Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԿՈՐՑՐԱԾ ՀԱՅՐԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Սեպտեմբեր 29,2009 00:00

\"\"Տասնյակ գործարարների ու գերատեսչությունների դռները թակելը որեւէ օգուտ չի տվել, գրեթե ոչ ոք Ժորա Հակոբյանին օգնության ձեռք չի մեկնել:

Ընդամենը մի քանի տարվա ընթացքում Ժորա Հակոբյանը զրկվել է իր ողջ ընտանիքից, մահացել է փոքր տղան, հետո զորամասում սպա ծառայող որդին, ապա՝ հարսը: Այսքանի հետ մեկտեղ, մնալով բոլորովին մենակ՝ առանց որեւէ հարազատի եւ կերակրողի, 63-ամյա թոշակառուն կանգնել է նաեւ առողջական լուրջ խնդիրների առջեւ: «Առավոտի» խմբագրություն այցելած քաղաքացին իր հետ բերել էր մի ցուցակ, որտեղ նշել էր, թե ամիսներ շարունակ քանի անգամ է թակել հանրապետության գործարարների եւ պետական բոլոր գերատեսչությունների դռները՝ բուժման համար օգնություն ստանալու ակնկալիքով, սակայն՝ ապարդյուն: Նրանցից ոմանք մի քանի հազար դրամ են նվիրել, իսկ ոմանք էլ անգամ հարկ չեն համարել նրան ընդունել կամ պատասխանել:

Ըստ «Արմենիա» բժշկական կենտրոնի կողմից տրված տեղեկանքի, Ժորա Հակոբյանը տառապում է գլխուղեղի օրգանական ախտահարմամբ, ստամոքսի եւ ողնաշարի ճողվածքով եւ շագանակագեղձի ադենոմայով, իսկ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում էլ հետազոտվելուց հետո պարզվել է, որ սիրտը պետք է շտապ վիրահատել, որի արժեքը կազմում է 2 մլն 250 հազար դրամ. «Ես միայնակ թոշակառու եմ, հետն էլ 2-րդ կարգի հաշմանդամ, ինձ որտեղի՞ց այդքան գումար: Գործարարներն էլ կարծես խոսքները մեկ արած նույն պատասխանն էին տալիս. անհատներին օգնություն չենք տրամադրում: Հեռուստաալիքներով երկար ժամանակ հայտարարություն եմ տվել եւ խնդրել ինձ օգնելու համար գումար փոխանցել իմ հաշվի համարին, սակայն մինչ օրս ընդամենը 1000 դրամ է փոխանցվել, այն էլ երեւի ինձ նման մեկն է փոխանցել»: Ժ. Հակոբյանը 3 անգամ դիմել է նաեւ Աջափնյակի թաղապետարան, որտեղից ընդամենը 20 հազար դրամ է ստացել, 4 անգամ էլ դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն. 10 հազար դրամ էլ այստեղից են տրամադրել: Վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքելու համար Ժ. Հակոբյանը բազմաթիվ անգամ դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, «Կարմիր խաչի» գրասենյակ, անգամ մի շարք եկեղեցիներ, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չի ստացել:

Այն, որ մեծահարուստ գործարարները օգնության ձեռք չեն մեկնել, Ժ. Հակոբյանին այնքան էլ չի վրդովեցրել, նա օգնություն է ակնկալում պաշտպանության նախարարությունից, քանի որ որդին՝ իր միակ կերակրողը, զոհվել է հայկական բանակում՝ ծառայության ընթացքում: Ընդ որում, որդու մահվան պատճառները նախարարությունն այդպես էլ չի բացահայտել. մեկ պատճառաբանել են՝ սրտի կաթված է ստացել, մեկ՝ հիվանդ է եղել, մեկ էլ՝ թունավորվել է: Թեեւ ՊՆ-ի պաշտոնական պատասխանում նշված է, որ Ժ. Հակոբյանի որդին՝ Հ. Հակոբյանը ծառայության ընթացքում հիվանդացել է եւ դարձել է 1-ին խմբի հաշմանդամ ու մահացել է հենց այդ պատճառով, արդարադատության նախարարությունից էլ տեղեկացրել են, որ դիակի նեխած լինելու հետեւանքով՝ մահվան պատճառը բացահայտել հնարավոր չէ: «Այսքանից հետո, երբ վիրահատության համար դիմել եմ պաշտպանության նախարարություն, ինձ ընդամենը 10 հազար դրամ օգնություն են տվել»,- հուսահատ ասաց Ժ. Հակոբյանը:

Նշենք, որ, ըստ սահմանված կարգի, զինծառայողի մահվան դեպքում ՊՆ-ի կողմից ծնողներին թոշակ է տրամադրվում: Այս մասին նախարարությունից չեն էլ բարեհաճել Ժ. Հակոբյանին տեղեկացնել: Նրա պատմելով՝ մոտ 2 տարի հետո ծանոթներից իմանալով հասանելիք թոշակի մասին, դիմել է նախարարություն: ՊՆ-ն, իհարկե, չի մերժել եւ այս տարվա մայիսից Ժ. Հակոբյանին ամսական 19 հազար դրամ թոշակ է նշանակել, սակայն երբ Հակոբյանը դիմել է, որպեսզի կորցրած 2 տարվա թոշակն էլ տրամադրեն՝ նախարարությունը մերժել է:

Որպես 2-րդ կարգի հաշմանդամ, պետպատվերի շրջանակներում վիրահատվելու համար, Ժ. Հակոբյանը դիմել է նաեւ առողջապահության նախարարություն, որտեղից էլ վստահեցրել են, որ վիրահատության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգալ չեն կարող, սակայն վիրահատության դեպքում կլինիկային կփոխանցեն 350 հազար դրամ:

Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանն «Առավոտին» վստահեցրեց, որ կառավարության որոշման համաձայն, զոհված զինծառայողների ընտանիքներին, վիրահատության կամ այլ բժշկական միջամտության համար, իսկապես պետպատվերի շրջանակներում որոշակի օգնություն տրամադրվում է, այսինքն՝ տվյալ կլինիկայի հաշվեհամարին են փոխանցում որոշակի գումար: Ինչ վերաբերում է Ժ. Հակոբյանի վիրահատությանը, ապա վարչության պետը վստահեցրեց, որ նրան հանդիպելուց եւ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո կոնկրետ պատասխան կտան: Վարչության պետը նաեւ խոստացավ նրա որդու մահվան պատճառը չբացահայտված լինելու դեպքն էլ ուսումնասիրել եւ առաջիկայում պատասխանել նաեւ այդ հարցին:

Հ. Գ. Նրանք, ովքեր ց անկանում են օգնել Ժորա Հակոբյանին, կարող են գումար փոխանցել «Հայէկոնոմբանկում» նրա հաշվեհամարին՝ 163028013411:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել