Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՄԱՖԻՈԶՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ

Սեպտեմբեր 29,2009 00:00

«Էմիգրանտներ» սերիալը եւ խեղված ամերիկյան իրականությունը

Ներքին Սասնաշենում 1997թ. սեպտեմբերի 2-ին հանդիսավոր արարողությամբ բացվեց մի հուշաքար, որ գյուղաբնակների հետ միասին կանգնեցրել էի ի հիշատակ այդ տարածքում 1958թ. խփված ամերիկյան «Հերկուլես C-130» ինքնաթիռի զոհված 17 օդաչուների:

Արարողությանը ներկա էին ԱՄՆ-ից ժամանած զոհվածների հարազատները, բազմաթիվ հայ, ռուս, ամերիկացի բարձրաստիճան զինվորականներ, դիվանագետներ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստրոբ Թալբոթը, Մոսկվայում երկարատեւ պաշտոնավարած դեսպան, հայտնի դիվանագետ Մալքոլմ Թունը, BBC-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի հեռուստակայանների եւ շատ թերթերի, այդ թվում՝ «New York Times»-ի թղթակիցներ:

Արարողակարգի համաձայն, կատարվեցին ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի օրհներգերը, որից հետո խոսք ասաց ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարի Գիլմորը. «Երբ նշանակվեցի աշխատանքի Հայաստանում, հիշեցի Բոստոնում մանուկ տարիքիս հորս պատմածը. 20-ական թվականների սկզբին ԱՄՆ-ի էմիգրանտների մեջ առանձնահատուկ էր մի ժողովուրդ, որ շատ տառապած էր, անոթի եւ ԱՄՆ-ում տարածվեց մի ասույթ. «Starving Armenians are coming»՝ սովահար հայերն են գալիս: Կարճ ժամանակ անց նրանք անցան աշխատանքի ամենածանր տեղերում՝ հանքահորերում, մետաղաձուլական գործարաններում, արճիճատառ թունավոր տպարաններում… Համախմբվելով եկեղեցու շուրջը, հիմնեցին դպրոցներ, գրադարաններ, սպորտակումբներ, հրատարակեցին հայկական թերթեր, կառուցեցին արհեստանոցներ, արտադրամասեր: Հաջորդ սերունդը ընդունվեց համալսարաններ՝ դառնալով բարձրորակ բժիշկներ, ինժեներներ, ճարտարապետներ, իրավաբաններ: Ի տարբերություն այլազգի շատ էմիգրանտների, նրանք օրինապաշտ էին, մշտապես ուսումնառության ձգտող, եվրոպական էին ապրելակերպով եւ հագուստով: Շուտով մոռացվեց սովահարության մասին ասույթը, հայերն արդեն նշվում էին որպես գործիմաց, աշխատասեր, Ամերիկան կառուցող եւ պաշտպանող մարդիկ: Այսօր մենք վկա ենք քրիստոնյա ժողովրդի մարդասիրական վերաբերմունքի՝ սառը պատերազմի ժամանակ զոհված անհայտ զինվորների նկատմամբ: Հուշարձանն առավել արժեքավոր է, քանի որ եզակի է նման 235 դեպքերից, որոնց հետքերն անգամ չկան»:

Այլ ափերում հայտնված հայերը աշխատասիրությամբ եւ նվիրվածությամբ մասնակցել են հյուրընկալ երկրների տնտեսական, գիտական, մշակութային զարգացմանը, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ պաշտպանությանը: Եթե մենք լավ գիտենք սովետահայ ռազմական գործիչներին, արվեստագետներին, գիտնականներին, ապա գրեթե ոչինչ չգիտենք աշխարհասփյուռ մյուս համայնքների, մասնավորապես՝ ամերիկահայերի մասին: Երկրորդ աշխարհամարտում ԱՄՆ զինուժերի շարքերում մարտնչած 35 հազար հայերից մոտ 5 հազարը զոհվել է, 144-ը՝ արժանացել բարձր պարգեւների, 17-ը՝ հերոսի կոչման: Երկրորդ աշխարհամարտում Էդուարդ Դերվիշյանը ԱՄՆ զորքերի գլխավոր հրամանատար Դուայթ Էյզենհաուերի կողմից ճանաչվեց որպես 1944թ. ամենաարի զինվոր: Նա 3 այլ ծովայինների հետ 2 ամիս պաշտպանեց խաղաղօվկիանոսյան մի կղզյակ-պլացդարմ, մինչեւ հիմնական ուժերի ափհանումը… Առայսօր բարձր է գնահատվում նրանց սխրանքը եւ չի մոռացվում: Ես շատ հուզվեցի, երբ ինձ պատվիրված Տեխասի գլխավոր հուշահամալիրը ներկայացնող զինվորի արձանը առաջարկեցի կերտել հայ վետերան Կարպիս (Charles) Թագեսյանի կերպարով: Վետերանների խորհուրդը անմիջապես համաձայնեց, հիշելով «D» day ափհանմանը մասնակցած քաջարի հայ մարտիկներին:

Ամերիկան մի մեծ եռացող կաթսա է: Ինչպես ամերիկացիներն են ասում՝ «melting pot»: Այստեղ բոլոր ազգերը միախառնվում են, տարրալուծվում, սակայն յուրաքանչյուրը իր մշակույթի միջոցով փորձում է պահել իր ինքնությունը: Եվ այսօր «Armenia» հեռուստաալիքով հարգարժան Հրանտ Թոխատյանի գովազդի խոսքից հետո դիտում ենք ԱՄՆ-ում նկարահանված «Immigrants» սերիալը: Բայց նախքան այս սերիալին անդրադառնալը, համառոտ այլ համայնքների էմիգրանտների ապրելակերպը ցուցադրող մի քանի շարժանկարների մասին:

Անցյալ դարավերջին Հոլիվուդը Ամերիկային մատուցեց իտալական համայնքի կյանքն արտացոլող երկու բարձրորակ շարժանկար: Տաղանդավոր դերակատարներ Մարլոն Բլանդոն, Ռոբերտ Դե Նիրոն, Ալ Պաչինոն բարձր ռեյտինգի հասցրին «Կնքահայրը», «Մեկ անգամ Ամերիկայում» նկարները: Հսկայական էր ֆիլմերի մասսայականությունը, դրանք դիտվեցին եւ դիտվում են մեծաթիվ ամերիկացիների կողմից, բայց դրանք ունեցան նաեւ բացասական ազդեցություն: Հասարակ ամերիկացին այլեւս իտալացիներին ճանաչեց որպես մաֆիոզ, անօրեն, հանցագործ մարդկանց: Մոռացվեց, թե ով է հայտնագործել Ամերիկան, որտեղից է սկիզբ առել Վերածնունդը, որ ժողովուրդն է բացել գեղարվեստի, ճարտարապետության, երաժշտության ակունքները, մոռացվեց Հին Հռոմի քաղաքականության ազդեցությունը համամարդկային մշակույթի զարգացման գործում: Այսօր էլ ովքե՞ր են նախագծում, կառուցում, արտադրում ամենագեղեցիկը Ամերիկայում, ո՞վ է թելադրում ամենաբարձր դիզայներական ճաշակ ամերիկյան ապրելակերպին: Դրանք իտալական էմիգրանտներն են:

Սակայն տրոյական ձին արդեն մուտք էր գործել հասարակ ամերիկացու ենթագիտակցություն: Այդ պարարտ հողում հայտնվեց «Սոպրանոների ընտանիքը» սերիալը, դարձյալ ավելի գրոտեսկով ներկայացավ իտալական համայնքը՝ մակաբույծ, շատակեր, զեխ ապրելակերպով, հանցագործություն, թմրամոլություն, անբարոյականություն տարածող: Եվ, վերջապես, հնչեց իտալական համայնքի բարձր ձայնը. երկրի բոլոր ծայրերից բողոքարկեցին ոչ միայն իտալացի, այլեւ այլազգի մարդիկ: Սերիալի ռեժիսորը, դերակատարները ներողություն խնդրեցին իտալացիներից: Սերիալի նկարահանումը եւ ցուցադրումը դադարեցվեց: Ամենայն հավանականությամբ, «Immigrants» նկարահանողները կամ չգիտեն, կամ չեն դիտել հույն կլասիկ ռեժիսոր Էլիա Կազանի՝ հունական էմիգրացիայի մասին նկարահանած «Ամերիկա, Ամերիկա» ֆիլմը: 30-ական թվականներին նկարահանված այս կլասիկ ժապավենը էմիգրացիայի առջեւ ծառացող շատ խնդիրների, ողբերգական դեպքերի, բայց իրենց ազգային ինքնությունը, մշակույթը պահպանող մարդկանց մասին է: Ֆիլմը այսօր եւս արդիական է եւ ուսուցանող:

Վերքը տիրոջն է ցավ տալիս: Դեռեւս դիտել ենք «Immigrants» -ի մի քանի մասը, բայց արդեն ակնհայտ է ամերիկյան մտածելակերպի, ապրելակերպի ամենակոպիտ խախտումը, որ կոչվում է «Politically incorrect»: Դա վերաբերում է հայերի տարած, այսպես կոչված, «հաղթանակին»՝ սեւականների դեմ: Ով ապրել է ԱՄՆ-ում, նա գիտի, թե որքան անհեռատես եւ վտանգավոր է որեւէ կոնֆլիկտ, թեկուզ մաֆիոզականի, գանգստերականի, ազգայնականի, ռասայականի վերածելը:

Մյուսը անհավատալի է՝ ցոփ կյանքով ապրող ընտանիքի (մաֆիայի) հայրենասիրական նկրտումները: Հիրավի այստեղ է հիշվում՝ «Հանցագործի վերջին հանգրվանը հայրենասիրությունն է»: Հայանպաստ, հայրենանվեր գործերը Ամերիկայում օրինականության դիրքերից կատարվում եւ պաշտպանվում են հայկական հզոր կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի, Հայկական դատի, Հայ առաքելական եկեղեցու, շատ հայրենասեր միությունների եւ անհատների կողմից:

Մտովի հիշեցի նաեւ Ամերիկայի հայկական համագումարի տարեց մի անդամի, որ ամեն տարի գալիս է Վաշինգտոն՝ սենատորների եւ կոնգրեսականների հետ ավանդական հանդիպման: Այն կազմակերպում են Ամերիկայում կրթված, հայրենասեր երիտասարդներ: Այս համեստ մարդը իր կյանքում ծանր աշխատանք է տարել, Դետրոյթում վերանորոգել է անվադողեր, հիմա իր դժվարությամբ խնայած դրամը ցանկանում է ներդնել հայանպաստ գործերում… Նրանց գործունեության եւ բազմաթիվ խնդիրների մասին է, որ կարիք կա նկարելու ֆիլմեր, սերիալներ: Հայտնի է, որ ով վճարում է՝ նա պատվիրում է երգը: Բայց մեր իրավիճակում առանց այդ էլ շատ դառը եւ ապակողմնորոշող «երգեր» են երգվում: «Immigrants» սերիալը ոչ տեղին է, ոչ՝ ժամանակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել