Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԸ

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"Այսօր մոտ 20 000 բնակիչ ունեցող Իջեւանը ժամանակին մի փոքր թաղ էր: Հին Իջեւանը Ժամի թաղ անվամբ թաղամաս է նոր քաղաքում եւ առանձնանում է մյուսներից իր ավանդույթներով, կոլորիտով եւ հետաքրքիր մարդկանցով: Այստեղ բոլորը ճանաչում են իրար, ապրում են մեկը մյուսի հոգսերով ու ուրախություններով: Իջեւանը մեկ համայնք է, ունի քաղաքապետ եւ ավագանի, իսկ Ժամի թաղում բնակիչները խորհուրդ են ձեւավորել եւ նրան վստահել բնակիչների համար տարատեսակ խնջույքներ, էքսկուրսիաներ, մրցումներ կազմակերպելու պատասխանատու գործը: Ժամի թաղում հարցին լուրջ են վերաբերվում եւ պարգեւներ ու մրցանակներ են սահմանել: Օրինակ, թաղի ամենատարեց, ամենաբանիմաց մարդու ու բարի խորհրդատուի պատվոգրի ու հուշանվերի է արժանացել Նարիման Թանանյանը, թաղամասի ամենակարգապահ ու ամենաօրինակելի երիտասարդը Ռոբերտ Էդիլյանն է, ով էլ պատվոգիր եւ նվեր է ստացել:

Ժամի թաղի ամենաբարերարը՝ թաղամասում ծնված-մեծացած, այժմ ուկրաինաբնակ գործարար Անդրանիկ Ղազարյանն է, ով հովանավորել է Ժամի թաղի նորակառույց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարությունը: Գնահատվել է երկար տարիներ բարեխղճորեն թաղային լիազոր աշխատած Հայկ Մանուչարյանի վաստակը: Իսկ Սարիբեկ Ներսիսյանը ճանաչվել է լավագույն մարզասեր. նա ոչ միայն սիրում է սպորտը ու լավագույն երկրպագու է, այլեւ, որպես սպորտի լավագույն գիտակ, թաղի մարդկանց ծանոթացնում է մարզաշխարհի նորություններին:

Թաղամասում կազմակերպչական աշխատանքներ տանելու եւ թաղամասի վարկը բարձր պահելու համար մրցանակի է արժանացել նաեւ Արշավիր (Շեկ) Թադեւոսյանը:

Ժամի թաղում քաղաքականությունն էլ կա. բնակիչները հավաքվում են, քննարկում քաղաքական զարգացումները, օպերատիվ արձագանքում դրանց եւ կարծիք հայտնում: Ու հուրախություն բոլորիս, Ժամի թաղում չկա քաղաքականության հայկական տարատեսակին բնորոշ անհանդուրժողականություն: Իջեւանի Ժամի թաղում մարդիկ ապրում են համախմբված, միակամ ու թաղի հեղինակության հարցում՝ պատվախնդիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել