Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՊԵՏ-ՊԵՏ ԵՆ ԽԱՂՈՒՄ

Սեպտեմբեր 29,2009 00:00

Գագիկ Բեգլարյանի՝ Երեւանի քաղաքապետ դառնալուց ի վեր քաղաքապետարանում «լուրջ» փոփոխություններ են տեղի ունեցել: Փոփոխությունների է ենթարկվել նաեւ այդ կառույցի՝ լրատվամիջոցների հետ շփվելու կարգը: Նախկինում որեւէ հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար լրատվամիջոցը հասարակայնության հետ կապերի բաժնի միջոցով կոորդինատ էր ստանում ու այս կամ այն պաշտոնյային փոխանցում հարցը: Հիմա, բացի այն, որ քաղաքապետարանի հեռախոսահամարներն իրար են խառնվել, լրատվության վարչություն դարձած լրատվական բաժնի միջոցով էլ հնարավոր չէ որեւէ հարցի պատասխան ստանալ:

Երեկ, երբ մեր հերթական նյութի համար՝ երթեւեկության հետ կապված հարցի շուրջ պարզաբանումներ էինք ուզում ստանալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից, լրատվականից փորձեցինք կոորդինատներ ճշտել: Լրատվության վարչության պետ Աշոտ Առաքելյանը, ի պատասխան մեր հարցմանը, ոգեւորված պատասխանեց. «Դուք հասկանո՞ւմ եք, որ զանգել եք լրատվության վարչության պետին ու ինչ-որ կոորդինատ եք ուզում, զանգեք ավելի ցածր բաժիններ, զանգեք տեղեկատու ու ճշտեք, ես հո ձեզ հեռախոսահամար տրամադրո՞ղ չեմ, ես այստեղ միայն պետերի հետ եմ շփվում ու միայն պետերի համարներն ունեմ»: Երբ մասնավորեցրինք, որ մեզ հենց տրանսպորտի վարչության պետի պարզաբանումներն են պետք, Ա. Առաքելյանը, առանց շունչ քաշելու՝ շարունակեց. «Վարչության պետը իր գործերը հո չի՞ թողնելու՝ ձեզ պատասխանի, նա զբաղված մարդ է, իր գործերն ունի»: Մեր դիտարկմանը, որ քաղաքապետարանում, փաստորեն, նման փոփոխություններ են եղել ու պետ-պետ են խաղում, բարձր ու ցածր բաժիններ են գործում, վարչության պետը պատասխանեց. «Այո, այստեղ լուրջ փոփոխություններ են եղել, մենք լատվամիջոցների հետ շփվելու ենք ավելի քաղաքակիրթ տարբերակով, հարցը գրավոր կուղարկեք մեր mail-ին, մենք կփոխանցենք համապատասխան բաժին, ձեզ կպատասխանեն, ոչ թե մարդիկ իրենց գործերը թողած՝ ձեր զանգերին պատասխանեն»:

Նկատենք, որ պետական կառույցները լրատվամիջոցներին պարտավոր են տեղեկություններ տրամադրել ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր: Ինչ վերաբերում է լրատվական բաժինների եւ դրանց պետերի գործառույթներին, նրանց պարտավորությունների մեջ է մտնում լրատվամիջոցներին տվյալ կառույցի վերաբերյալ ցանկացած տեղեկություն տրամադրելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել