Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Սփյուռք կապ չկա՞

Սեպտեմբեր 29,2009 00:00

Ըստ ՀՀ առաջին նախագահի՝ չի կարելի ազգային խնդիրներն առանձնացնել պետականներից

«Եթե Սփյուռքը ճիշտ արձագանքեր 2008 թվականի նախագահական ընտրություններին, մարտի 1-ի իրադարձությունների, քաղբանտարկյալների առկայության փաստին, չհանդուրժեր դրանք, ապա արտաքին քաղաքականությունում չէր լինի այս վտանգավոր պահը»,- սեպտեմբերի 26-ին՝ շաբաթ օրը, ելույթ ունենալով համահնչակյան 19-րդ համագումարի հանդիսավոր բացման արարողության ժամանակ՝ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայ-թուրքական եւ ԼՂՀ հարցերում զարգացումների նման իրավիճակն, ըստ առաջին նախագահի, ածանցյալ է հենց ներքաղաքական այդ խնդիրներին. «Չի կարելի, այսպես կոչված, ազգային խնդիրներն առանձնացնել պետության հիմքը կազմող, պետության գոյությունը պայմանավորող սկզբունքներից»: Ի դեպ, առաջին նախագահի ելույթը ներկաները ողջունել են հոտնկայս ծափահարություններով, բացի ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանից եւ ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանից: Վերջիններս համագումարը հարգել են միայն իրենց ներկայությամբ՝ ի տարբերություն ՀԱԿ անդամ կուսակցությունների այլ ներկայացուցիչների, ովքեր գործող վարչախմբին ուղղված քննադատական ելույթներ են ունեցել:

Իսկ երեկ «Հայացք» ակումբում ՍԴՀԿ Ամերիկայի շրջանի վարիչ մարմնի ատենապետ Համբիկ Սառաֆյանը հայտարարել է, թե պետք է պետական քաղաքականություն լիներ, որպեսզի «Սփյուռք-հայրենիք հասկացողություն լիներ»: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ներկայիս փուլի մասին՝ նա կարծիք է հայտնել, որ պետական շահերից ելնելով՝ Հայաստանը մի օր պետք է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատեր, բայց ընդգծել է Սփյուռքի տեսակետը. «Մինչեւ Թուրքիան ցեղասպանությունը չճանաչի, նրա հետ հարաբերություններ չեն հաստատվի: Հայաստանի համար, գուցե, այնպիսի ժամանակ է, որ պետականորեն դա նպաստավոր չէ. Սփյուռքը հավաքականություն է, իսկ Հայաստանը՝ պետություն: Որպեսզի պետության եւ Սփյուռքի միջեւ հակասություն չառաջանար, հարկավոր էր, որ կապ լիներ, որ բացատրեին իրար՝ ինչը ինչի համար է արվում: Գոնե այս մի տարվա ընթացքում պիտի այդ կապը հաստատելով զբաղվեին, ոչ թե նախագահը հիմա, արձանագրություններից հետո, Սփյուռք գնար»: Ավելին, բանախոսը նախագահի սփյուռքյան հանդիպումների առիթով իր մտավախությունն է արտահայտել. «Այցը կվերածվի PR ակցիայի, եւ երբ հանդիպումներ լինեն, նկատեն մի քանի խոսքեր, առանց Սփյուռքի կարծիքն արտահայտելու ասեն, որ նախագահը գնաց Սփյուռք, հանդիպեց Սփյուռքի հետ, եւ Սփյուռքը համակարծիք է, ու մեր առաջադրած հարցերը լուսաբանում չեն ստանա»: Նա նաեւ հավելել է, որ Սփյուռքում չկան կազմակերպություններ, որոնք հավանության արժանացնեն նախաստորագրված արձանագրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել