Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԻԿՈՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑՆ ԱՆԱՉԱՌ ՉԷՐ»

Սեպտեմբեր 29,2009 00:00

\"\"Վստահ են ընդդիմադիրները՝ համոզված լինելով, որ ԱԺ փոխնախագահը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է փոխանցել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, որը նաեւ գլխավորում էր «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Համաձայն ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության, Նիկոյանը ներկայացրել է նաեւ իր գլխավորած հանձնաժողովի կատարած աշխատանքները եւ ասել, թե՝ «զեկույցը ավելի մեղմ ընդունվեց, քան ինքը սպասում էր», ինչի հիմնական պատճառն այն է, որ «հանձնաժողովն անաչառ գտնվեց տեղի ունեցած բռնությունների, ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության ուսումնասիրության հարցերում,   իր առջեւ դրված խնդիրները հիմնականում լուծեց եւ տվեց հստակ  պատասխաններ: Հանձնաժողովը փաստերը քննելիս միշտ հիմնվել է կոնկրետ աղբյուրների վրա՝ զերծ մնալով կամայական մեկնաբանություններից ու եզրակացություններից: Ահա թե ինչու առայժմ ոչ մի փաստարկված քննադատություն չկա ո՛չ իշխանական եւ ո՛չ էլ ընդդիմադիր թեւից»,- ասված է պաշտոնական լրատվության մեջ: Պաշտոնական հաղորդագրության վերջում նաեւ հավելում կա, թե՝ Սեմնեբին շնորհակալություն է հայտնել «կատարված համապարփակ ու մանրակրկիտ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով  զեկույցի կանխարգելիչ նշանակությունը»: Նկատենք, սակայն, որ մեծածավալ զեկույցը դեռ անգլերեն թարգմանված չէ, եւ պարոն Սեմնեբին էլ, դժվար թե, այդ փաստաթուղթը հասցրել է կարդալ:

Թե որքանով է հանձնաժողովի զեկույցը «անաչառ» կամ օբյեկտիվ եւ արդյոք այն իսկապես մե՞ղմ է ընդունվել ու փաստարկված քննադատության չի՞ արժանացել՝ վկայում է այն, որ հանձնաժողովի երկու անդամները՝ ԱԺՄ ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանն ու ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, հրաժարվել են դրա տակ ստորագրել՝ այդպիսով իրենց անհամաձայնությունը հայտնելով փաստաթղթի վերաբերյալ, ՀՅԴ ներկայացուցիչներն էլ ստորագրելով հանդերձ, հանդես են եկել «հատուկ կարծիքով», իսկ «Ժառանգությունը» հենց ԱԺ-ում քննարկման ժամանակ էր շատ սուր եւ փաստարկված քննադատության ենթարկել զեկույցը եւ անհրաժեշտ էր համարել ստեղծել նոր ժամանակավոր հանձնաժողով՝ լրացուցիչ լիազորություններով:

ՆԺԿ նախագահ Ա. Կարապետյանը դեռ ուրբաթ օրը «Առավոտի» հետ զրույցում հակադարձելով Նիկոյանի այս հայտարարությանը՝ ասաց. «Եթե հանձնաժողովի եզրակացությունն այդքան լավն ու անաչառ լիներ, ես կստորագրեի դրա տակ: Չեմ ստորագրել՝ ելնելով այն բանից, որ զեկույցը անաչառ, օբյեկտիվ չի եղել, իշխանական տեսակետը այնտեղ ավելի շատ է ներկայացված եղել: Իսկ զեկույցի վերաբերյալ շատ փաստարկված քննադատություն պարունակող զեկույց մենք կհրապարակենք երկուշաբթի օրը»: Ինչ վերաբերում է Սեմնեբիի անունից փոխանցված հայտարարությանը, ապա Ա. Կարապետյանի կարծիքով, զեկույցը կանխարգելիչ նշանակություն ունենալ չի կարող, որովհետեւ եզրակացությունն անաչառ չէ: «Եթե եզրակացության մեջ անաչառորեն նշված լիներ, թե ինչի՞ հետեւանք էր «Մարտի 1»-ը, այն կանխարգելիչ կարելի էր համարել, բայց քանի որ անաչառ չէ՝ նման նշանակություն ունենալ չի կարող: Իսկ մեր զեկույցում կա գլխավոր կանխարգելիչ միջոցառման կոնկրետ առաջարկ՝ Հայաստանում անցկացնել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Դա նման դեպքերը կկանխարգելի»,- վստահեցրեց նա՝ հավելելով, որ «պարոն Սեմնեբին ուղղակի շատ կրթված մարդ է, ուստի՝ չկարդացած փաստաթղթի վերաբերյալ նման հայտարարությունը, ըստ ամենայնի, դիվանագիտական ժեստ է»:

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանն էլ ասաց, թե 138 էջանոց փաստաթղթին ծանոթանալու եւ դրա վերաբերյալ փաստարկված քննադատություն հնչեցնելու համար նախ՝ ժամանակ էր անհրաժեշտ, որովհետեւ հակառակ դեպքում դա անլուրջ վերաբերմունք կլիներ: «Հանձնաժողովը չի կատարել իր լիազորություններով սահմանված շատ գործողություններ՝ նպաստելով սպանությունների կոծկմանը: Եվ փաստաթղթում առկա ստերի ու կեղծիքի գունդը Նիկոյանը փորձել է ներկայացնել եվրոպացիներին որպես անաչա՞ռ զեկույց: Չե՛նք թողնելու»,- ասաց Վլ. Կարապետյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ն էլ առաջիկայում հնարավորություն է ունենալու հանդիպելու այդ նույն պատվիրակության հետ, եւ այդ ժամանակ կներկայացնի իր նախնական առարկությունները «հանձնաժողովի հրապարակած եւ իրենից կեղծիք ներկայացնող փաստաթղթի վերաբերյալ: Մենք կփորձենք նաեւ Սեմնեբիից պարզաբանումներ ստանալ ԱԺ-ի տարածած եւ նրան վերագրված հայտարարության առնչությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել