրեսին չի էլ դիմել:

ՀԱԿ համակարգողն էլի մի անգամ անդրադարձել է ՀՅԴ-ի բողոքի ցույցի պահանջներից մեկին՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականին, եւ ասել, որ արտգործնախարարի հրաժարականը պահանջելը «ուղղակի մանկամտություն է», իսկ ժողովրդին համոզել, որ նա է մեղավոր այդ արձանագրությունների համար, նշանակում է՝ «փորձել օգնել Սերժ Սարգսյանին վարել ներկայիս քաղաքականությունը»:

Հարցին, թե այդ պարագայում ինչո՞ւ «Ժառանգությունը» միացավ ՀՅԴ-ին եւ ոչ թե ՀԱԿ-ին, Զուրաբյանը արձագանքել է. «Եթե միանում է այդ կարգախոսներով, ուրեմն ինքը խաղալու է այդ անպատվաբեր խաղը»: Բանախոսն ասել է, որ եթե Կոնգրեսը տեսնի, որ այդ երկու կուսակցությունների գործողությունները ավելի լուրջ թիրախի են ուղղված, դա ոչ միայն կողջունի, այլեւ կմիանա դրան:

Զուրաբյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ արձանագրությունների ստորագրումը կանխելու միակ տարբերակը համաժողովրդական բողոքի ալիք բարձրացնելն է, որի նպատակը պետք է լինի նախագահ Սարգսյանի հրաժարականի պահանջը: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ՀԱԿ-ի՝ մանդատները վայր դնելու առաջարկի վերաբերյալ ռ/կ-ի հետ զրույցում ասել է, թե մանդատներից հրաժարվելու անհրաժեշտություն չկա, քանի որ դա «բովանդակային առումով մեծ ազդեցություն չի ունենա», իսկ միջազգային հանրությունն էլ «կանտեսի» ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատներից հրաժարվելը, քանի որ «բազմիցս ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը»:

ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանն էլ այդ նույն առաջարկի առնչությամբ ասել է, թե՝ Դաշնակցությունը, անշուշտ, հակված է լսել տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների տեսակետներն ու խորհուրդները, բայց Լեւոն Զուրաբյանը «այդ գործիչների թվում չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել