Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի վահանակները կպատմեն մեր պատմության մասին

Սեպտեմբեր 29,2009 00:00

6-ամյա գոշեցի Արթուրիկը Գոշավանքի մասին միայն տատիկից է լսել, այն էլ՝ կցկտուր տեղեկություններ. «Որոշել եմ պատմաբան դառնալ, տատիկս ասում է՝ մենք ունենք հարուստ պատմություն, գյուղի վանքն էլ պատմության մի մասնիկ է: Դեռ կարդալ չգիտեմ, հենց սովորեմ՝ կգամ վանքի մոտ տեղադրված «տախտակներից» կկարդամ վանքի մասին: Ասում են՝ դրանց վրա վանքի պատմությունն է գրված»:

Օրերս Գոշավանքի տարածքում տեղադրվեցին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ վանքի մասին տեղեկացնող վահանակներն ու ճանապարհային ուղեցույցները:

Արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանի ձեւակերպմամբ, գուցե քչերն այս գյուղի բնակիչներից գիտեն կամ գիտակցում են իրենց բնակության վայրի սրբության կարեւորության եւ անցյալի պատմության մասին. «Վստահ եմ, որ տեղեկության պակասն է պատճառն այդ չիմացության, որովհետեւ վանքում չկա վանական, այնտեղ չեն կատարվում պատարագներ, ծիսակատարություններ, չեն հնչում հոգեւոր երգեր, այսինքն՝ հոգեւորի հետ կապ չկա, միայն դատարկ պատեր են, որոնք արթնացնել է պետք: Տեղեկատվական վահանակները գուցե փրկություն լինեն անցյալի պահպանմանն ու սերունդների տեղեկացվածությանը»:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրագրողների հետ զրույցում նման նախագծեր իրականացնելու 3 կարեւոր շարժառիթ ընդգծեց. «Արտասահմանից ժամանող հյուրերը, զբոսաշրջիկները պետք է իմանան՝ այս տարածքում ինչ պատմություն, ինչ մշակույթ կա եւ ինչպիսի կրոնական վայր է: Եվ վերջին կարեւոր միտքն այն է, որ ժամանակների ընթացքում դարերից դար այսպիսի վայրեր պաշտպանել եւ պահապան են եղել մեր ազգին, պարիսպ են հանդիսացել, դա նշանակում է՝ դրանց հետագա պաշտպանությունը մեր ամբողջ ազգի ուսերի վրա է, այսինքն, մենք՝ իբր ազգ, պետք է հանդիսանանք պարիսպ եւ պահպանենք ու պաշտպանենք այսպիսի վայրերը»:

«ԱՄԱՓ» մշակութային հ/կ նախագահ, հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի ղեկավար Ռիչարդ Նեյի խոսքերով էլ. «Ուրախ եմ, որ մեր համատեղ ջանքերով եւս մեկ վանական համալիրի պատմություն այսուհետեւ մատչելի կլինի բոլորին, հատկապես որ, այն վերաբերում է միջնադարի հայտնի գրող, փիլիսոփա եւ առակագիր Մխիթար Գոշին: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը «ՎիվաՍելի» հետ, որն այս տարի 12-րդ ծրագիրն էր՝ նախատեսված 19-ից, հաջողությամբ կյանքի կկոչվի»:

Գոշի գյուղապետ Հովսեփ Վերանյանն էլ նշեց, որ ծրագիրը մեծ օգուտ կտա գյուղին, քանի որ կնպաստի տուրիզմի զարգացմանը:

«Առավոտը» զրուցեց նաեւ Գոշի բնակիչների հետ: Տիկին Արմինեն նման ծրագրերի մասին ասաց. «Ծրագիրը միայն ողջույնի է արժանի, քանի որ մենք ինքներս այդքան էլ լավ տեղեկացված չենք պատմության մանրամասներին, որպեսզի այն փոխանցենք մեր երեխաներին, երբեմն կենցաղային հոգսերը հնարավորություն չեն տալիս մանրամասն ուսումնասիրելու դրանք: Վահանակների առկայությունն ուղղակի կստիպի մի պահ կանգ առնել եւ աչքի անցկացնել վանքի պատմությունը»:

64-ամյա Շմավոն պապի խոսքով էլ. «Սա պատմություն է եւ այն չի կարելի անտեսել: Գոշեցիները չեն անտեսում, ուղղակի ժամանակն այնպիսին է, որ միտքդ միայն հացի փող վաստակելն է եւ առողջ զավակներ մեծացնելը: Մեզ շատ են այցելում տուրիստներ, շատ են հետաքրքրվում վանքի պատմությունով, հատկապես, երբ իմանում են Մխիթար Գոշի՝ վանքում երկար տարիներ ապրելու, այստեղ գրված ճանաչված «Դատաստանագրքի» մասին: Սակայն ավելին մենք նրանց չենք կարողանում պատմել, քանի որ այդքանն են մեր տեղեկությունները»:

Նույն օրը նման վահանակներ տեղադրվեցին նաեւ Աղավնավանքում:

Ռ. Յիրիկյանի ներկայացմամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նպատակն է բոլորին ճանաչելի դարձնել հայկական հուշարձանների կենսագրությունը՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել