Լրահոս
Օրվա լրահոսը

Կապ՝ FASHION-ի միջոցով

Սեպտեմբեր 29,2009 00:00

Fashion-ը միայն հագուստին չի վերաբերում. համոզված են սրճարանների ու ռեստորանների ներկայացուցիչները

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ին, Նկարիչների միությունում հարսանեկան տրամադրություն էր: Միության բակում շքեղ հարսանեկան մեքենան էր կանգնած, ներսում հարսանեկան ծաղկեփնջեր, կոմպոզիցիաներ էին, շամպայն, հարս ու փեսայի զարդարված բաժակներ, հարսանեկան տորթեր, հյուրերի համար նախատեսված սեղաններ ու հարսանեկան զգեստներով շրջող աղջիկներ: Տեղեկացնենք, որ Նկարիչների միության անդամներից ոչ ոք չէր ամուսնանում եւ ոչ էլ միության դահլիճն էր վարձակալվել որեւէ մեկի հարսանեկան արարողությունն անցկացնելու համար: Իրականում Նկարիչների միությունում հարսանեկան պարագաների ցուցադրություն էր՝ «Fashion show»:

«L&A fashion group»-ի նախաձեռնությամբ եւ մի շարք այլ ընկերությունների մասնակցությամբ Երեւանում առաջին անգամ անցկացվեց հարսանեկան արարողության պարագաների ցուցադրություն: «Մի օր ընկերներով որոշեցինք կազմակերպել այնպիսի մի ցուցադրություն, որտեղ կներկայացվի որեւէ արարողակարգի համար պահանջվող ամեն տեսակ պարագաներ: Որոշեցինք սկսել հարսանեկան արարողությունից՝ հարսանեկան զգեստներ, այդ արարողությունների համար նախատեսված շքեղ երեկոյան հագուստներ, տոնածիսական պիտույքներ, ծաղկային կոմպոզիցիաներ, հուշանվերներ, հարսանեկան տորթեր, անուշեղեն, սեղանի զարդարանք, դրանց համար պահանջվող պարագաներ եւ այլն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց միջոցառման կազմակերպիչ՝ «L&A fashion group»-ի ներկայացուցիչ Նաիրի Ջիվանյանը:

Նրա ձեւակերպմամբ, ցուցադրությանը ներկայացված էին հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների եւ անհատ դիզայներների առաջարկած աշխատանքները. «Այս գործում մեզ օգնության հասան Լիլիա Հարությունյանն իր երեկոյան զգեստներով, «Նարոտ» հարսանեկան սրահը՝ իր հարսանեկան զգեստներով, «Լիլիթ դիզայն ստուդիոն»՝ ծաղիկների կոմպոզիցիաներով եւ հուշանվերներով, Լիբանանից ժամանած Նաիրի Յորդեքյանը՝ տոնածիսական պիտույքներով, «Mokka» սրճարանն ու «Phoenicia» ռեստորանն էլ՝ հարսանեկան շքեղ տորթերով եւ ֆուրշեթի սեղաններով»:

«Fashion show» կազմակերպելու նպատակի մասին էլ Ն. Ջիվանյանը ասաց. «Քանի որ շեշտը դրված է Հայաստանում եւ Սփյուռքում ապրող, գործեղ ընկերությունների ցուցադրությանը՝ հայրենի հողի վրա, մեր նպատակն էր Հայաստան-Սփյուռք կապը ստեղծել նաեւ fashion-ի՝ նորաձեւության միջոցով: Այսինքն, այն, ինչ դրսում կա նորաձեւության ասպարեզում՝ պետք է բերել Հայաստան եւ փորձել ձուլել հայկականին, ազգայինին: Այսօրվա ցուցադրությունն ունի հատուկ զարգացող թեմա՝ հարսանեկան զգեստների ու պարագաների ավանդական հին հայկական ազգային ձեւերից մինչեւ մեր օրեր, ժամանակակից ձեւեր: Մեկ այլ նպատակ էլ ունենք՝ հնարավորություն ստեղծել դրսում ստեղծագործող հայ երիտասարդ դիզայներներին՝ ցուցադրվելու այստեղ, իսկ հայաստանաբնակներին էլ՝ դրսում»:

«Լիլիթ դիզայն ստուդիոյի» ներկայացուցիչ, դիզայներ Մուրադ Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց. «Չեմ կարող ասել, թե նման միջոցառումները ամրապնդում են Հայաստան-Սփյուռք fashion կապը, բայց, այնուամենայնիվ, սա դրական ազդեցություն կունենա զուտ հայաստանցիների համար՝ ծանոթանալու դրսի նորամուծություններին, արարողակարգերի համար պահանջվող պարագաների նոր առաջարկներին, դրանց գներին, վաճառման կետերին եւ այլն»:

«Mokka» սրճարանի ներկայացուցչի խոսքերով էլ, դրական է այն, որ հայերը վերջապես սկսել են հասկանալ, որ fashion-ը միայն հագուստին չի վերաբերում. «Այսօր ներկայացել ենք մեր տորթերի եւ ֆուրշեթի սեղանների տեսականիով: Սրանք հարսանիքի ամենակարեւոր եւ ամենամեծ ուշադրության արժանացող պարագաներն են: Յուրաքանչյուր հարսի համար էլ տորթի դիզայնը մեծ կարեւորություն ունի, այդ պատճառով այս fashion show-ը կօգնի տեղեկանալ նորաձեւ տորթերի, սեղանների ձեւավորմանը, որն էլ ավելի հաճելի եւ գեղեցիկ կդարձնի արարողությունը»: «Նարոտ» հարսանյաց սրահի տնօրեն Արմինեն էլ նշեց. «Մեծ նշանակություն եմ տալիս նման միջոցառումներին. սա հայ երիտասարդ դիզայներներին ավելիին ձգտելու, ինքնադրսեւորվելու հնարավորություն է տալիս: Այս ամենն ի նպաստ հանրության է, որովհետեւ աստիճանաբար ազդում է մարդկանց հոգեկան խնդիրների վրա եւ դրական ազդեցություն թողնում ճաշակի բարձրացման վրա»:

Նշենք նաեւ, որ ցուցադրությանը ներկա էին արտասահմանից ժամանած հայ դիզայներներ, հայկական նորաձեւության սրահների ներկայացուցիչներ, ՀՀ-ում լիազորված դեսպաններ: Ինչպես նախապես հայտարարված էր, միջոցառումն իր ներկայությամբ պետք է պատվեր նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, բայց նա այդպես էլ չպատվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել