Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒ ՀՅԴ-Ն ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Սեպտեմբեր 29,2009 00:00

Երեկ «Փաստարկ» ակումբում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ կանխելու համար հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրումը, «Ժառանգությունը» համագործակցելու է Հայ հեղափոխական դաշնակցության հետ՝ ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս՝ տարբեր ակցիաների միջոցով: Կուսակցությունների նախնական խորհրդակցությունների արդյունքում արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ: «Կարծում եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք ավելիին, քան դա հնարավոր կլիներ առանձին գործելու պարագայում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: ՀԱԿ-ի հետ համագործակցության պայմանավորվածություններ դեռ չկան, բայց՝ «ուրախ կլինենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները նույնպես միանան մեր ընդհանուր քայլերին»,- ասաց բանախոսը:

Ի դեպ, երեկ արձանագրությունները հանրաքվեի դնելու պահանջով «Ժառանգությունը» դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին: Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ այդ հանրաքվեի միջոցով նախագահը նաեւ կապացուցի, որ ինքն ունի այն վստահության քվեն, որով կարող է խնդիրը նման ճանապարհով լուծելու իրավունք վերապահել իրեն: «Բացասական պատասխան ստանալուց հետո ցանկացած նախագահի այլ բան չի մնում անել, քան հեռանալ»,- հայտարարեց պարոն Սաֆարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել