Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՅԱՆՔԻ ԷՋԵՐԻՑ»

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ լույս է տեսել Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից» գիրքը, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ Թեքեյան մշակութային կենտրոնում: Գրքի թարգմանիչն ու խմբագիրն է Արտաշես Մարտիրոսյանը: Ներկայացված են բանաստեղծի բազմանդամ ընտանիքի հայտնի ու անհայտ էջերը՝ հիմնված հուշերի, նամակների եւ օրագրային գրառումների վրա: Թումանյանի երեխաները նամակագրություն են ունեցել եւ՛ միմյանց, եւ՛ ծնողների հետ, որը բանաստեղծի կողմից հաստատված կարգ էր:

Գրքի առաջին մասում ներկայացված է Թումանյանի ընտանիքը՝ իր կենցաղով, սովորույթներով, բարքերով եւ հյուընկալված նշանավոր մարդկանցով: Երկրորդ մասը նվիրված է Թումանյանի զավակներին: Կան բազմաթիվ նկարներ ու նամակներ, որ առաջին անգամ է հրատարակվում: «Գիրքը գրել եմ շատ արագ, մոտ մեկ տարվա ընթացքում, փորձեցի վերացնել այն մոտեցումը, թե Թումանյանը եղել է միայն մեծ բանաստեղծ, փիլիսոփա, նա առաջին հերին եղել է լավ մարդ, հոգատար ամուսին եւ հայր: Ցավոք, նա չկարողացավ ավարտել այն, ինչին ուզում էր հասնել, միշտ ասում էր՝ ինչ-որ գրել եմ, հիվանդ ժամանակ եմ գրել ու ասում էր՝ երանի մի տուն ունենամ, որտեղ կհավաքեմ իմ երեխաներին, կունենամ իմ գրադարանը»,- նշեց Ի. Սաֆրազբեկյան:

Նախաձեռնության հեղինակներից մեկը՝ Սերգեյ Երիցյանն էլ ասաց. «Գիրքը հնարավորություն է տալիս Թումանյանին նայել նաեւ նրա ժամանակակիցների հայացքով: Թումանյանը արդիական է այսօր: Կարդալով նրա հրապարակախոսությունը, կածում ես՝ երեկ է գրվել: Հետաքրքիր է իմանալ, թե իր ժամանակակիցները ինչ խոհեր, մտորումներ են ունեցել Թումանյանի մասին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել