Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՎԱՅԻ ԹԱՏՐՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբեր 29,2009 00:00

Մեկնաբանում են ռուսաստանցի մեր հայրենակիցները

Մոսկվայի տան եւ Մոսկվայի հայ մշակույթի բարգավաճման ֆոնդի աջակցությամբ սեպտեմբերի 27-28-ը Երեւանում հայ հանդիսատեսին ներկայացավ Մոսկվայի հայկական թատրոնը՝ թիֆլիսահայ գրող Գեւորգ Տեր-Աղեքսանյանի «Ուխտագնացություն Սուրբ Թելեթ» կամ «Վայ, վայ… իսկը հայկական վոյաժ» եւ ռուս դրամատուրգ Ալեքսեյ Ռիմովի՝ չեչենական պատերազմին վերաբերող «Մենամարտը» բարեգործական ներկայացումներով: Երեկ թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Սլավա Ստեփանյանը «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողներին պատմեց թատրոնի ստեղծման մասին. «2001թ. Մոսկվայում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ բացվեց հայկական թատերական ստուդիա, որը սկզբում կոչվում էր Արտիստական թատրոն, հետո վերանվանվեց Մոսկվայի հայկական թատրոն»: Այսօր թատրոնին կից գործում է Լազարյանների անվան թատերական ստուդիա, որտեղ դասավանդում են հայտնի դերասաններ: «Թատրոնն իր խաղացանկում ունի մանկական ներկայացումներ՝ Թումանյանի հեքիաթներից, Լեոնիդ Ենգիբարյանից, հոգեբանական դրամաներ՝ Վիլյամ Սարոյան, Ժան Կոկտո եւ այլն: Այժմ աշխատում ենք Փավստոս Բուզանդի եւ Մովսես Խորենացու պատմությունների հիման վրա բեմադրել հայոց Փառանձեմ թագուհու մասին ներկայացում: Այս գործով ուզում ենք բարձրացնել նաեւ Փառանձեմի՝ սրբերի շարքին դասելու հարցը»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Անցյալ տարի Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ, որն իրենք անվանել էին «Դատը շարունակվում է», խաղացել են ռուս հայտնի դերասաններ Իգոր Կոստալեւսկին, Ալեքսեյ Պետրենկոն եւ այլք: Թատրոնի դերասանական կազմը բաղկացած է 25 հոգուց՝ հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, ալաններ: Ս. Ստեփանյանը նշեց, որ ներկայացումների մեծ մասը հայերեն է, բայց քիչ չեն նաեւ ռուսերեն բեմադրությունները. «Օտարերկրացիները հայերեն սովորում են թատրոնում: Մեր թատրոնը հայ-ռուսական թատրոն է, նպատակն է՝ մատուցել հայ մշակույթն ու արվեստը: Ռուսերեն խաղալը օգնում է, որ այլազգիները ճանաչեն մեր Թումանյանին, շատերը նույնիսկ չգիտեն, որ հայերը քրիստոնյա են»:

Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը նշեց, որ այս տարի նոյեմբերի 23-29-ը կանցկացվի «Կարոտ» ամենամյա փառատոնը, որի շրջանակներում նախատեսված է Թովմաս Պողոսյանի «Ջիվանի» գրքի մոսկովյան շնորհանդեսը: Ս. Ստեփանյանը նշեց, որ իրենք բազմիցս հրավիրել են հայ ռեժիսորների՝ Մոսկվայում ներկայացումներով հանդես գալու, բայց հայկական կողմից միայն անտարբերություն են զգացել:

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով հայ-թուրքական Արձանագրություններին, Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը նշեց. «Ողջունում եմ նախագահ Սարգսյանի քայլը: Մենք քրիստոնյա ենք եւ մեր օրինակով պետք է ցույց տանք, որ ներելը քրիստոնեական արարք է, որովհետեւ հոգեբանական տեսանկյունից եթե մենք չներենք, մեզ կհիվանդացնենք: Եթե այսպիսի խոսակցություն բացվեր մի ուրիշ ժամանակաշրջանում, դա կհամարեի վախկոտություն, բայց այսօր մենք ուժեղ ենք ամեն ինչով: Գտնում եմ, որ այս ամենը երեխայություն չէ, այլ լուրջ, կանխամտածված քայլ եւ ճիշտ գործելու դեպքում հաջողություն կունենանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել