Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամփոփվեցին նորարարության մրցույթի արդյունքները

Սեպտեմբեր 29,2009 00:00

\"\"Երեւանի ճարտարագիտական համալսարանում երեկ ամփոփվեցին նորարարության մրցույթի արդյունքները: Արդեն 2-րդ տարին անցկացվող մրցույթի նախաձեռնությունը «Արփա» կազմակերպությանն է: «Արփայի» նախագահ Հակոբ Փանոսյանի խոսքով, այս տարի աճել են թե՛ մրցույթի մասնակցելու հայցադիմումները, թե՛ մասնակիցները. «Այս տարի մասնակիցները 24-ն էին՝ նախորդ տարվա 16-ի փոխարեն, հայտերի թիվն էլ է աճել: Մեզ ուրախացնում է հատկապես, որ այս տարվա մրցույթի մասնակիցների մեծ մասը Գյումրու ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղի ուսանողներն են»,- ասաց Հ. Փանոսյանը: Այս տարի մրցույթին, բացի Ճարտարագիտականից, մասնակցում էին նաեւ ԵՊՀ ուսանողներ: Հ. Փանոսյանի խոսքով՝ որպեսզի ուսանողների աշխատանքները նորարարություն համարվեն, անհրաժեշտ է մի քանի նախապայման. առաջին կարեւոր պայմանը նորարարության հեղինակի ուսանող լինելու հանգամանքն է. «Պետք է ուսանողը ներկայացնի համապատասխան փաստաթուղթ, որը կվկայի ուսանող լինելու փաստը»:

«Արփայի» տնօրինությունը կարեւոր է համարում նաեւ թիմային աշխատանքը, որը կունենա ղեկավար, նորարարության գաղափարը լինի նոր ու փաստարկված, նաեւ ցանկալի է ոլորտում այլ ուսումնասիրությունների հետ համեմատական ներկայացնելը. «Իսկ ամենակարեւորը՝ նորարարության հեղինակները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքի եզրակացությունը՝ ինչպես իրենց աշխատանքը շուկայական ապրանքի վերածել»,- ասաց պարոն Փանոսյանը: 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ տեղերում լավագույնը ճանաչված նորարարության հեղինակներն արժանացան դրամական մրցանակների:

400, 600, 1000 եւ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը հաղթողներին հանձնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: «Ցանկացած նման նախաձեռնություն չափազանց գովելի է, մի քանի տարրեր կան սրա մեջ. 1-ինը՝ Սփյուռքի հետ կապը, այսինքն՝ այն գիտելիքը, որ ունենք Սփյուռքում, հնարավոր է օգտագործել մեր համալսարաններում եւ նաեւ քաջալերել նորարարությունը, 2-րդը՝ փաստը ինքնին, որ այս մրցույթը նորարարությունը խթանող միջոցառում է, երիտասարդը եթե նորարար չէ՝ ապագա չունի»,- ասաց նախարարը՝ փաստելով, որ նորարարության դաշտը մեր երկրում զարգացնելու նպատակով օգտագործվում են ռեալ գումարներ ու գործիքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել