Լրահոս
Օրվա լրահոսը

14 ՄԱՍՆԱԿՑՈՎ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՄԵԴԱԼ

Սեպտեմբեր 29,2009 00:00

\"\"Դանիայի Հերնինգ քաղաքում սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը հատեց եզրագիծը

Ազատ ոճայինների անփառունակ մասնակցությունից հետո հայ մարզասերների հույսն ու հավատը հունահռոմեական ոճի Հայաստանի ազգային հավաքականն էր: Առավել եւս, որ վերջինը, որպես կանոն, ավելի հաջող է հանդես գալիս աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:

Ըստ էության, այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց: Ազատ ոճայինների՝ մեդալների առումով զրոյական մասնակցությունից հետո Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմի անդամ, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը հենց առաջին օրը բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին: Սկիզբը, ինչպես ասում են, խոստումնալից էր: Ըմբշամարտի երկրպագուները սպասում էին նոր մեդալների: Առավել եւս, որ մրցագորգ պետք է մտնեին այնպիսի ըմբիշներ, ինչպիսիք են վերջին օլիմպիական խաղերի եւ Բաքվում կայացած աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, բազմափորձ Յուրի Պատրիկեեւը, երիտասարդ ու հաստատ հեռանկարային Արսեն Ջուլֆալակյանը:

Սակայն այս անգամ հայ մարզասերը ստիպված եղավ բավարարվել միայն մեկնարկային օրվա նվաճումն ըմբոշխնելով: Դանիայում գտնվող մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն իր վերջին օրվա ռեպորտաժում տեղեկացրեց, որ մեր գլխավոր հույսը՝ 120 կգ քաշային Պատրիկեեւը, աշխարհի առաջնության մեկնարկից 15 օր առաջ մարզումների ժամանակ վնասել էր աջ ուսը (կամ թեւը): Ու, որքան հնարավոր էր ենթադրել, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ մարզիչները միայն վերջին պահին են համաձայնել նրան թույլատրել մրցագորգ մտնել: Ու թեեւ Պատրիկեեւի գոտեմարտերն այդպես էլ չտեսանք, սակայն մեր գործընկերը վստահեցնում էր, որ Յուրան, փաստորեն, պայքարել է մեկ ձեռքով ու այդ վիճակում էլ կարողացել է մեկնարկային գոտեմարտում հաղթել չինացի մրցակցին:

Մեդալի հավակնորդ մեր երրորդ գլխավոր հույսը 74 կգ քաշային կարգում հանդես եկող երիտասարդ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը առաջին մարտը վստահորեն շահելուց հետո երկրորդում հանդիպել է ֆրանսիացի շատ ուժեղ ըմբիշ Քրիստոֆ Ժենոյին, որին մինչ այդ մի քանի անգամ հաղթել է: Սակայն այս անգամ նրանց միջեւ պայքարը հիմնական ժամանակում հաղթողին ի հայտ չի բերել եւ միայն բռնվածքի համար գցած վիճակահանությունը ժպտացել է նման պայմաններում իրեն գերազանց զգացող ֆրանսիացուն, որն էլ պոկել է հաղթանակը: Մեկնաբանելով «բռնվածք» դիրքը՝ Շվեդիայի հավաքականի անդամ, գյումրեցի Արա Աբրահամյանն ասել է, թե աշխարհում չկա այդ քաշային կարգում հանդես եկող որեւէ ըմբիշ, որն այդ դիրքում կարողանա խուսափել Ժենոյի հնարքներից եւ միավոր չտա:

Ինչ վերաբերում է մեր մյուս հունահռոմեականներին, նրանց մրցելույթների իրական գնահատականը կփորձենք ստանալ մասնագետներից: Իսկ այս պահին ասենք, որ մեր ընտրանին թիմային հաշվարկով գրավեց 11-րդ տեղը՝ աշխարհի նախորդ առաջնության համեմատությամբ՝ մեկ աստիճան բարձր:

Իսկապես, ի՞նչ գնահատական տալ մեր երկու ոճերի ազգային հավաքականների ընդհանուր մրցելույթներին: Միանշանակ դժվար է: Միայն հիշեցնենք, որ հայտնի գործարար Սամվել Կարապետյանն անցած տարի Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո ունեցած իր ելույթում հայտարարեց, որ մինչեւ այդ պահն արձանագրած ձեռքբերումներն իրեն չեն գոհացնելու, դրանք պետք է գնահատել որպես ելակետային չափորոշիչ ու այսուհետեւ բազմապատկել ցուցանիշները: Իսկ այդ նպատակին հասնելու համար ֆեդերացիայի նախագահը խոստացավ անել ամեն ինչ, կանգ չառնել ոչ մի բանի առջեւ: Մի բան, որն իրենց՝ ըմբիշների, մարզիչների, մասնագետների ու ֆեդերացիայի անդամների բազմաթիվ հավաստիացումներով, պարոն Կարապետյանը կատարել է, դեռ մի բան էլ՝ ավելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել