Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես մարդ եմ»

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"հարավկովկասյան կինոփառատոնը կայացավ Կապանում

Սեպտեմբերի 24-ին Կապանում հանդիսավոր փակման արարողությամբ ավարտվեց «Ես մարդ եմ» խորագիրը կրող հարավկովկասյան կինոփառատոնը, որը մեկնարկել էր սեպտեմբերի 22-ին՝ «Ասիլ» (Ղրղըզստան) եւ «Սատանային նորից իր որջը տար» (ԱՄՆ) վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ: Կինոփառատոնը Կապանում անցկացվում էր առաջին անգամ եւ տեւեց 3 օր: Հասարակությունը հնարավորություն ստացավ դիտելու հայերեն թարգմանությամբ ներկայացվող «Ընձուղտն անձրեւի տակ» (Բելգիա եւ Ֆրանսիա), «Աշխատող մայրիկը» (Իսրայել, Բոլիվիա եւ ԱՄՆ), «Մոռացված խենթերը» (Նիդեռլանդներ), «Ինն աստղանի հյուրանոցը» (Իսրայել) ֆիլմերը: Բոլոր նկարներն էլ խաղաղությանն ու մարդու իրավունքների հիմնախնդիրներին էին վերաբերում եւ դրանց դիտմանը հետեւում էին քննարկումներ, ուր հնչող կարծիքները շատ տարբեր էին ու շատ հաճախ էլ՝ հակասական: Կապանցի հանդիսատեսի դատին հանձնված ֆիլմերի ընտրությունը կատարել էր կապանյան փառատոնի կազմակերպիչ՝ Կապանում գործող «Երկյակ» հ/կ-ն: Հ/կ նախագահ Արմեն Դավթյանի խոսքերով, ֆիլմերի ընտրության ժամանակ հաշվի է առնվել, որ Կապանը տարիներ առաջ պատերազմական իրադարձությունների կենտրոնում է եղել:

Կինոփառատոնի շրջանակներում Կապանի դպրոցներում կազմակերպվել էր նաեւ «Ես մարդ եմ» խորագրով գեղանկարների մրցույթ, որին մասնակցած բոլոր դպրոցականներին շնորհվեցին շնորհակալագրեր, իսկ լավագույն աշխատանքներ ճանաչված 4 գեղանկարների հեղինակներին հանձնվեցին 10-հազարական դրամ պարգեւներ եւ հուշանվերներ՝ կապանյան փառատոնի կազմակերպչի եւ ԵԱՀԿ զարգացման ծրագրերի Կապանի մարզային գրասենյակի կողմից: Շնորհակալագրերի արժանացան նաեւ փառատոնի կազմակերպանն ու կայացմանն աջակցածները:

Կապանյան ծրագրին ներկա էին նաեւ վրացի հյուրեր, ովքեր գտնում էին, որ ֆիլմերում արծարծված խնդիրները համամարդկային բնույթ են կրում, եւ որքան էլ կովկասյան երկրները տարբերվեն միմյանցից, այնուամենայնիվ, կան տարածաշրջանի բոլոր երկրների համար ընդհանրություններ: «Այս աշխարհում պետք է ապրել մարդկայնորեն: Ոչ մի նշանակություն չունի՝ վրացի ենք, թե հայ, մենք բոլորս մարդ ենք եւ ապրում ենք մի աշխարհում եւ առաջին հերթին պետք է ձգտել դեպի խաղաղություն եւ ապրել ու արարել այդ խաղաղ աշխարհում»,- ասում է կինոխմբի տեխնիկական տնօրեն Մամուկա Բեղվիաշվիլին:

Լուիզա Պողոսյանը, ով փառատոնի համակարգողն է Հայաստանում ու մասնակցել է հանրապետության մյուս քաղաքներում անցկացվող կինոփառատոնի ծրագրերին, նշում է, որ փառատոնը ազատ դաշտ է, քննարկումները տարբեր վայրերում տարբեր էին, բայց բոլորը հանգում էին նույն եզրակացության՝ խնդիրը մեկն է ու ընդհանրական: «Մենք մարդ ենք ու մենք կատարյալ չենք: Ու բոլոր այն մարդկանց խնդիրները, դրանց դեմ անվերջ պայքարը, որոնք խտացված են մեկ օրվա մեջ եւ ներկայացված ֆիլմում, դրանք բոլորինս են՝ փոքր մարդու, մարդկության աշխարհի խնդիրներն են: Շատ հաճախ մեզնից շատերը չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում «Ես մարդ եմ», նույնիսկ իմ պարագայում շատ հարցականներ են առաջանում, երբ ամեն անգամ փորձում եմ պատասխանել այդ հարցին»,- ասում է զրուցակիցս:

«Ես մարդ եմ» հարավկովկասյան կինոփառատոնի կազմակերպիչները գտնում են, որ «Աշխարհը մեկն է, եւ կինոյի լեզուն սահմաններ չի ճանաչում. աշխարհի տարբեր վայրերում ապրող մարդկանց ճակատագրերում, խաղաղության եւ արդարության համար մղվող նրանց պայքարում հանդիսատեսը կարող է տեսնել իրեն: «Ես մարդ եմ» հարավկովկասյան փառատոնի այս ֆիլմերը դառնում են իրականություն, իսկ իրականությունը՝ ֆիլմ…

Ապրենք մեր իրականությունում ու փորձենք արժեւորել մեր կյանքը, կիսենք աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց հոգսերն ու միշտ հիշենք, որ «Մենք մարդ ենք…»:

Կինոփառատոնը ավարտվեց, բայց եկող տարի այն կրկին կհյուրընկալվի Սյունիքի մարզկենտրոնում, իսկ առաջիկա օրերին կինոփառատոնը կանգառներ կունենա Հայաստանի այլ քաղաքներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել