Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանների նկարիչը

Սեպտեմբեր 29,2009 00:00

Կամ գեղանկարիչ Արթուր Սարգսյանի արվեստը՝ իր մեկնաբանությամբ

\"\"
Արթուր Սարգսյանի ցուցահանդեսը մարդաշատ էր:

«Մինչեւ 17 տարեկանն ուզում էի ռոք երաժիշտ դառնալ, հետո հասկացա, որ դա նույնն է, ինչ դառնաս տիեզերագնաց՝ Հայաստանում…»,- ասում է գյումրեցի գեղանկարիչ, բարձրաստիճան պաշտոյաներին ու դեսպաններին նկարել սովորեցնող Արթուր Սարգսյանը: Նրան հանդիպեցինք «Gallery 1» ցուցասրահում, որտեղ օրերս բացվել էր նկարչի «Պատկերների միջեւ» 6-րդ անհատական ցուցահանդեսը: «Ապացուցման նյարդ», «Պատկերների միջեւ», «Կտավի միջեւ», «Հորիզոնական գծեր» եւ այլն՝ ներկայացված էր ավելի քանի 20 աշխատանք:

Ըստ արվեստաբան Հարություն Թորոսյանի, Ա. Սարգսյանը մյուս նկարիչներից տարբերվում է անհատական եւ համարձակ մոտեցումներով. «Նա ունի յուրահատուկ գունային, տարածքային եւ գծային զգացողություն, նրա աշխատանքները ստիպում են սթափվել եւ ամեն ինչ վերստին ամփոփել…»:

Նկարչուհի Թենի Վարդանյանն էլ նշեց. «Արթուրն ունի յուրօրինակ աշխարհայացք, մտածողություն, ժամանակին համընթաց մտածելակերպ, պատկերացում եւ ըմբռնում, տեխնիկա: Նրանից միշտ անակնկալներ ես սպասում, նոր մտքեր ու համարձակ համադրություններ, որոնք ինքդ որպես նկարիչ չէիր համարձակվի անգամ փորձել իրականացնել»: Նկարչի եղբոր՝ մեկ այլ հայտնի նկարիչ Արարատ Սարգսյանի համոզմամբ. «Նա կարողացավ արվեստի մեջ նորություն գտնել. քանի որ գեղանկարչությունն ինքն իրենով մեծ մասամբ հետազոտված տարածություն է եւ բավական զբաղված՝ նոր ձեւեր, նոր ֆորմաներ գտնելու համար: Արթուրի մոտ ասես այդ պատնեշը հաջողվեց հաղթահարել»:

Արթուր Սարգսյանը խոստովանում է, որ չի հիշում, թե առաջին անգամ երբ է հասկացել, որ նկարելու սեր ունի. «Ըստ իս, դա եղավ այն ժամանակ, երբ հասկացա՝ կյանքը ինչ է: Մոտավորապես 17 տարեկանում հասկացա, որ ավելի մոտ եմ նկարչի կերպարին, նկարչության մեջ կլինեմ իմ դիրիժորը, կատարողը, ներկայացնողը եւ ղեկավարը»:

Մեր զրուցակիցը անկեղծանում է. «Ես ընդհանրապես ստանդարտներին դեմ մարդ եմ, իմ մեջ աբստրակցիան է բույն դրել… Մի ստանդարտ կա մեր նկարիչների մեջ՝ բոլորը գոռում են, թե իրենց աշխատանքներն ուղղված են հասարակությանը: Ավելի քան վստահ եմ՝ իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են ասում: Իմ արվեստը արվեստի համար է, եւ ընդհանրապես յուրաքանչյուր արվեստագետ, ով գոնե մի փոքր ստեղծագործում է, անում է արվեստի համար, չնայած դա հասու չէ իր գիտակցությանը: Ամենակարեւորը արվեստի համար աշխատելն է՝ ոչ քաղաքական, ոչ հասարակական, ոչ տնտեսական, ոչ ազգային: Չեմ սիրում այն ինքնակոչ նկարիչներին, որոնք ազգային շեղումներ ունեն: Փառք Աստծո՝ ես նման բաներ չունեմ, ազատ արվեստագետ եմ: Հողս Հայաստանն է, բայց այդքան անձնվիրաբար ու կեղծ կպած չեմ ազգայինին: Դրանք ձեւականություններ են եւ ուշադրություն գրավելու միջոցներ: Իմ ոտքերի տակ գտնվող հողը երկրագնդի հողն է»:

Աբստրակցիայի սիրահար, ռոք երաժիշտ չդարձած գեղանկարիչը մասնագիտություն ընտրելիս չէր էլ պատկերացնում, որ մի օր Հայաստանում այլ երկրների դեսպաններին, միջազգային կառույցների աշխատակիցներին ու քաղաքական գործիչներին նկարել կսովորեցնի: Հայտնի մարդկանց «մասով» Ա. Սարգսյանը նշեց. «Հիմա հայտնի բառը իմաստազրկվել է: Նրանց, ում ես սովորեցրել եմ նկարել, սովորական կյանքով ապրող մարդիկ են, իրենք իրենց չեն համարում հայտնի, ուղղակի բախտի բերմամբ իրենց մասնագիտությունը օգնել է աշխատել օրինակ՝ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ում: Վերջինիս հայկական գրասենյակի աշխատակից Էմի Ռեմին, թերեւս, իմ ամենատպավորիչ աշակերտն էր: 69 տարեկան կին էր: Այժմ գործի բերումով տեղափոխվել է Պակիստան: Նա ուներ շատ նուրբ մոտեցում ամեն ինչին՝ կյանքին, արվեստին: Միշտ շեշտում էր, որ սիրում է, թե ինչպես եմ աշխատում կտավի հետ: Ես նրա մեջ գնահատեցի այն ցանկությունը, թե ինչպես է այդ տարիքում ուզում հասկանալ, թե նկարելն ինչպես է լինում, թե ինչպես շատ քիչ բաներով կարող ես կտավի մեջ առաջացնել նուրբ զգացումներ, հոսանքներ…»:

Դեսպաններից էլ՝ գեղանկարիչը հիշատակեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին, որին ինքն է նկարել սովորեցրել: «Նկարել սովորեցնելուց զատ, իմ եւ «աշակերտներիս» միջեւ հետաքրքիր կոնտակտ է սկսվում: Երեւի մասնագիտությունիցս ելնելով՝ մարդկային հոգեբանությունն ինձ շատ է գրավում: Օրինակ, Չարլզը հետաքրքիր, բոլորից՝ անգամ մարդկությունից տարբերվող անհատ է, ամեն մի վրձնի հարված կատարելիս՝ երկար մտածող մարդ…»:

Նկարիչների միության անդամ լինելու «Առավոտի» հարցին Ա. Սարգսյանն արձագանքեց. «Ու՜… Աստված չանի… Մի՞թե ես նման եմ այն մարդուն, որը միության անդամ է: Ես ոչ մի միության անդամ էլ չեմ, ինչու պետք է կապկպեմ ոտքերս եւ ձեռքերս… ես ազատ նկարիչ եմ: Սովետական միությունից մնացած հասարակական կազմակերպությունները, ստեղծագործական միությունները ինձ երբեք չեն հետաքրքրել եւ ձգել: Չեմ հասկանում՝ ինչի՞ համար են եւ ի՞նչ նպատակ են հետապնդում դրանց գործունեությունները, ո՞ւմ են ինչ ուզում ապացուցել…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել