Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ԲԵՐՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԹԱԼԱՆԵ՞ՆՔ

Սեպտեմբեր 29,2009 00:00

Իրանահայ Արսեն Փուրղասեմյանսի՝ Հայաստանում բնակարան ունենալու վարդագույն երազանքը հօդս ցնդեց այն բանից հետո, երբ 80-ամյա ծերունին իր կամքից անկախ ընկավ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Վարդուհի Բադալյանի ճանկը:

80-ամյա իրանահայը 36-ամյա հայաստանահայուհու հետ ծանոթացել էր Թեհրանից Երեւան գալիս՝ ավտոբուսի մեջ: Վարդուհին անմիջապես էր սկսել օգտվել բացառիկ հնարավորությունից:

Մայրենի լեզվին ոչ գերազանց տիրապետող ծերունուն կարեկից հայրենակից ներկայանալով, Վարդուհին Արսենին հավատացրել էր, որ ինքը սփյուռքահայերի ներգաղթը խրախուսող հայ է եւ «մեծահոգաբար» առաջարկել հյուրանոցում ապրելու փոխարեն ժամանակավոր բնակվել Այնթապի իր տանը: Հայուհու «բարեգթությունից» հուզված, Փուրղասեմյանսը չէր էլ կասկածել, որ շուտով հայտնվելու է «մարդասերի» լարած թակարդում եւ համաձայնել էր տեղափոխվել Վարդուհու գյուղի տունը: Այստեղ էլ հմուտ «որսորդուհին» ծերունուց տեղեկացել էր նրա ֆինանսական կարողությունների, Երեւանում տուն գնելու նրա մտադրության, ներդրման մոտավոր չափի եւ այլնի մասին ու «նախագծել» իր պլանը:

Պարզելով, որ ծերունին խնայած $40 000 ունի եւ փափագում է հայրենիքում բնակարան գնել, Վարդուհին միանգամից պայծառացել է: Վարդան անունով մի բրոքերի միջոցով ծերունու համար մեկ տարի ժամկետով մեկ սենյականոց բնակարան է վարձակալել Երեւանի Զեյթուն թաղամասում: Ինքն էլ իր կրտսեր որդու հետ Այնթապից տեղափոխվել է Երեւան եւ Փուրղասեմյանսի վարձակալած տանը ապրել՝ նրա հետ միասին: Վարդուհուն գյուղից քաղաք բերելով, ծերունին, իր կարծիքով, վարձահատույց է եղել «բարեգութ» հայուհուն:

Պապ ու թոռան պես համատեղ ապրելով, Վարդուհուն հաջողվել է ծերունու հաշվին մեքենա վարել սովորել, ինչի համար Արսեն Փուրղասեմյանսը վճարել է $2000: Բայց լավ գիտակցելով, որ տեսական գիտելիքները ոչինչ են առանց գործնականի, Վարդուհին ծերունու առջեւ ավտոմեքենա գնելու հարց է բարձրացրել: «Քեզ ամբողջ օրը ման կտամ, հայրենիքդ կտեսնես»,- ասել է: Իսկ ծերունին, գայթակղվելով սեփական մեքենա եւ վարորդ ունենալու մտքից, պատրաստակամություն է հայտնել մեքենա գնել՝ չկասկածելով, որ Վարդուհին մեքենայի մասով էլ սեփական ծրագրերն ունի:

$7000 արժողությամբ մեքենայի $500 կանխավճարը տալով, միամիտ ծերունին մեկնել է Իրան, որպեսզի եւ մեքենայի մնացած գումարը, եւ Գոգոլի 9/54 հասցեում՝ բրոքեր Վարդանի գտած մեկ սենյականոց բնակարանի $28000 գումարը բերի: Արսեն Փուրղասեմյանսը Իրանից Հայաստան է վերադարձել $40000-ով: Վարդուհի Բադալյանը, օր իսկ չկորցնելով, գումարը ծերունուց վերցրել է եւ բրոկեր Վարդանի օգնությամբ հենց նույն օրը բնակարանը գրանցել է իր անունով ու անհայտացել: Նաեւ գնել է եւ իր անունով գրանցել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան:

Հայաստանի օրենքների ու հայերենի վատ իմացությունը՝ մի կողմից, Երեւանում ծանոթ-բարեկամ չունենալը՝ մյուս կողմից, ծերունուն անելանելի դրության են հասցրել, նույնիսկ չի կողմնորոշվել, որ հարկ է անմիջապես դիմել ոստիկանություն:

Երեք օր «ոչ ողջ, ոչ մեռած» վիճակում գտնվելուց հետո, ծերունին գնացել է Իրան՝ կնոջ մահվան տարելիցը նշելու նպատակով: Հավանաբար՝ այնտեղ էլ նրան գլխի են գցել, որ անհրաժեշտ է դիմել իրավապահներին:

Ներկայումս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով (խարդախություն), կատարվում է նախաքննություն:

Թե իրավական մակարդակում ինչ հանգուցալուծման կհասնի այս գործը՝ էապես կախված է հայրենի օրինապահների պրոֆեսիոնալիզմից: Իսկ բարոյականության տեսանկյունից սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ եւ ցավալիորեն հզոր հարված Հայաստան-Սփյուռք լարված հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Դե այսքանից հետո՝ վերցրու եւ «Արի տուն»:

Մի կողմից կառավարությունը ահռելի միջոցներ է ծախսում, հազար ու մի ծրագիր կյանքի կոչում սփյուռքահայերին հայրենիք բերելու, հուսալի երաշխիքներով այստեղ ներդրումներ անելու համար, մյուս կողմից՝ հայրենիք եկած հայը մեր վատ տեսակի ձեռամբ ստորացվում ու թալանվում է:

Հայրենիքում «քցված» լինելու մտքից բարոյապես ու հոգեպես վիրավորված, բայց տառապանքից փորձեր քաղած մեր հայրենակիցը չի պատրաստվում լռել: Ասում է՝ հարկ եղած դեպքում հարցը կբարձրացնի ընդհուպ միջազգային ատյաններ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել