Լրահոս
Օրվա լրահոսը

«Կներեք, որ կաշառք եմ վերցրել»

Սեպտեմբեր 29,2009 00:00

\"\"Զղջում է Երեւանի տնտեսագիտական համալսարանի դասախոս, պրոֆեսոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Ճուղուրյանը:

Ինչպես տեղեկացրել էինք «Բռնել են կաշառակեր դասախոսի» լուրում («Առավոտ», 26 սեպտեմբերի), անցյալ շաբաթ ԱԱԾ աշխատակիցների կողմից 4000 դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էր Երեւանի տնտեսագիտական համալսարանի դասախոս, պրոֆեսոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Ճուղուրյանը: ԲՀԿ լրատվական ծառայության ղեկավար Բաղդասար Մհերյանն «Ա1+»-ին հայտնեց, որ նա դեռ օգոստոսին կուսակցության կարգապահությունը խախտելու եւ անհարիր վարքագիծ դրսեւորելու համար քաղխորհրդի նիստով հեռացվել էր քաղխորհրդի կազմից եւ կուսակցությունից: Սակայն այդ մասին ժամանակին տեղեկատվություն, չգիտես ինչու,  չի տարածվել: 

Երեկ ԱԱԾ-ն հրաժարվեց «Առավոտին» նոր մանրամասներ հաղորդել կատարվածի մասին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ա. Ճուղուրյանը ձերբակալվել է Իսահակյանի արձանի դիմաց՝ Կամերային երաժշտության տան մոտ: Ճուղուրյանը իրենց բուհի հեռակա դեպարտամենտի ֆինանսական ֆակուլտետի «Ապահովագրական գործ» բաժին ընդունելու համար 3 անգամ հանդիպել է վերջերս բանակից զորացրված Տիգրան Միսակի Գրիգորյանին եւ նրա հարազատին: Ձերբակալումից երկու օր առաջ Տիգրանի հարազատները արդեն տեղեկացրել էին ԱԱԾ-ին: 2 օր շարունակ ԱԱԾ-ն «նստել» է Ա. Ճուղուրյանի «պոչին»:

«Առավոտի» տեղեկություններով, Ա. Ճուղուրյանը ԱԱԾ քննիչի միջոցով տեղեկություն է ուղարկել բուհի ղեկավարությանը՝ հայցելով բուհի իր գործընկերների ներողամտությունը: Ի դեպ, դեռ 1,5 տարի առաջ այս դասախոսը ռեկտոր Յուրի Սուվարյանի հրամանով ազատվել էր դեկանի պաշտոնից: Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օր.-ի 311 հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), իսկ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գ. Ավետիսյան) բավարարել է ԱԱԾ քննչական վարչության միջնորդությունը՝ Ա. Ճուղուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել