Այսպես է կարծում Ստեփան Զաքարյանը, իսկ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Սփյուռքի հետ հանդիպումները լինելու են ձեւական բնույթի:
Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր փոփոխությանը վերաբերող հարցերը Սերժ Սարգսյանն առաջիկա շաբաթվա ընթացքում պատրաստվում է քննարկել Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ իր այս շրջագայության եւ քննարկվելիք հարցերի մասին Սերժ Սարգսյանն ասել էր՝ անկախ այն բանից՝ հրապարակված արձանագրությունները կստորագրվեն, թե ոչ, կվավերացվեն, թե ոչ, քննարկումները լավ հարթակ են՝ խոսելու խնդիրների մասին. «Իհարկե, դրանցում կան հուզական երեւույթներ եւ տարրեր, եւ այլ կերպ լինել չի էլ կարող, քանի որ մեր ժողովրդի մի հսկայական հատված հանդիսանում է ցեղասպանության ենթարկված մարդկանց սերունդ: Բացի այդ, սահմանից այն կողմ մեր սրբություններն են, մեր եկեղեցիներն են, մեր մայրաքաղաքն է, իսկ շատ-շատերի՝ նաեւ պապենական տների մնացորդները: Ես սա հասկանում եմ, քանի որ շատ պարագաներում ինքս էլ ներքուստ պայքարում եմ իմ հույզերի հետ: Բայց, այդուհանդերձ, համոզված եմ, որ այս քննարկումներն անհրաժեշտ են»:
Այս՝ գրեթե համահայկական շրջագայությունից մարդիկ տարբեր սպասումներ ունեն: Կարծիքներ կան, որ սրանք հերթական ձեւական քննարկումներ են լինելու, ինչպես եղավ քաղաքական ուժերի հետ քննարկումների ժամանակ: Կարծիքներ կան նաեւ, որ նախագահը բավականին լուրջ քայլ է անում՝ նախաձեռնելով այս շրջագայությունը, եւ անպայման հաշվի կառնի Սփյուռքի կարծիքը, եւ եթե Սփյուռքն ասի ոչ՝ այս արձանագրություններին, ապա մեր երկիրը չի կարող չանսալ համայն հայության ձայնին: Սփյուռքի հետ հանդիպումներից «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը սպասելիքներ չունի. «Կուզեի զուգահեռ անցկացնել կուսակցությունների հետ հանդիպման հետ եւ ասել՝ Սփյուռքի հետ հանդիպումն ավելին չի տալու մեզ, քան այն, ինչ տվեց քաղաքական ուժերի հետ հանդիպումը: Այսինքն՝ ոչինչ չի տալու»: Ըստ տիկին Ալավերդյանի. «Սրանք ոչ թե խորքային քննարկումներ են, այլ՝ ցուցադրական, որ ասեն, տեսեք՝ մենք այնտեղ եւս ինչ-որ բան լսեցինք: Շատ ցավում եմ սա ասելով, բայց իրականությունը սա է: Կներեք, ներսում արդեն մոտ երեք շաբաթ է՝ չենք կարողանում նորմալ կազմակերպել իրական քննարկումը, Հանրապետականի գնահատմամբ՝ «լրջագույն, պատմական եւ քաղաքական բարձր նշանակություն ունեցող» փաստաթղթերի շուրջ: Ուրեմն ի՞նչ պետք է տեղի ունենա սփյուռքահայության կողմից»։
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանի կարծիքով, նախագահը իր այս քայլով եւս մեկ անգամ ապացուցում է, որ հավատարիմ է նախընտրական քարոզչության ժամանակ իր իսկ արտահայտած տեսակետներին. «Եթե հիշում եք, նախագահն ասում էր, որ մենք միասնական ժողովուրդ ենք, եւ խիստ կարեւորում էր Սփյուռքի եւ Հայաստանի ոչ միայն համագործակցությունը, այլեւ միասնականությունը: Գտնում էր, որ մեր նպատակներին մենք միասնական պետք է հասնենք: Ես ասել եմ, էլի կրկնեմ. այս նախագահը, ի տարբերություն նախորդների, սիրում է կարծիքներ լսել, սիրում է խորհրդակցել: Իսկ մարդը, որ ունակ է լսելու, շատ ավելի քիչ հավանականություն ունի սխալվելու, քան չլսող մարդը: Նախագահի այս այցը, համոզված եմ, մեծ քաջություն է պահանջում, որովհետեւ գիտենք՝ մեր Սփյուռքը ինչպիսի տեսակետներ ունի: Սփյուռքը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման նախադրյալ ստեղծելու այս գործընթացին շատ զգացմունքային է մոտենում: Այս առումով նախագահը, իհարկե, շատ ծանր առաքելություն է ստանձնել, բայց համոզված եմ, որ այս համարձակ եւ անհրաժեշտ քայլը կտա իր դրական արդյունքը»: Հետաքրքրվեցինք՝ եթե Սփյուռքն ասի, որ համաձայն չէ այս արձանագրությունների ստորագրմանը եւ փաստարկված ապացուցի, թե ինչու համաձայն չէ, հնարավո՞ր է, որ նախագահը չստորագրի, եւ մեր խորհրդարանը չվավերացնի այս արձանագրությունները: Ստեփան Զաքարյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ այս արձանագրությունների հետ կապված ինքը եւս ունի բազմաթիվ մտահոգություններ. «Եվ մի քանի անգամ կրկնել է, որ ինքն այդպես ոգեւորված չէ այս ողջ գործընթացով, ինքը գտնում է, որ անհրաժեշտ է, բայց մարդը, որը ինքն էլ ունի մտահոգություններ, ինքն էլ առանձնապես ոգեւորված չէ՝ ինչպես ինքն էր ասում, գիտի, որ սա դժվար գործընթաց է եւ կարող է ձախողվել, վտանգներն էլ է նշել, եթե հիշում եք՝ ասել է, որ եթե ձախողվի, թշնամանքն ավելի կխորանա: Ես համոզված եմ, որ եթե Սփյուռքը ներկայացնի փաստարկներ, որոնք իսկապես մտահոգիչ լինեն նախագահի համար, նախագահը հետագա գործելակերպում, իսկ այս ընթացքը երկարատեւ է, որովհետեւ հարցը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում, համոզված եմ, որ նախագահը եթե առաջարկների մեջ տեսնի ռացիոնալ հատիկ, ապա այդ քննարկումներում կլինի համարժեք մոտեցում»:
Փոխանցեցինք «Ժառանգության» ներկայացուցչի տեսակետը, ըստ որի՝ Սփյուռքի հետ հանդիպումները ոչ մի բան չեն տալու եւ լինելու են ձեւական քննարկումներ: Ստեփան Զաքարյանը ի պատասխան ասաց, որ իր կարծիքով՝ «Ժառանգությունը» շատ մեծ սխալ արեց՝ չմասնակցելով քննարկումներին. «Որովհետեւ համազգային նշանակության այս հարցերում ներքին խնդիրները, ներքին պահանջները, մինչեւ վերջ ընդդիմադիր լինելու այս մտածելակերպը արտաքին հարցերում տեղին չեն: Ես ոչ մի ձեւականություն չեմ տեսնում, որովհետեւ սրանք այն հանդիպումներն են, որոնք հեշտ չեն լինելու նախագահի համար՝ իսկապես, դա նախագահից պահանջում է քաջություն, համարձակություն եւ իր տեսակետների հանդեպ վստահություն: Եթե նախագահն այդ ամենը չունենար, հաստատ չէր գնա այս հանդիպումներին»: Անձամբ Ստեփան Զաքարյանի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման այս նոր շրջանը «մի գործընթաց է, որը միայն Հայաստանին եւ Թուրքիային վերաբերող գործընթաց չէ, սա վերաբերում է թե ԵՄ-ին, թե ԱՄՆ-ին, թե ՌԴ-ին, եւ այս գործընթացից ետ կանգնելն այս պահին Հայաստանին բոլորովին ձեռնտու չէ: Եթե կան խնդիրներ, կան մտահոգություններ, իսկ այդ մտահոգությունները նախագահը եւս ունի, ուրեմն արձանագրությունների ստորագրումից հետո շատ երկարատեւ ընթացք կա: Ես համոզված եմ, որ այդ ընթացքում պիտի ձգտել այդ մտահոգությունները շտկել, մեջլիսի քննարկումներին հետեւելով՝ փոխել եւ գնալ առաջ: Իսկ չստորագրել այդ արձանագրությունները, կարծում եմ, Հայաստանի կողմից շատ կոպիտ սխալ կլինի»: