Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2010-Ի ԲՅՈՒՋԵՆ՝ ԱՋՈՒՁԱԽ ԾԱԽՍԵՐ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ

Սեպտեմբեր 29,2009 00:00

«2010-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը երեկ կառավարության արտահերթ նիստում հավանության է արժանացել եւ կներկայացվի Ազգային ժողով։

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, փաստաթղթի համաձայն, հաջորդ տարվա համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 701,1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 884,7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը կկազմի 183 մլրդ դրամ։ ՀՀ համայնքների 2010-ի բյուջեները եկամուտների եւ ծախսերի գծով կկազմեն 82,3 մլրդ դրամ՝ ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները։ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, որը ներկայացրել է բյուջեի նախագիծը, ասել է, որ բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է ծածկել 92,4 մլրդ դրամի չափով ֆինանսավորման արտաքին աղբյուրների եւ 90,5 մլրդ դրամի չափով՝ ներքին աղբյուրների հաշվին: Նախարարը նշել է նաեւ, որ հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը, 2010-ի բյուջեն 85 մլրդ դրամով պակաս է լինելու այս տարվա բյուջեից: Տ. Դավթյանը պետական պաշտոնյաներին հիշեցրել է, որ հաջորդ տարի եւս մոռանան ծառայողական նոր մեքենաներ ձեռք բերելու մասին, նաեւ կրճատեն պաշտոնական ընդունելությունների եւ գործուղումների վրա ծախսվող գումարները:

Նիստում հավանություն է տրվել նաեւ Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2010-ի տարեկան ծրագրին, հաստատվել է նաեւ «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման» 2010-ի ծրագիրն ու «Գյումրի քաղաքի վերականգնման 2010-ի ծրագիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել